×


«Սեր փոխանակելու երեկոներ են». Հասմիկ Կարապետյանը՝ մենահամերգի, նոր զուգերգի եւ որդու հուզիչ արձագանքի մասին

Հասմիկ Կարապետյանը շարունակում է ակումբային համերգներով ներկայանալ հանդիսատեսին: Bravo.am-ը երգչուհու հետ զրուցել է համերգային տպավորությունների, «Երազենք» զուգերգի պրեմիերայի, ընտանիքն ու բեմը համատեղելու դժվարությունների, ինչպես նաեւ հանդիսատեսի հետ առանձնահատուկ կապի մասին։

- Ինչպե՞ս անցավ մենահամերգը։

- Շատ էներգետիկ, դրական ու իմաստով լի համերգ էր։ Սիրում եմ շփվել հանդիսատեսի հետ, խորհել, մտորել։ Մի խոսքով՝ իսկապես դրական էներգիայով լի երեկո էր։ Շատ երջանիկ էի, սիրառատ, որովհետեւ իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն. դրանք երեկոներ են, որոնց ընթացքում ես առավելագույն սեր եմ տալիս իմ հանդիսատեսին եւ նույնքան էլ ստանում եմ նրանցից: Կարծում եմ՝ հանդիսատեսս հոգեպես ինչ-որ չափով լիացած է հեռանում։

- Տարիների ընթացքում Ձեր երգացանկում կուտակվել են տասնյակ սիրված հիթեր: Ի՞նչ սկզբունքով էիք ընտրել այս համերգի երգացանկը։

- Երգացանկը կազմելիս մեծ ուշադրություն եմ դարձնում չկրկնելուն, որպեսզի ամեն համերգ հնարավորինս տարբերվի նախորդից։ Առաջին բաժնում ընդգրկում եմ ավելի հիթային եւ դանդաղ տեմպով երգեր, ինչպես նաեւ զուգերգեր, օրինակ՝ Շուշան Պետրոսյանի կամ Անի Ժանեի հետ, որը ժամանակին իմ աշակերտուհին է եղել։

Իսկ երկրորդ մասում ընդգրկում եմ պրեմիերաներ եւ ռիթմիկ երգեր։ Վերջերս շատ ու շատ դիջեյների հետ եմ համագործակցում, օրինակ՝ Գեւորգ Վարդանյանի կամ Դավիթ Մանուկյանի: Վերջինս ռեմիքս է արել «Ես գնում եմ, սիրելիս» եւ «Ես չկամ» երգերս։ Ամեն ինչ անում եմ, որ համերգի վերջում մարդիկ պարեն, ուրախանան, լիցքաթափվեն եւ շատ դրական էներգիայով հեռանան։


- Ո՞ր երգի ժամանակ դահլիճի հետ էներգետիկ կապն ամենաուժեղը զգացվեց։

- Ամենաէներգետիկ եւ մտերմիկ կապը հանդիսատեսիս հետ ստեղծվում է «Ես գնում եմ, սիրելիս» երգի շնորհիվ: Այս հիթը բոլորը սիրում են եւ ինձ թույլ չեն տալիս հանել երգացանկից: Ու ասեմ, որ այն հաճախ չեմ էլ երգում. իջնում եմ դահլիճ եւ այնպես անում, որ հանդիսատեսը երգի։ Փորձում եմ բոլորին ներգրավել։

- Համերգին ունեցաք նաեւ պրեմիերա: Կպատմե՞ք նոր երգի ստեղծման մասին. ի՞նչ պատմություն կամ ապրումներ են ընկած դրա հիմքում։

- Շատ սիրելի, արդեն հարազատ դարձած երգչուհի Յունոնա Ղամբարյանի հետ ներկայացրինք մեր առաջին համատեղ ստեղծագործությունը: «Երազենք»-ի թե՛ խոսքերը, թե՛ երաժշտությունը միասին ենք գրել։ Երգը կարեւոր ուղերձ ունի: Այն երկու երգչուհիների, երկու կանանց մասին է, որոնք երկուսն էլ ուժեղ, պայքարող տեսակներ են: Մենք տարբեր սերունդների ներկայացուցիչներ ենք, բայց շատ նման ենք:

Երգում ասվում է, որ նույնիսկ խավարի մեջ պետք է երազել, չէ՞ որ աստղերը հենց մութ երկնքում են փայլում։ Եթե խավար չլինի, աստղերի փայլն էլ չի երեւա։ Պետք չէ հուսահատվել։ Ես՝ որպես ավագ սերնդի ներկայացուցիչ, ասում եմ. «Դու մի՛ լռիր, հիմա դո՛ւ խոսիր, ես քեզ կօգնեմ փայլել»։ Այսինքն՝ իմ փորձով, գիտելիքներով ու անցած ճանապարհով փորձելու եմ օգնել Յունոնային, որպեսզի նա երգարվեստում փայլի եւ հասնի իր երազանքին։


- Ձեր երգերը տարիներ շարունակ ուղեկցել են մի ամբողջ սերնդի։ Երբ հետ եք նայում Ձեր անցած ստեղծագործական ուղուն, որո՞նք են Ձեզ համար ամենահիշարժան ու բեկումնային պահերը։

- Անչափ շնորհակալ եմ ճակատագրիս այն ամենի համար, ինչ ունեցել եմ։ Ինձ համար մեծագույն գնահատական է, որ սիրվել եմ որպես հեղինակ, իմ երգերի ներքո մեծացել ու սիրահարվել են։

Բեկումնային պահերից առաջինը «Ես գնում եմ, սիրելիս» տեսահոլովակի թողարկումն էր, որից հետո երգը հնչում էր ամենուր։ Հաջորդն «Այս բեմը» ստեղծագործությունն էր, որն ավելի հասուն ապրումների ու տարիքի մասին էր։

Իսկ հաջորդ կարեւոր փուլն այն էր, երբ իմ հեղինակային երգերով սկսեցի մենահամերգների հրավերներ ստանալ արտերկրի հայ համայնքներից: Ինձ հրավիրում էին հենց իմ երաժշտությունը կատարելու, այլ ոչ թե խնջույքային երգեր երգելու։ Փառք Տիրոջը, որ մինչ օրս իմ հնարավորությունների սահմաններում շարունակում եմ արարել։

- Հայկական շոու բիզնեսը վերջին տասնամյակում կտրուկ փոխվել է: Արդյո՞ք չեք կարոտում այն ժամանակները, երբ ամեն ինչ «ավելի պարզ ու մաքուր» էր։

- Ավելի ճիշտ կհամարեի «երգարվեստ» բառը, որովհետեւ մեզ մոտ բիզնեսը շատ քիչ է։ Մեծ կարոտով եմ հիշում իմ կայացման տարիների երգարվեստը. կար պարզություն, մաքրություն, որակյալին ձգտելու մեծ ցանկություն։ Երգիչները քանակով քիչ էին, բայց յուրաքանչյուրն ուներ իր ուրույն գույնն ու ձայնը։

Այսօր տեմպն արագացել է։ Տեսահոլովակները նկարահանվում են, մատուցվում ու արագ մոռացվում. այլեւս չունեն նախկին ազդեցությունը։ Ամեն ինչ դարձել է ավելի շքեղ, բայց միեւնույն ժամանակ՝ մի փոքր արհեստական ու սառը։

- Բեմն ու ստեղծագործական կյանքը մեծ էներգիա են խլում, իսկ ընտանիքն ու մայրությունը պահանջում են ամբողջական նվիրում: Ինչպե՞ս եք համատեղում այս երկու աշխարհները։

- Բարդ է համատեղել սիրած աշխատանքը, ստեղծագործական աշխարհն անձնական կյանքի հետ։ Իմ դեպքում գրեթե անհնարինին մոտ է, որովհետեւ ունեմ երկու փոքրիկ երեխա: Պարզապես բախտս բերել է, որ ամուսինս իմ երգերի շնորհիվ է ինձ սիրահարվել։ Նա չի արգելում, որ համերգներ ունենամ, նոր երգեր ձայնագրեմ, հակառակը՝ միշտ ասում է. «Դու համերգներ շատ արա»։ Բայց ասելը մի բան է, իսկ այդ ամենի մեջ լինելը՝ բավական բարդ։ Ինձ օգնում է աշխատանքիս հանդեպ անսահման սերը, որի շնորհիվ կարողանում եմ համատեղել։


- Երեխաները որքանո՞վ են ներգրավված Ձեր երաժշտական կյանքում։

- Բավականին ներգրավված են դեռ փոքր տարիքից։ Մինչ օրս միացնում են տեսահոլովակներս ու երգում։ Աղջիկս արդեն 10 տարեկան է, տղաս՝ 6։ Երկուսն էլ շատ երաժշտական են, իրենց համար երգում են, բայց կողքից հետեւելով՝ զգում եմ, որ տղաս ավելի ներգրավված է։ Նա ներկա էր համերգիս, եւ ես ապշած էի, թե որքան կազմակերպված, խելոք ու ներգրավված էր որպես հանդիսատես։ Ամեն մանրուք նկատում էր, իսկ հետո գովեստի խոսքեր ասաց ինձ․ «Մայրիկ ջան, ես հպարտանում եմ քեզնով։ Նստած՝ այսպես շատ հպարտ էի, որ դու ես իմ մաման»։

- Իսկ կզբաղվե՞ն երգով, թե՞ ոչ:

- Չգիտեմ՝ աղջիկս ու տղաս կշարունակեն իմ ուղին, թե ոչ, բայց կարծում եմ, որ երկուսն էլ կունենան իրենց հիմնական մասնագիտությունը, իսկ երգարվեստն ու երաժշտությունը նրանց կյանքում կլինեն որպես հոբբի։

- Բեմական ու ընտանեկան այս մեծ ռիթմի մեջ ի՞նչն է Ձեզ ուժ տալիս վերականգնվելու ու նորից ստեղծագործելու։

- Ես այն երջանիկ մարդկանցից եմ, որոնք ունեն շատ լավ ընտանիք, ծնողներ ու քույր, ինչպես նաեւ 30 տարվա նվիրված ընկերուհիներ, որոնք մինչ օրս կողքիս են, ուժ են տալիս, մենակ չեն թողնում եւ, ինչ էլ լինի, միշտ թեւեր են տալիս։ Եվ, իհարկե, չեմ կարող չհիշատակել իմ շատ սիրելի հանդիսատեսին, որն ինձ շատ ու շատ մեծ ուժ է տալիս շարունակելու արարել եւ առհասարակ լինել երգարվեստում։

Զրուցեց Լիանա Թեհմուրյանը
Լուսանկարները՝ Դավիթ Միքայելյանի

Կարդալ ավելին

Quality Sign BW