«Նկարում ենք Լա Լա Լենդ» մյուզիքլի դերասաններ Մարիամ Շահինյանը եւ Ներսես Ավետիսյանը Էմմա Սթոունից եւ Ռայան Գոսլինգից հետո լավագույն Միան ու Սեբաստիանն են, որ կարելի է պատկերացնել բեմում:
Շահինյանը Bravo.am-ի hետ զրույցում պատմել է, որ Միային անչափ հեշտ է մարմնավորել, քանի որ շատ ընդհանրություններ ունեն:
Посмотреть эту публикацию в Instagram
«Ավելի նման կերպար դժվար է գտնել, քանի որ Միան ինձ ամեն ինչով է նման: Երկուսս էլ ստեղծագործող դերասանուհիներ ենք. նա պիեսներ է գրում, իսկ ես՝ երաժշտություն ու երգեր: Նրա խոցելիությունն ու երազանքին հասնելու պատմությունը շատ զուգահեռներ ունեն իմ անձնական կյանքի հետ: Ներկայացման մեջ տեղի ունեցող բոլոր դրվագներն անխտիր եղել են նաեւ իմ կյանքում»,- անկեղծացել է նա։
Դերասանուհին խոստովանել է, որ մյուզիքլն արդիական է ու կարեւոր թեմաների է անդրադառնում. «Վերջապես անում ենք մի բան, որն իսկապես 21-րդ դարի է: Թատրոնը, չգիտես ինչու, զբաղված է բաներով, որոնք նախորդ դարերում են եղել: Դրան էլ դեմ չեմ, բայց զուգահեռ պիտի լինեն գործեր, որոնք շոշափում են այսօրվա թեմաները, հարցերն ու մարդկանց: Այս ներկայացումը կարեւոր հարցեր է լուծում թատերական աշխարհում»:
Շահինյանը նշել է, որ մասշտաբային մյուզիքլը կյանքի կոչելու համար բոլորը հսկայական աշխատանք են կատարել. «Անչափ շնորհակալ եմ նաեւ բեմի հետեւում անտեսանելի, բայց անփոխարինելի աշխատանք կատարողներին: Թատրոնի հրաշքը երբեք միայն բեմի վրա չի ծնվում. այն ստեղծում են բազմաթիվ մարդիկ՝ յուրաքանչյուրն իր կարեւոր ու անփոխարինելի ներդրմամբ»։
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում «Նկարում ենք Լա Լա Լենդ» մյուզիքլի յուրաքանչյուր ներկայացման ժամանակ դահլիճի էմոցիաներն ու արձագանքները հենց այնպիսին են, ինչպիսին Շահինյանը պատկերացրել էր։
«Շատ հուզված եւ ուրախ եմ, որ հանդիսատեսը լավ է ընկալում յուրաքանչյուր խոսքն ու միտքը։ Մյուզիքլի երգերը ես եմ թարգմանել, ինչպես նաեւ նրա ոգուց ու տրամադրությունից ելնելով՝ երեք երգ էլ հատուկ ներկայացման համար եմ գրել»,- պատմել է նա։
Դերասանուհին ուրախ է, որ բեմում իր խաղընկերն է Ներսես Ավետիսյանը։ «Ներսեսը լավագույն խաղընկերն է, որի մասին կարելի է միայն երազել։ Նա աստվածային ձայն ունի»։
Սեբաստիանը վերջին շրջանում Ներսես Ավետիսյանի մարմնավորած դերերից ամենաներդաշնակն է։ Դերասանը կերպարում թեթեւ է, ազատ ու շատ բնական։ Իսկ այսքան հիշվող հերոսին կերտելու համար նա ամիսներ շարունակ աշխատել է բավական հագեցած գրաֆիկով։
«Ծավալուն ու անդադար փորձեր ենք ունեցել, որպեսզի այս հեքիաթը կյանքի կոչվի։ Շատ ուրախ եմ, որ մյուզիքլի շնորհիվ ծանոթացել եմ բազմաթիվ սիրելի մարդկանց հետ ու ընկերներ ձեռք բերել։ Ուրախ եմ նաեւ Մարիամի հետ աշխատելու համար, որը հրաշալի խաղընկեր է։ Միասին ամիսներ շարունակ տառապալից փորձեր ենք ունեցել, բայց երբ սկսեցինք խաղալ ներկայացումը, ամենաշատը հենց այդ հագեցած օրերը սկսեցինք կարոտել։ Մեծ բավականություն եմ ստացել այս աշխատանքից՝ չնայած բավական ծանր, դժվար ու նյարդային օրերին։ Իհարկե, այդ ամենն էլ է անհրաժեշտ. ստեղծագործական խմորումներն օգնում են, որ աշխատանքը կայանա»,- նշել է նա։
Ավետիսյանը խոստովանում է, որ միշտ դժգոհ է մնում իր աշխատանքից, քանի որ գիտի՝ դեռ շատ բան կա բարելավելու: Բայց հույս ունի, որ իրենց հաջողվում է հանդիսատեսին փոխանցել սերն ու ջերմությունը, եւ նրանք գոհ են հեռանում դահլիճից։
10 տարի առաջ նկարահանված ու 6 «Օսկար»-ի արժանացած «Լա Լա Լենդ»-ը դերասանը դիտել է 18 տարեկանում՝ այն համարելով ժամանցային ու թեթեւ ֆիլմ. «Այն սիրել եմ ու որպես անուշ մյուզիքլ նայել: Երբ տարիներ անց արդեն պիեսն էի կարդում, հասկացա, թե առաջին հայացքից այդքան հասարակ թվացող պատմությունը որքան ենթաշերտեր ունի ու ինչքան լուրջ հարցերի է անդրադառնում: Մեր կյանքում էլ հերոսների ունեցած վայրիվերումներն անխուսափելի են»:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի


×
95






