×


Հայկական ռադիոն նշել է 100-ամյակը

Հեռագիր՝ ուղղված Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազնունուն. «Երեւանում Ուժեղ ռադիոկայան կառուցելու համար գումար է անհրաժեշտ»։ Գումարը փոխանցվեց, եւ 1926 թվականի սեպտեմբերի 1-ին հանրապետական նշանակության պետական ռադիոկայանը Երեւանի երկաթուղային կայարանի շենքից եթեր հեռարձակեց 25 րոպե տեւողությամբ առաջին փորձնական հաղորդումը։

Հաղորդավար Սուրեն Քանանյանը, մի քանի անգամ ընդմիջելով երաժշտությունը, հայտարարեց. «Լսեցե՛ք, լսեցե՛ք, խոսում է Երեւանի լայնահաղորդ կայանը», ապա հաղորդեց տեղական նշանակության մի քանի լուր։ Իսկ առաջին ուղիղ ռեպորտաժը կազմակերպվեց 1934 թվականի մայիսի 1-ին՝ Երեւանի Լենինի անվան հրապարակից։


Արդեն 100 տարի եթերում է Հանրային ռադիոն։ Շատերի համար ռադիոյի շենքը պարզապես աշխատավայր չի եղել, եւ պատահական չէ, որ կոչվում է Ռադիոտուն։


Նոյեմբերի 3-ին 100-ամյա ռադիոն Օպերայի եւ բալետի ազգային թատրոնում հոբելյանական համերգով եզրափակեց տոնական միջոցառումների շարքը։ Երեկոն նվիրված էր Հայկական ռադիոյի հարուստ ժառանգությանն ու տարիների վաստակ ունեցող աշխատակիցների մեծարմանը։


Մոտ երկու ժամ Օպերայի բեմը վերածվեց մեծ ռադիոստուդիայի։ 100-ամյա ուղին բեմադրության տեսքով ներկայացվեց հանդիսատեսին։ Ու որպես գործող անձ հանդես եկող ռադիոն պատմեց, որ պարզապես լրատվամիջոց չէ, այլ կառույց, որտեղ տարիներ շարունակ նվիրյալ ու հոգատար մարդկանց ջանքերով կրթվել ու դաստիարակվել են սերունդներ: Ռադիոթատրոնները, կրթական, մշակութային եւ մարզական հաղորդումներն ու որակյալ երաժշտությունը դարձել են այդ ճանապարհի անբաժան մասը։


Հոբելյանական համերգի հանդիսավարները տանտերերն էին՝ ռադիոյականներ Արմեն Ամիրյանը, Լիլիթ Աղբալյանը, Լուսինե Մուրադյանն ու Տիգրան Հարությունյանը։


Կան մարդիկ, որոնց անուններն ասոցացվում են ռադիոյի հետ՝ անկախ նրանից՝ նրանք շարունակում են աշխատել այդ ոլորտում, թե ոչ։ Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Արմեն Ամիրյանն այդ մարդկանցից է:

Իմ այս դիտարկմանն արձագանքելով՝ ասում է. «Այդ հարյուրամյակի ավելի քան երկու տասնամյակը եղել եմ ռադիոյի հետ, ու մեր սրտի սերը, ջերմությունը կարողացել ենք ռադիոհաճախականություններով, ռադիոալիքներով փոխանցել մեր ունկնդիրներին»։


Լուրերի մեկնաբան Լիլիթ Աղբալյան. Լինել այս կառույցի մի մասնիկը, երկու տասնամյակից ավելի աշխատել այս լեգենդար կառույցում, որը մի քանի սերունդների կյանքի ուղեկիցն է եղել, ուղղակի հպարտություն է:

Արմեն Ամիրյան. Ռադիոյի ընկերների սերն է մեզ հնարավորություն տվել հասնելու այս օրվան եւ միասին վարելու այս գեղեցիկ հոբելյանական միջոցառումը:


Լիլիթ Աղբալյան. Ռադիոյի մասին շատ լեգենդներ կան, բայց մեր ռադիոն լավն է իր մարդկանցով։ Յուրաքանչյուր անհատ ստեղծել է այդ մթնոլորտը։ Եվ Աստված տա, որ այդ բարի վիճակն ու տան զգացողությունը երկար-երկար պահպանվեն:

Արմեն Ամիրյան. Դե, ռադիոյի լեգենդների հետ նաեւ անեկդոտներ են, չէ՞, պատմում։ Հարցնում են հայկական ռադիոյին՝ ո՞րն է աշխարհի ամենաերաժշտական, ամենաինֆորմացիոն, ամենահետաքրքիր եւ ամենա-ամենա ռադիոն։ Հայկական ռադիոն պատասխանում է՝ շնորհակալություն կոմպլիմենտի համար։


Տիգրան Հարությունյանն արդեն 37 տարի եթերում է։ Այժմ «Սուրճ ու սեր առավոտից» երաժշտական ծրագրի շրջանակում բոլորին բարի լույս է մաղթում, տարիներ առաջ կեսօրին այլ հաղորդում էր վարում, իսկ դժվարին տարիներին նրա ձայնը եթերում հնչում էր նաեւ կեսգիշերին:

«Ես այն հաղորդավարներից եմ, որոնք մութ ու ցուրտ տարիներին մինչեւ կեսգիշեր աշխատում էինք, գնում տուն եւ առավոտյան շուտ նորից գալիս եթեր։ Հարյուրամյա ռադիոն ինձ համար, միեւնույն է, պահպանում է իր մոգական ուժն ու ընկեր լինելու ցանկությունը։ Ռադիոն ինձ համար ընկեր լինելն է ռադիոլսողի հետ»։


Լուսինե Մուրադյանի համար ռադիոն մի մեծ ընտանիք է. «Մենք վաղուց արդեն պարզապես գործընկերներ չենք. նույնիսկ ընտանիքներով ենք ընկերություն անում։ Կարծես մի մեծ համայնք լինենք՝ կուռ, ամուր ու համախմբված, նույն գաղափարներն ու արժեքները կրող։ Եվ այդ ամենը զգացվում է եթերում։ Իսկ 100-ամյա ռադիոն բավական երիտասարդ է, շքեղ, ճոխ եւ ամենակարեւորը՝ բովանդակությունն է նրա գլխավոր արժեքը»:


«Արեւիկ» մանկապատանեկան անսամբլը տարիներ շարունակ եղել է Հայկական ռադիոյի այցեքարտերից մեկը: Այժմ անսամբլը ղեկավարում է կոմպոզիտոր Վահե Հայրապետյանը, որը երկու տասնամյակից ավելի ռադիոյում է:

«Ռադիոն ինձ մեծերի հետ շփվելու հնարավորություն տվեց, որ ինքս էլ ինձ զգամ ռադիոյական։ Իսկ այդ զգացողությունը մնում է մինչեւ կյանքի վերջ»։


Երգչուհի Զարուհի Բաբայանը փոքր տարիքում իր առաջին ձայնագրությունը կատարել է հենց Հանրային ռադիոյում. «Օ՜, գիտե՞ք՝ ինչ հուշեր ունեմ։ Այնքան լավ եմ հիշում բոլոր այն օրերը, որ անցկացրել եմ այդ շենքում, կարելի է ասել՝ աշխարհի ներսում։ Հանրային ռադիոն արդեն մեկ դար բոլորիս մոտ է պահում մշակույթին, հայկական արվեստին, առհասարակ հայությանը»։


Երգիչ Էրիկ Կարապետյանի՝ Թբիլիսիից Երեւան տեղափոխվելուց հետո ստեղծագործական ճանապարհի սկիզբը կապված է հենց Հանրային ռադիոյի հետ. «Մի հետաքրքիր բան ասեմ. մարզերում, երբ մեքենա վարելիս ուզում ես ռադիո լսել, ամեն ռադիոկայան չէ, որ հասանելի է։ Բայց պատահում է՝ հատում եմ Հայաստանի սահմանը եւ անցնում Վրաստան, իսկ մեր Հանրային ռադիոն դեռ շարունակում է հնչել: Այդ պահին մեծ հպարտություն եմ ապրում»:


Ու քանի դեռ ռադիոընդունիչներից հնչում են ծանոթ ձայներն ու երաժշտությունը, ամեն առավոտ կրկին կհնչի նաեւ նույն հարազատ նախադասությունը՝ «Խոսում է Երեւանը...»։

Արմինե Գեւորգյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Հանրային ռադիոյի

Կարդալ ավելին

Quality Sign BW