6-րդը կանցկացվի Հայաստանում
Ապոլոնի հիմնադրած Դելփյան խաղերը անցկացվելու են Հայաստանում:): Հունիսի 26-ից հուլիսի 2-ը այստեղ առաջին անգամ տեղի կունենան ԱՊՀ երկրների 6-րդ բաց երիտասարդական դելփյան խաղերը, որոնք կազմակերպվում են արվեստները զարգացնելու, մշակույթի, արվեստի, կրթության ոլորտում տարբեր ազգերի երիտասարդության ստեղծագործական շփման եւ համագործակցության ստեղծման նպատակով: Խաղերին մասնակցության հայտ կարող են ներկայացնել ամբողջ աշխարհից:
Հայաստանյան նախընտրական փուլը կանցկացվի մայիսի 7-ից 16-ը: Մասնակցության հայտ կարող են ներկայացնել մինչեւ 21, որոշ դեպքերում` մինչեւ 25 տարեկան երիտասարդները: Մրցութային անվանակարգերում ներառված են արվեստի գրեթե բոլոր ձեւերը` դաշնամուր, դերասանի վարպետություն, լուսանկարչություն, ակադեմիական երգեցողություն, ժողովրդական պար, կրկես, վեբ-դիզայն, ջութակ, ժողովրդական երգ, մնջախաղ, կերպարվեստ, հեռուստալրագրություն, էստրադային երգ, սաքսոֆոն, նորաձեւություն, ակադեմիական պար, ժողովրդական գործիքներ, ժողովրդական արվեստ: 6-րդ Դելփյան խաղերի կազմկոմիտեի նախագահ Բարսեղ Թումանյանը Bravo.am-ին ասաց, որ ընդգրկել են ժամանակակից արվեստի ձեւերը, նույնիսկ դիջեյների մրցույթ է լինելու:
“Պատմությունը կրկնվում է. 21-րդ դարում ենք, բայց փաստորեն արվեստները զարգացնելու ավելի ճիշտ մեխանիզմ չգտնվեց: Խնդիրն ոչ միայն Հայաստանում է, այլեւ ամբողջ աշխարհում: Դելփյան շարժումը սկսվել է մոտ 10 տարի առաջ, միջազգային կենտրոնը Մոսկվայում է: Մինչ այս խաղերն անցկացվել են, բնականաբար, Ռուսաստանում, Բելառուսում, Ուկրաինայում… Հայաստանում առաջին անգամ է անցկացվելու, բայց համարյա ամեն տարի մենք մասնակցել ենք, շատ մեդալակիրներ ունենք, ոսկե մեդալների ենք արժանացել”,-ասաց Բարսեղ Թումանյանը:
Օպերային երգիչը նշեց, որ Դելփյան խաղերը ժամանցի համար չեն. “Փառատոնային բնույթ չի կրում, լուրջ ու խորը գիտական հիմունքներ ունի: Շոու-բիզնեսը գերակշիռ դեր ունի, իսկ դասական արվեստները նահանջել են: Այս ամենը կազմակերպվում է, որպեսզի կարողանանք ճիշտ հարթակներ դնել ժամանցային եւ ֆունդամենտալ արվեստների միջեւ: Ձեռք ենք բերում արվեստի լավ գործիչներ, ինձ չեն համոզում փոփ-աստղերը: Տաղանդավոր մարդիկ փակված ու ամաչկոտ են լինում, գիտեն, որ ավելի բարձր որակի արվեստ կարող են ցույց տալ, եւ նման ճիշտ գնահատական տվող մրցույթներն անհրաժեշտ են”:
Հունիսի 26-ից հուլիսի 2-ը Հայաստանը մոտ 500 հյուր է ընդունելու: ԱՊՀ երկրների 6-րդ բաց երիտասարդական Դելփյան խաղերի ժյուրիի կազմում կլինեն ԱՊՀ երկրներից արվեստի գործիչներ, պրոֆեսիոնալներ:
“Բացման մասին ենք մտածում, գուցե Գառնու տաճարի մոտ անցկացվի: Խաղերը, ըստ արվեստի տեսակի, համապատասխան դահլիճներում կանցկացվեն: Դասական երգեցողությունը կլինի “Առնո Բաբաջանյան” համերգասրահում, փոփը` Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում, գեղանկարչությունը` Գեղարվեստի ակադեմիայում… Ցանկալի կլիներ` խաղերի անցկացման օրերը շատ լինեին, այդ մասին կմտածենք Ազգային Դելփյան խաղերի ժամանակ”,- ասաց Բարսեղ Թումանյանը:
Սկսենք լավը պահանջել
Հայաստանյան նախընտրական փուլին մասնակցության հայտերը ընդունվում են մինչեւ մայիսի 5-ը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ www.delphic.am կայքում: Մարզերից դիմորդները եւս շատ են: Կազմկոմիտեի նախագահ Բարսեղ Թումանյանը նշում է, որ խաղերը միայն արվեստների զարգացման համար չեմ անցկացվում: “Մենք ակնկալում ենք լավ ունկնդիր հղկել, նրանց ականջն ու աչքը զարգացնել: Հայ ժողովուրդը շատ լավն է ու շատ էմոցիոնալ: Ես 30 տարի է` ամբողջ աշխարհում երգում եմ, հայաստանցի ունկնդիրների քննադատությունը եթե կարողացար հաղթահարել, աշխարհում ամեն տեղ կարող ես հանգիստ ելույթ ունենալ: Խոսքը դասական արվեստի մասին է: Այսօր էլ այդ սուր քննադատական ականջն ու աչքերը չեն վերացել, պետք է վերականգնենք, որ սկսեն լավը պահանջել”:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` ԱՊՀ երկրների բաց երիտասարդական դելփյան խաղերի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: