×


Հայ կասկադյորներ

Հայ կասկադյորներ

Նշվեց կազմակերպության 15-ամյակը Նրանց մատը խառն է կինոյի մեջ Ֆիլմերում այն գործողությունները, որոնք ի զորու չեն կատարել դերասանները, անում են, ինչպես հայ Ռեմբոն է ասում, խենթերը: Ապրիլի 5-ին Տիկնիկային թատրոնում Հայաստանի կասկադյորների ասոցիացիան նշեց իր 15-ամյակը: Մարտական, լեռնային եւ այլ հնարքներ իրականացնող պրոֆեսիոնալ հայ կասկադյորները 35-ն են: 15 տարվա մեջ Հայաստանի կասկադյորների ասոցիացիան մոտ 70 նախագծի է մասնակցել, 46  գեղարվեստական ֆիլմերի  եւ հեռուստասերիալների: Հայաստանի կասկադյորների ասոցիացիայի 15-ամյակը Ռեմբո մականունով Արմեն Պետրոսյանի երազանքն է եղել կասկադյորությունը: Կասկադյորների ասոցիացիայի նախագահն առաջին հնարքը կատարել է երկրորդ դասարանում ու կոտրել է ոսկորները: Արցախյան ազատամարտին մասնակցելուց հետո որոշել է ասոցիացիա հիմնել: Առաջին ֆիլմն էլ, ուր կասկադյորություն է արել, “Օդից թեթեւ”-ն էր: “Կասկադյորը խենթ, խելառի մեկը պետք է լինի” Արմեն Պետրոսյանն ասում է` ցանկացած հնարք դժվար է, ցանկացած հնարք սիրելի, իր հնարքներն իր երեխաներն են: Կասկադյոր դառնալու համար առաջին հերթին վախի զգացում է պետք: “Գիտակցված վախը բերում է զգուշության, իսկ անգիտակից վախը` կատաստրոֆայի: Զգուշություն մեզ պետք է ցանկացած աշխատանքում: Կասկադյորը պետք է անսահման սիրի կինոարվեստը, դրանով ապրի, խենթ, խելառի մեկը պետք է լինի: Բայց  հնարքների ժամանակ պետք է աշխատեն ոչ թե էմոցիաները, այլ սառը դատողությունն ու ճշգրիտ հաշվարկը”,- նշեց Հայաստանի կասկադյորների ասոցիացիայի նախագահը: Armen Petrosyan Կասկադյորներին 15-ամյակի կապակցությամբ շնորհավորելու էին եկել կինոաշխարհի ներկայացուցիչները` դերասաններ, ռեժիսորներ, կինոգետներ, նաեւ երգիչներ, մարզիկներ, ընկերներ: Երեկոն վարում էին Ֆելիքս Խաչատրյանն ու Հասմիկ Կարապետյանը: Երբ Ջեկի Չանը Հասմիկ Կարապետյանի աչքը մտավ:) Ֆելիքսը պարզեց, որ Հասմիկ Կարապետյանը բավական չէ, որ վախկոտ է ու կասկադյոր չի կարող դառնալ, հայտնի կասկադյորներին էլ չի ճանաչում: Լուսավորեց երգչուհուն. Ջեկի Չանը Հասմիկի աչքը մտավ. “Չանը կասկադյոր է՞, թե՞ կարատեիստ”: Երգի տեսքով հայ կասկադյորներին շնորհավորեցին Արման Էլբերտն ու Լեյլա Սարիբեկյանը: Երգչուհու “Արի տուն” երգն առաջին անգամ էր հնչում: Armen Petrosyan and Vigen Chaldranyan Հայ կասկադյորների պատվին երգեցին, նվագեցին, շնորհավորեցին, «32 ատամ»-ցիներ Վաչեն ու Տիգրանը կատակեցին, ասոցիացիայի մասին ֆիլմ ցուցադրեցին, հերթը լատինական պար ներկայացնելունն էր: Ֆելիքս Խաչատրյանն ասաց, որ փոքրուց պարում  է. “Տրիկո էի հագնում, հանդերձարանում նստում լացում, փոխվում գնում էի տուն:)”: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարությունը գավաթ հանձնեց ասոցիացիային եւ անվտանգ գործունեություն մաղթեց: Ռեժիսոր Վիգեն Չալդրանյանն էլ էր եկել շնորհավորելու: Karen Janibekyan “Կասկադյորների կարիք լինում է, երբ մեծ կինոինդուստրիա ես ունենում: Մեր Հայաստանում էլ ունենանք ինդուստրիալ, կոմերցիոն կինո, ունենանք ֆիլմ, ուր հետաքրքիր արկածներ կան` ձիերի վրա կասկադներ, մեքենաներ ջարդ ու փշուր անել… Դրանք  կիրականացնի Արմենն իր խմբով: Թող շատ ֆիլմեր արտադրվեն, դուք էլ շատ գործ ունենաք”,- ասաց Վիգեն Չալդրանյանը: Շնորհավորական նամակ էր ուղարկել նաեւ Ռուսաստանի կասկադյորների ասոցիացիան: Ներկայացնում ենք Ֆելիքս Խաչատրյանի թարգմանությունը:). “Շնորհավորում ենք ձեզ, դուք պրոֆեսիոնալ եք, մենք ձեզ սիրում ենք, դուք էլ փող կունենաք”: Հայաստանի կասկադյորների ասոցիացիան նշում էր իր 15-ամյակը ՀՀ ազգային կինոկենտրոնի կողմից Արմեն Պետրոսյանը “Հայ կինո-80” հուշամեդալ ստացավ: “Կինոարվեստը ապրեցնելու մեջ դեր ունեն կասկադյորները, նրանց մատը խառն է: Ոչ միայն մատը, այլեւ մարմինը, ամեն մի հնարքի մեջ իրենց հոգին են դնում, վիրավորվելու, կոտրվածքի գնով կատարում են իրենց գործը”,- ասաց կինոկենտրոնի ավագ խմբագիր Ռազմիկ Աբրահամյանը: Դերասան Կարեն Ջանիբեկյանն էլ իր գլխին եկածը պատմեց: “Հիմա ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Արմենին, որ ստեղծել է դերասանի պաշտպանության ասոցիացիա: Ես 42 տարի է` դոփում եմ բեմում, ու 40  տարի է մրոտում եմ Հայաստանի եւ Սովետի էկրանները: Երբ երիտասարդ էի, բոյս երեք ու կես մետր, մազերս` տասնյոթ միլիոն, “Քաոս” ֆիլմում էի նկարահանվում: Ով տեսել է ֆիլմը, մի տեսարան կա, երբ Միքայելին ծեծում են: Հասկացա… գոնե կարդացեք “Քաոս” վեպը: Ինձ կանչում է ռեժիսորն ու ասում, որ պետք է ծեծեն: Երբ ինձ ցույց տվին ծեծողներիս, տղամարդկությունից ընկա. Ռեմբոն լիլիպուտ է ընդամենը: Ասացին` մեր լավ դերասանն ես, նենց կծեծենք… Երբ աչքերս բացեցի, տանն էի, երկու շաբաթ գործի չգնացի, դրանից հետո ես ու կինս երեխա չունեցանք, բայց երկու երեխա արդեն ունեինք: Հետո գալիս եմ կինոստուդիա, ասում են, ներիր, խոտան է եղել, նորից պետք է ծեծենք… Ինձ ծեծեցին Բաքվի ծովափին, արթնացա Երեւանում… Կասկադյոր չէին, չգիտեին կասկադյորի աշխատանքը, բեմական կրիվ, ապտակ…”,- պատմեց դերասանը: Կասկադյորներին 15-ամյակը շնորհավորելու էին եկել կինոաշխարհի ներկայացուցիչները Ի դեպ, Հայաստանի կասկադյորների ասոցիացիան ցանկանում է մանկապատանեկան դպրոց հիմնել: “Տարբեր տարիքի երիտասարդներն ու աղջիկները գալու են սովորելու: Ժամանակը ցույց կտա` նրանցից ով կդառնա մեր ընտանիքի անդամ եւ այս աշխարհի ներկայացուցիչ”,- ասաց Արմեն Պետրոսյանը: Հայկական կինոարտադրությանը մաղթենք արկածային բազում ֆիլմեր, հայ կասկադյորներին էլ` աշխատանք: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին