×


Եվրոպայի օր

Եվրոպայի օր

«Խաչատրյան Տրիո»-ի ելույթը փառատոնի եզրափակիչ համերգին Մայիսի 14-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Արամ Խաչատրյանի անվան եռյակի համերգով եզրափակվեց Եվրոպայի օրվան նվիրված երաժշտական փառատոնը: Մայիսի 9-ին նշվում է Եվրոպայի օրը, իսկ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության եւ Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից: «Խաչատրյան Տրիո» 2010թ. մայիսի 5-ից 14-ը Հայաստանում ԵՄ Պատվիրակության եւ “DVV International” հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ Վանաձորում, Գյումրիում եւ Երեւանում կայացած երաժշտական փառատոն, որի շրջանակներում իրականացվեցին մի շարք միջոցառումներ, «Եվրոպական մշակույթ» թեմայով դասախոսություններ, երաժշտության վարպետության դասեր, որտեղ իր մասնակցությունն է ցուցաբերել նաեւ «Խաչատրյան Տրիո»-ն: Charlz Londseyl Փառատոնի շրջանակներում կազմակերպվել է նաեւ եռօրյա սեմինար, որի հիմքում ընկած էր բարեկամների ակումբի ստեղծումը: Եվրոպայում բոլոր թանգարանները ունեն բարեկամական ակումբ, որը օժանդակում, հովանավորում, վերանորոգում եւ նոր նմուշներ է ձեռք բերում թանգարանների հետագա զարգացման համար: “DVV International” կազմակերպության աշխատակից եւ «A MUSE ALL» ծրագրի մշակութային կոորդինատոր Անահիտ Մինասյանի խոսքերով, մեր թանգարանները այդ փորձը դեռեւս չունեն, իսկ հովանավորության կուլտուրան Հայաստանում զարգացած չէ: Փառատոնն անց է կացվում “Ձանձրույթից, փոշուց եւ քայքայումից այն կողմ. թանգարաններն որպես ցկյանս ուսումնասիրության տարածքներ ինտելեկտուալ երկխոսության համար” ծրագրի շրջանակներում: Այս տարածաշրջանային ծրագիրն իրականացվում է Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում եւ Ռուսաստանում Գերմանիայի բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության “DVV International” ինստիտուտի կողմից` 8 կազմակերպությունների հետ համատեղ: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը տիկնոջ հետ Փառատոնի եզրափակիչ համերգին ներկա էին ԵՄ Պատվիրակության անդամներ, դեսպաններ, բարձրաստիճան այրեր: Եվրամիության Պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերն իր ելույթով բացեց փառատոնի եզրափակիչ համերգը` ողջունելով ներկաներին եւ շնորհակալական խոսքեր հղելով փառատոնի բոլոր մասնակիցներին: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ “DVV International”-ի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Նազարեթ Նազարեթյանը: Այնուհետեւ խոսափողին մոտեցավ Արամ Խաչատրյանի անվան եռյակի դաշնակահար Արմինե Գրիգորյանը եւ պատմեց, թե ինչպես «Խաչատրյան Տրիո»-ի կողմից իրականացվող վարպետության դասերի ընթացքում նրանք հայտնաբերեցին տաղանդավոր մի աղջնակի` 7-ամյա Շահանե Միսկարյանին: Shahane Miskaryan Շահանեն ծնողազուրկ է, եւ «Խաչատրյան տրիո»-ի երաժիշտները սիրով համաձայնել են հետեւել երեխայի զարգացման ընթացքին եւ օգնել նրան: Համերգի սկզբում Շահանեին նվիրեցին DVD նվագարկիչ եւ ձայնասկավառակներ: Շահանեն նաեւ հրավիրված էր մասնակցելու փառատոնի եզրափակիչ համերգին: Հենց նա էլ բացեց համերգը` կատարելով Մենդելսոնի “Երգ առանց խոսքի” ստեղծագործությունը: Դաշնամուրից բացի Շահանեն նաեւ ջութակ է նվագում: “Խաչատրյան Տրիո”-ի ջութակահար Կարեն Շահգալդյանի խոսքերով, դժվար է ասել` ինչն է երեխայի մոտ ավելի լավ ստացվում: Իսկ Շահանեն իր հերթին նշեց, որ երազում է բժշկուհի դառնալ, “որպեսզի աշխարհում հիվանդ մարդիկ չլինեն”: Համերգը շարունակվեց “Խաչատրյան Տրիո”-ի կատարումներով: Համերգի ընթացքում հնչեցին մի շարք հանրահայտ եվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ: Karen Shahgaldyan Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանի անվան եռյակը հիմնադրվել է 1999 թ-ին “Արսիկա” անվանմամբ: Համույթը հանդես է եկել Շվեյցարիայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, Ռուսաստանում եւ այլն: Մասնակցել է Լոզանում «Schubertiade», Կոստա-Ռիկայում «Festival de las Artes», Մեքսիկայում «Festival International Cervantino» փառատոներին: 2008 թ-ից եռյակը կրում է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունը: Վերջին երկու տարիներին համույթը զբաղվում է նաեւ լուսավորչական գործունեությամբ` վարպետության դասեր է անցկացնում ՀՀ մարզերի դպրոցականների եւ ուսանողների հետ: Nazaret Nazaretyan & Raul De Lucenberg 2009թ. սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի անվան տրիոյի անդրանիկ ձայնասկավառակի շնորհանդեսը: CD-ում զետեղված են Առնո Բաբաջանյանի եւ Դմիտրի Շոստակովիչի ստեղծագործությունները /ավելի մանրամասն` այստեղ http://www.bravo.am/news/aram-khachatryan-trio/: Այժմ “Խաչատրյան Տրիո”-ի կազմը հետեւյալն է` Արմինե Գրիգորյան – դաշնակահար Կարեն Շահգալդյան – ջութակահար Կարեն Քոչարյան – թավջութակահար Տեքստ` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին