Lույս է տեսել Art Voices-ի առաջին CD-ն
Art Voices ջազ-բենդը թողարկել է իր առաջին ձայնասկավառակը: “Fasten Your Seatbelts”-ը /“Կապեք ամրագոտիները”/ ներառված է “Հայկական ջազ 70” հավաքածուի մեջ: Ձայնասկավառակի շնորհանդես-համերգը տեղի ունեցավ ապրիլի 20-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնի հատուկ հանդիսությունների սրահում:
Art Voices-ը կազմավորվել է 2006 թվականին: Ջազ-բենդի հիմնադիրներն են ստեղնահար Մանուկ Ղազարյանը եւ սաքսոֆոնահար Արթուր Գրիգորյանը: Խմբի նվագացանկում են ջազի, հայկական ավանդական եւ ֆոլկ երաժշտության համադրությունները: 2009-ին Բուխարեստի միջազգային երաժշտական փառատոնում խումբը “Գրան Պրի” եւ մենահամերգների առաջարկություն է ստացել:
Առաջին ձայնասկավառակի կապակցությամբ Art Voices-ին շնորհավորելու եւ ջազ-համերգը վայելելու էին եկել Ինգա եւ Անուշ Արշակյանները, Լիլուն, ջազ աշխարհի ներկայացուցիչներ, ընկերներ: “Fasten Your Seatbelts”-ում 9 երգ է զետեղված` խմբի երկու տարվա աշխատանքը:
Համերգին խմբի հնչեցրած վերջին գործն ու ձայնասկավառակի անունը նույնն են: “Մարդիկ նստեն տանը կամ ինքնաթիռի մեջ, կապեն ամրագոտիներն ու… Art Voices լսեն: Չէինք կարողանում թողարկել, բայց քանի որ “Շարմ”-ը օգնեց, ստացվեց: Ժինգյալով հաց խմբի անդամներով չենք կերել միասին, բայց այդ անունով գործ ունենք:): Քայլում եմ փողոցով, մի բանից ներշնչվում ու երաժշտություն եմ գրում”,- ասաց “ART VOICES”-ի հիմնադիրներից ստեղնահար Մանուկ Ղազարյանը: Էթնո-ջազ խմբի ստեղծագործությունները հիմնականում նա է հեղինակում:
Բաս-կիթառահար Էդգար Ավետիսյանը շատ երկար էր սպասել այս ձայնասկավառակին: “Շատ դադարներ եղան, միքսը ձմռանն արեցինք: Մենք գործերն անվանելու խնդիր ունենք, երեւի տղերքը ավելի շատ երաժշտության մեջ են խորանում, ոչ թե անունների: Մի քանի գործ կա, շատ մեծ հաճույքով եմ նվագում: Գործեր էլ կան, որ մի կողմ ենք դրել, բայց շատերը դեռ երկար կնվագենք”,- նշեց նա:
Art Voices-ի հետ մի ստեղծագործությունում հանդես եկան ֆլամենկո ոճի կիթառահարներ Տիգրանն ու Վահանը: Գործի մեջ իսպանական ոգի կար, ծափեր էին պետք:):
Ինգա եւ Անուշ Արշակյանները Art Voices-ն իրենց համար երեկ բացահայտեցին: “Որպես անսամբլ անթերի են, հրաշալի անսամբլիստներ են: Իրենց ստեղնահարն ինձ համար բացահայտում էր: Շատ բարձր կարծիքի եմ իրենց մասին, կարծում եմ` ամենակարեւոր հաղթանակները դեռ առջեւում են: Շատ ուրախանում եմ նրանց հաղթանակներով: Իրենք ամեն ինչ կհաղթահարեն: Շատ համահունչ անսամբլ են, միաձույլ են, մի մարդ են հնչում, մեկը մյուսին զգում է: Որպես սոլիստներ էլ են շատ վառ”,- ասաց Անուշ Արշակյանը:
Ինգա Արշակյանն էլ իր կարծիքը հայտնեց. “Նման երաժշտական երիտասարդական խումբ պակասում էր մեր քաղաքին: Միայն կողմ եմ, որ նման խմբերը շատանան, լավ երաժիշտներ շատ լինեն: Բոլորին կոչ եմ անում լավ երաժշտություն լսել` Art Voices-ի նման”:
Ներկայումս խումբը հանդես է գալիս հետեւյալ կազմով`
Մանուկ Ղազարյան – ստեղնաշարային գործիքներ
Պերճ Նահապետյան – հարվածային գործիքներ
Լեւոն Պուչինյան – շեփոր
Արթուր Գրիգորյան – սաքսոֆոն
Համլետ Շաղոյան – կիթառ
Էդգար Ավետիսյան – բաս-կիթառ
Ավագ Մարգարյան – բլուլ, զուռնա
Վահրամ Դավթյան - տրոմբոն
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: