Ռեփեր Դավոյի ռեժիսորական դեբյուտը «Անում եմ այն, ինչ սիրում եմ». Դավո Ռեփեր Դավոն ամեն ինչով է հետաքրքրվում՝ սկսած լուսանկարչությունից մինչեւ պրոդյուսինգ: Այս անգամ ուժերը փորձում է ռեժիսուրայում: «Մեր ընկեր Գեւորգին ես ու ԴերՀովան պետք է օգնեինք առաջին տեսահոլովակի նկարահանման աշխատանքներում: Ենթադրվում էր, որ ուրիշ ռեժիսոր պետք է նկարահանի: Սակայն այնպես ստացվեց, որ Գեւորգը մեր գաղափարներն ավելի հավանեց, ու տենց դարձա այս տեսահոլովակի ռեժիսորը»,- ասում է Դավոն, ով հանդիսանում է նաեւ երգի խոսքերի հեղինակը, իսկ ԴերՀովան՝ երաժշտական գործիքավորման: Դավոն շատ է սիրում ռեժիսորի գործը, հաճախ է մասնակցել եւ մասնակցում տեսահոլովակների, սերիալների նկարահանումներին եւ, ինչպես ինքն է ասում, փորձում է ամեն տեղ «քիթը խոթել», պետք լինի` տեսախցիկ էլ «քաշ» կտա: Սա Դավոյի ռեժիսորական առաջին գործն է, ինչի համար էլ լարված է. «Կողքից օգնող չկա, հետեւաբար այս գործն ինձ համար շատ կարեւոր է ու պարտավորեցնող: Երգն էլ է պարտավորեցնող. Գեւորգի առաջին տեսահոլովակն է, պետք է ճիշտ ու լավ ներկայացնել նրան, որ PR-ի առաջին քայլը լավ լինի»: Դավոն ասում է՝ երգը մի ինքնահավան տղայի մասին է, որին ընկերուհին բռնացրել է դավաճանելիս, սակայն վերջինս միեւնույն է սիրում է ընկերուհուն: Երգի բովանդակությանն էլ համապատասխանում է տեսահոլովակը: «Մենք ստեղծել ենք տնային տեսարան, որտեղ վիճում են Գեւորգն ու ընկերուհին: Վերջը ավարտում ենք “happy end”-ով. աղջիկը ներում է Գեւորգին»,- պատմում է Դավոն ու ավելացնում, որ դեմ է անկողնային տեսարաններին. «Տեսահոլովակներում չպետք է լինեն մերկ մարմիններ, ես դա չեմ սիրում: Տեսահոլովակը միշտ պետք է հետաքրքիր լինի»: Ռեփեր Դավոն հայկական շոու-բիզնեսի ռեժիսորներից հավանում է իր տեսահոլովակների ռեժիսոր Արեն Բայադյանին եւ Գոգա Խաչատրյանին: Դավոն ասում է` եթե այս տեսահոլովակից հետո մեկն իրեն առաջարկի եւ վստահի տեսահոլովակ նկարել՝ չի հրաժարվի: Հետագայում պատրաստվում է նաեւ իր երգերի տեսահոլովակների ռեժիսոր դառնալ: «Ես ֆիլմեր նայելու մեծ հոբբի ունեմ, իմ՝ կադրի ընկալումը գալիս է հենց դրանից»,- ասում է Դավոն ու նշում, որ չի պատրաստվում ֆիլմեր նկարահանել, քանի որ, իր կարծիքով, ֆիլմ նկարելու համար պետք է իսկական ռեժիսոր լինել. «Ամեն մարդ իր գործով պիտի զբաղվի: Տեսահոլովակ նկարելուց մարդու աչքը կարող ես խաբել, մոնտաժ անել եւ այլն, սակայն կինոն լուրջ բան է, որը չեմ կարծում` վերցնեմ իմ վրա»: «Ռեժիսորությունը կլինի հոբբի, պրոդյուսերությունը՝ փող աշխատելու միջոց, իսկ ռեփը` սիրած աշխատանք». Դավո Դավոն ասում է` ռեժիսորի գործը հոբբի է, իսկ ավելի լուրջ իրեն պատկերացնում է պրոդյուսերի դերում. «Շուտով իմ սեփական ստուդիան եմ բացելու: Ձայնագրվելու եմ ոչ միայն ես, այլեւ կփորձեմ ուրիշներին օգնել: Ես ունեմ տաղանդավոր ընկերներ, ովքեր գումարային խնդիրների պատճառով չեն կարող ինչ-որ գործ անել: Ես էլ կօգնեմ նրանց ու հանդես կգամ որպես փոքր պրոդյուսերիկ ու կզբաղվեմ նրանց PR-ով»: Դավոն ցանկանում է լինել մի պրոդյուսեր, ով նորերին գտնում է եւ, զրոյից սկսելով, առաջ տանում. «Իմ վերջնական նպատակն է պրոդյուսեր դառնալ, ի սկզբանե դա է եղել, երբ դեռ նոր էի սկսել ռեփ կարդալ: Պրոդյուսերը միշտ պետք է ճիշտ գնահատի իր կարողությունները, ապա դիմացինինը, այդ դեպքում արդեն գործը սկսելուց հետագա մանր-մունր քայլերը հեշտ են ստացվում»: Ռեփեր Դավոն կմնա կադրից դո՞ւրս «Զբաղվելով պրոդյուսինգով՝ ես հաստատ կադրից դուրս կլինեմ, սակայն շարունակելու եմ գրել, ձայնագրվել: Պարզապես ավելի շատ աշխատելու եմ նեղ մասսաների համար: Կան երգեր, որ գրում եմ, բայց չեմ թողարկում: Ես դա ինձ համար եմ անում ու դրանից հաճույք եմ ստանում»,- ասում է Դավոն ու ավելացնում. «Ես անում եմ այն, ինչ սիրում եմ, ամենասիրածս գործը միշտ կմնա երաժշտությունը: Ռեժիսորությունը կլինի հոբբի, պրոդյուսերությունը՝ հուսամ փող աշխատելու միջոց, իսկ ռեփը կլինի սիրած աշխատանք»: Դավոն մաթեմատիկոսի դիպլոմ ունի, որին ցանկանում է ավելացնել եւս մեկը. «Հուսամ` 4 տարի հետո կունենամ ռեժիսորի դիպլոմ: Հիմա փորձում եմ ընդունվել Թատերական համալսարանի արվեստի կառավարման բաժին»: ԴերՀովան Դավոյի ռեժիսորական եւ պրոդյուսերական ձգտումների մասին դրական կարծիք ունի. «Վատ չի, մտքերը կան, ուղղակի փորձ է պետք: Ամեն ինչ նոր է նրա համար, ինձ թվում է` կստացվի, քանի որ Դավոյի մեջ էդ դրայվը կա»: Իսկ ռեփեր Գեւորգը, ով վստահել է իր առաջին տեսահոլովակը Դավոյին, ասում է. «Եթե լավ կանխատեսումներ չլինեին, այս համագործակցությունը չէր լինի: Ընկերական շրջապատով հավաքվել ենք, որ մի լավ բան անենք»: Տեքստը եւ լուսանկարները` Լուսին Moon Պառավյան /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: