Անվանի ջազմենի համերգը Սերգեյ Սմբատյանի եւ Ինդեայի հետ Ամերիկահայ ջազմեն Գարի Քյոսայանը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը եւ ամերիկացի ջազ-երգչուհի Ինդեան առաջին անգամ ներկայացան համատեղ համերգով: Մայիսի 15-ին Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հնչեցին Գարի Քյոսայանի ստեղծագործությունները: Համերգին ներկայացվեցին երաժշտի ջազային գործերից ու դասական կոմպոզիցիաներից «Անդանտեն», վալս «Լռության սիմֆոնիա» կինոֆիլմից, ռոմանս «Արահետ» ֆիլմից, նաեւ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի թատերական ներկայացման համար գրված սիմֆոնիան: Ջազասեր հայ հանդիսատեսին ծանոթ մեներգչուհի Ինդեան երիտասարդ կատարող Զարա Մարկոսյանի հետ երգեց Գարի Քյոսայանի գործերից «Անձրեւի արցունքներ»-ը, «Խոստումնալից օր»-ը: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանը Bravo.am-ի հետ զրույցում ասաց, որ ջազմենի հետ պրոֆեսիոնալ շփումը վերջերս է սկսվել. «Միտք ծագեց համատեղ համերգ ունենալ Օպերայի բեմում: Քանի որ Ինդեան ԱՄՆ-ից է, շատ կարճ ժամանակահատվածում նախապատրաստվեցինք: Մեր երաժիշտների համար ջազի ժանրը նոր է, փորձել ենք հնարավոր ամեն ինչ անել լավ ներկայանալու համար»: Սերգեյ Սմբատյանը կարծում է, որ այս համերգի հանդիսատեսը եւ դասական, եւ ջազ երաժշտության սիրահարներն են. «Այս երկու ոճերը չենք ուզում խառնել կամ նոր ժանր ստեղծել: Առանց ապացուցելու ցույց ենք տալիս, որ որեւիցե ժանրի լավը կարող է մյուսի հետ համեմատվել: Առհասարակ, բեմում պրոֆեսիոնալների հետ աշխատելը միշտ էլ մեծ հաճույք է»: Համերգից հետո դաշնակահար Գարի Քյոսայանը նշեց, որ գոհ է իրենց համագործակցությունից, գուցե նաեւ Երեւանի սահմաններից դուրս ելույթ ունենան. «Չտեսնված լավ անցավ, շատ գոհ եմ, անզուգական էր»,- ասաց ջազմենն ու երգչուհի Ինդեայի հետ շտապեց «Մեցցո» ակումբ կատարելու միայն ջազային ստեղծագործություններ::) Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: