×


Մարինա Գրեգի հարսանիքի լուսանկարներն ու մեղրամիսը Բալիում

Հեռուստահաղորդավարուհի Մարինա Գրեգը օգոստոսի 11-ին ամուսնացել է: Թե ում է հավերժ սիրելու խոստում տվել, ինչպիսի հարսանիք են ունեցել, այժմ որտեղ են վայելում իրենց մեղրամիսը, Մարինան պատմել է BRAVO.am-ին` տրամադրելով կյանքի կարեւորագույն օրվա լուսանկարները:

Հաղորդավարուհու ընտրյալը Ռոբերտ Ճանճապանյանն է. «Մասնագիտությամբ ֆինանսիստ-իրավաբան է, բայց այս պահին ունի սեփական բիզնես: Ծանոթացել ենք դեռ երկու տարի առաջ շատ տարօրինակ ձեւով․ նա ինձ տեսել էր գեղեցկության սրահում: Առաջին անգամ անծանոթն ինձ զանգահարել եւ թանգարան էր հրավիրում, ես էլ, հաշվի առնելով ընդհանուր ծանոթների հանգամանքը, համաձայնեցի հանդիպել՝ շարունակություն չունենալու մտադրությամբ, մտածելով, դե, մեկ անգամ կհանդիպեմ եւ քաղաքավարի հրաժեշտ կտամ: Այդպես էլ փորձում էի անել, որովհետեւ այդ շրջանում այլ հոգեվիճակում էի: Այնուամենայնիվ, երկու տարիների ընթացքում հասցրինք մտերմանալ եւ երբեմն-երբեմն կապը պաշտպանում էինք, իհարկե, ես վստահ էի, որ դրանից ավելին չի կարող լինել: Բայց կյանքն իրոք անկանխատեսելի է, եւ հիմա նա նստած է իմ դիմաց, եւ ես ընթրում եմ ամուսնուս հետ:)»:


Մարինայի խոսքով, այս տարվա հունվարից պարբերաբար հանդիպել են, հասկացել է, որ ինքն էլ սիրահարված է: «Մայիսի 23-ին՝ ծննդյանս օրը նա ինձ անակնկալ մատուցեց եւ ամուսնության առաջարկություն արեց. վստահ էինք, որ ամռանն ենք ամուսնանալու, բայց անկեղծ չէի կարծում, որ այդքան շուտ:)։ Օրը որոշեցինք միանգամից, հատուկ ամսաթիվ չէ, պլանավորել էինք պսակադրվել օգոստոսի կեսերին»,-պատմել է նա:

Նորահարսիկը նշել է, որ իրենց հարսանիքն էլ ծանոթության եւ հարաբերությունների պես խառն էր՝ լավ իմաստով. «Սկզբում որոշել էինք մեծ հարսանիք անել՝ մոտ 400 հոգանոց, հետո որոշեցինք ուղղակի պսակադրվել եւ մեկնել մեղրամսի, իսկ ամենաավերջում՝ ստացվեց փոքրիկ հարսանիք, խնջույք, որին ներկա էին ամենամտերիմ բարեկամները»:


Մարինան եւ Ռոբերտը միմյանց հավերժ սիրելու խոստում են տվել Մուղնու սբ. Գեւորգ եկեղեցում: Ամուսնական մատանիներով փոխանակվելուց հետո նրանք պահպանել են հայկական հարսանիքների մյուս ավանդույթները եւս. «Ամուսինս կողմ է հայկականին, զուռնա-դհոլ, հարսի տուն գնալ, ափսե կոտրել, մեղր ուտել:)։ Իսկական հայկական հարսանիք:)։ Հարսանիքից մի քանի ժամ հետո մեկնել ենք ճամփորդության դեպի հրաշք Բալի, որտեղ կանցկացնենք 2 շաբաթ»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մարինա Գրեգը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին