×


Հայկ Պետրոսյան

Հայկ Պետրոսյան

Դիվանագետ, երգիչ, դերասան, երգերի հեղինակ, բեմադրիչ : ) Բարեւի տարբեր, յուրահատուկ տեսակներ կան: Հայկ Պետրոսյանը որոշեց, որ ամենաջերմ, ամենաանկեղծ, ամենատպավորիչ բարեւը հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանինն է ու, չսպասելով իրական ողջույնի, մայիսի 14-ին “Ուլիխանյան” ակումբի բեմից ներկայացրեց նախագահական ողջույնի իր տարբերակը: «Ողջունում եմ բոլորին, նաեւ Հայկ Պետրոսյանին : ), ցանկանում եմ, որպեսզի նա բարով-խերով, ջանով-ջիգյարով ձեզ ներկայացնի իր stand up շոուն եւ ամենակարեւորը`որպեսզի այն ավարտվի ողջամիտ ժամանակներում»: Ու սկսեց  “Հայ Սուպերսթար 4” նախագծի մասնակից Հայկ Պետրոսյանի շոու-ծրագրի պրեմիերան: Hayk Petrosyan Բեմում Հայկը մենակ չէր, նրա հետ էին հարվածային գործիքներ նվագող Սասունը, կոնտրաբասահար Հովոն եւ դաշնակահար Հովսեփը: Ներկայացման գաղափարը կար դեռ 2009թ. հուլիսից: Սակայն ամենաինտենսիվ աշխատանքներն իրականացվել են վերջին 3 շաբաթների ընթացքում: Ներկայացումը բաղկացած է սքեթչերից, որոնք գրվել են Հայկենց տանը, սրճարաններում, դրանք համեմված են երգերով, նմանակումներով, սուր հումորով, իմպրովիզներով, արդիական խնդիրներ մարմնավորող կերպարներով, որոնցում ակումբում գտնվող յուրաքանչյուր ոք տեսնում ու ճանաչում էր ինքն իրեն կամ դիմացինին: Այն ամենը, ինչ ցուցադրվում է ներկայացման ընթացքում, իրականում տեղի է ունեցել Հայկի հետ, չնայած նա խոստովանեց, որ կան որոշ չափազանցություններ: Ներկայացմանը պատրաստվելիս` Հայկին մի քանի խորհուրդներով ու խմբագրություններով օգնել է ռեժիսոր Նարինե Մալյանը: Hayk Petrosyan Ակումբի այցելուները կարծես ներկայացման մասնակիցներ լինեին: Հայկի հետ հավասար բոլորն երգում էին հին ու սիրված մուլտֆիլմերի, անվանի երաժիշտներ Լուի Ամսթրոնգի, Ռեյ Չարլզի, Էլվիս Փրեսլիի երգերը: Stand up շոուի ընթացքում հնչեցին Քրիստ Մանարյանի “Լվացքի երգը”, Ժակ Դյութրոնի հայկական ադապտացիայով “Ես մի նանար ունեմ”-ը: Երկրպագուների, ընկերների ու հարազատների «ամբոխները խելագարվել» էին : ): Ամենապատվավոր ու ցանկալի հյուրերից մեկը Հայկի մայրիկն էր: Դերասանին եկել էին բարեւելու եւ ունկնդրելու նաեւ “Հայ Սուպերսթար” նախագծի հաղթող Րաֆֆի Օհանյանը, մասնակիցներ Իվետա Մուկուչյանը, Սուրեն Առուստամյանը, Գոռ Հարությունյանը: Ներկայացմանը ներկա էր նաեւ նախագծի պրոդյուսեր Անդրե Սիմոնյանը: Andre Simonyan Համերգից հետո Սուրեն Առուստամյանն ասաց. «Ամեն ինչ շատ դրական ու հումորով անցավ: Շատ հոգեհարազատ թեմաներ շոշափվեցին: Կուզենայի, որ Հայկն ավելի հաճախ ելույթ ունենար»: Հայկ Պետրոսյանի շոու էր այցելել նաև Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, ով իր տպավորություններով կիսվեց Bravo.am-ի հետ: «Ես այստեղ եմ, որովհետեւ շատ եմ սիրում Հայկին: Կարծում եմ, նա շատ մեծ ապագա ունի, բայց ամենա-ամենա կարեւորն այն է, որ վերականգնվում է քաղաքային մշակույթը: Մշակույթ, որ մենք որոշակի ժամանակահատված կարծես կորցրել էինք, իսկ հիմա փորձում ենք վերագտնել”: Iveta Mukuchyan & Gor Harutyunyan Կենդանակերպի նշանով Հայկը խեցգետին է, երաժշտական կրթություն չունի, մասնագիտությամբ դիվանագետ է, հիմնականում ուրախ կերպար լինելով, երբեմն իրեն պատում է տերյանական “մի թե վերջին պոետն եմ ես” վիճակը, սիրած երաժիշտներն են Ռեյ Չարլզը, Շառլ Ազնավուրը, Անդրեա Բոչելին: Հայկը նվագում է կիթառ եւ դաշնամուր, նաեւ երգեր է գրում: “Քաղցրակեր ես” հարցին Հայկը պատասխանեց` “լոլիկով ձվածեղ եմ շատ սիրում” : ): Հայկի ապագա կինը անպայման պետք է կարողանա իր տատիկի քրոջ` «Իռա տյոտյայի» կարկանդակներից պատրաստել: Շատ շնորհակալ է իր երկրպագուներին: Վերջին կարդացած գիրքը Ֆյոդոր Դոստոյեւսկու “Ապուշ”-ն է, որն ի դեպ երկրորդ անգամ է կարդում: Հանձինս Կաֆկայի Հայկը սիրում է աբսուրդ ժանրը: - Դու մեծ բացահայտում էիր “Հայ Սուպերսթար” նախագծի շրջանակներում: Ի՞ նչ էր տեղի ունենում մինչ նախագծին մասնակցելը: - Ամառ էր, ու ես անձնական դրամայի մեջ էի: Ու այդ կապակցությամբ գրեթե ոչնչով չէի զբաղվում: Hayk Petrosyan - Շատերը նույնիսկ չէին կասկածում, որ դու հանրահայտ ու սիրված դերասան Վարդան Պետրոսյանի որդին ես: Ո՞ր հարցերում է քեզ օգնում ու խանգարում ճանաչված ու սիրված անձնավորության որդի լինելը: - Միանգամից ասեմ, որ ոչ մի հարցում չի խանգարում: Երբ գնացի “Հայ Սուպերսթար”-ին մասնակցելու, հոգեբանորեն պատրաստ էի, որ շատերը կասեն. “Դե պապան ժյուրիի կազմում ա, տղեն էլ էկել ա, բնականաբար, սարքած ա”: Հայկական իրականության մեջ դա նորմալ է: Բայց մի քանի կատարումներից հետո մարդիկ հասկացան, որ հայրս չի իմ փոխարեն կիթառ նվագում, շպագատ նստում: Իսկ հայրս ինձ համար լավագույն ընկեր է, մենք մինչեւ առավոտյան ժամը 6-ը կարող ենք ինչ-որ բաներից փիլիսոփայել : ): Hayk Petrosyan - Դիվանագետ, երգիչ, դերասան, երգերի հեղինակ, բեմադրիչ… իրականում ո՞վ ես: - Ռիչարդ Բախը մի ստեղծագործություն ունի, կոչվում է “Իլլյուզիա”: Ու այնտեղ մի լավ աֆորիզմ կա “ամենահասարակ ու ամենապարզ հարցերը իրականում ամենախորը հարցերն են”: “Ո՞վ ես դու, ի՞նչ ես անում, ու՞ր ես գնում”. ժամանակ առ ժամանակ ինքդ քեզ հղիր այս հարցերը, ու կտեսնես, թե ինչպես են փոխվում պատասխաններդ: Ես Հայկն եմ, մի հայ երիտասարդ, Հայաստանի քաղաքացի, ով փորձում է իր կյանքը դասավորել այս հասարակությունում եւ ընդհանուր առմամբ գոհ է կյանքից : ): - Ի՞նչ առաջարկներ ու նախագծեր կան: - Մի ուրիշ ներկայացում ունեմ, ուզում եմ հաջորդ ամառ խաղալ: Համերգներ, ձայներիզներ, ներկայացումներ: Կուզենայի մի օր հորս հետ նույն բեմում հայտնվել, ուղղակի շատ պետք է աշխատեմ իր կողքը հայտնվելու մակարդակին հասնելու համար: Իսկ հիմա եկավ վերոհիշյալ ողջամիտ ժամանակը, եւ մեր նյութը ավարտվեց : ) Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին