“Պահի տակ գնացինք դրախտ, եկանք” “Իէն Գիլանը` “Հայսուպերսթարի” հատուկ հյուր” ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի եւ “Շանթի” համատեղ շոուն դարձավ նախորդ հանգստյան օրերի ամենավարկանիշային երաժշտական հեռուստատեսային նախագիծը: Իէն Գիլանը արդեն մեկնել է իր “հոգեւոր հայրենիքից”, բայց նրա այցի ու հրաշալի համերգների մասին խոսում են ու դեռ շատ կխոսեն: Ինչ հետք թողեց Իէն Գիլանը Սուրեն Առուստամյանի կիթառի վրա, տեսանք “Հայսուպերսթարի” մարտի 28-ի ուղիղ եթերի ընթացքում: Այսօր Bravo.am-ը զրուցել է “սուպերսթարցիների” հետ՝ նրանց վրա ռոքի լեգենդի ազդեցությունը պարզելու համար, չնայած որ եթերի ընթացքում Սուրենի, Ռաիսայի, Իվետայի հուզմունքից ամեն ինչ պարզ էր:): Հոգով, սրտով բլյուզմեն Սուրեն Առուստամյանը մինչեւ հիմա չի հավատում, որ ռոքի լեգենդի հետ միասին երգել է: “Գերբնական, աննկարագրելի պահեր ապրեցի այդ ժամանակ: Այն, որ ես նրա դիմացը կանգնած երգում էի, նա էլ լսում ու կարծիք էր արտահայտում, մեծ երջանկություն էր: Իսկ երբ Smoke on the Water-ի ժամանակ բեմ բարձրացավ, չգիտեմ՝ ինչ կատարվեց հետս: Փոթորիկ էր գալիս, ոգեւորվեցի ու սկսեցի ավելի լավ երգել: Կյանքիս ամենաերջանիկ օրն էր: Այնքան էի ուզում, որ նրա դուրը գա ելույթս: Աննկարագրելի են զգացմունքներս, չեմ կարող բառերով արտահայտել, պահի տակ գնացի դրախտ եկա: Կյանքում չէի մտածի, որ դա հնարավոր էր: Կարծես՝ ինձ հետ չլիներ այդ ամենը”,- պատմում է Սուրենը: Նա նշեց, որ Գիլանի հետ համատեղ ելույթից հետո շատ լավ արձագանքներ է լսել, բայց նախանձողներն էլ քիչ չեն:): “Մեռնեն, մի բան չեն ասի:)”: Այսուհետ Սուրենի երգացանկում Deep Purple-ի երգերն էլ ավելի մեծ տեղ են գրավելու: “Ինքը ինձ համար ամենամեծերից է: Լեգենդ: Եթե մարդիկ կան, որ աստվածային ազդեցություն ունեն ինձ վրա, նրանցից մեկն էլ ինքն է: Փորձի ժամանակ, որ դահլիճ մտավ, այդ պահին չգիտեի՝ ինչ անել: Մեջս ամեն ինչ կատարվում էր: Հոգում խոնարհվում էի: Այդ ժամանակ կիթառս տվեցի, որ ստորագրի, ներկ քսեցի, որ չջնջվի, լղոզվեց:): Հուզվել էի, հետո դա մաքրեցի, համերգի ժամանակ նորից ստորագրեց: Հիմա այդ կիթառը ամենասիրելին է ինձ համար”,- ոգեւորված պատմում է Սուրեն Առուստամյանը: “Սուպերսթարցի” Ռաիսա Ավանեսյանն էլ չափից շատ բարձր տրամադրություն ունի, տպավորված է աննկարագրելի ձեւով. “Ասել եմ, սա երազանքից բարձր բան է, որ մենք երգեցինք, ու նա մեզ լսեց: Կարծում եմ՝ հաջող էր ելույթս: Վատառողջ վիճակս հաշվի առնելով՝ ոչինչ, լավ էր:): Վախն ու հուզմունքն էլ կար է”: Ռաիսան Իէն Գիլանի ներկայությամբ երգեց ու ավելի համարձակ դարձավ: Ինքն է այդպես ասում: Նշում է նաեւ, որ ռոքի լեգենդին տեսել է իր պատկերացրածի պես: “Շատ բարի, դրական լիցքերով, շատ-շատ… Մտածում էի, որ կարող է լավը չասի, բայց վատ բան չէի սպասում: Բայց այն, որ իմ ձայնը ասաց՝ Թինա Թյորների եւ Ջենիս Ջոփլինի խառնուրդն եմ… Դեռ չեմ հավատում, որ նման բան է ասել: Լիքը կա, որ հասնեմ նրանց: Մեծ հետք թողեց ինձ վրա, ձգտելու եմ այդ ամենին”,- ասաց Ռաիսա Ավանեսյանը: Ռաիսան երբեք չի մտածել, որ կարող է ռոք երգել, վախեցել է այդ ոճում հանդես գալ, հիմա հակառակը ապացուցող երազներ է տեսնում:): “Մի քանի օր առաջ երազիս ռոք-ալբոմ էի թողարկել, 10 երգ կար մեջը: Դա երեւի նշանակում է, որ շատ եմ մտածում դրա շուրջ: Ռոքը դարձավ իմ կյանքի մի մասնիկը: Շատ հպարտ եմ, որ իրեն տեսա, երբեք չէի պատկերացնում դա: Մեծ լեգենդ է, հարգում եմ իրեն: Մեր Սուրենը մի լավ խոսք ունի. ասում է՝ երբ իրեն տեսնում ես, ինչ-որ մի բան ներսից պարտադրում է, որ իր առջեւ խոնարհվես...”: Գերմանիայից Հայաստան եկած Իվետա Մուկուչյանն էլ համերգից հետո անընդհատ ժպտում է. “Քնելուց առաջ ժպտում եմ, զարթնում եմ ու էլի ժպտում եմ: Անընդհատ հիշում եմ իր խոսքերը, հպարտ եմ դրա համար: Իմ հագուստի վրա ելույթիս ժամանակ փումփուշտ, ճիշտ եմ ասում, հա, փամփուշտ կար, նա ասաց, որ դրանք ինձ պետք չեն, որովհետեւ իմ ձայնն է իմ զենքը: Նման պահի, որ լեգենդ է առջեւդ նստած, ուրախությամբ դիտում է ու նման խոսքեր է ասում, մի անգամ է կյանքում պատահում: Շատ շնորհակալ եմ, շատ ուրախ: Գերմանացիներն էլ հետեւեցին ինտերնետով, նրանք շատ են սիրում Deep Purple, չէին կարողանում հավատալ, որ նման բան է եղել”,- ասում է Իվետան: :) “Սուպերսթարցին” այդ օրը “գժոտ կերպարում էր”. “Ոճս շատ լավ էր, ելույթիցս շատ գոհ եմ: Ամսի 27-ին Գիլանի համերգին էի գնացել, շաատ լավ էր: Իմ ոճը շատ փոփոխական է, դա ուժ է, իմ պլյուսն է, կարողանում եմ փոփոխվել: Եթե այդ պահին ռոք եմ զգում, ուրեմն ռոքեր եմ, Հայաստանի կարոտն եմ զգում, քոքերով են ասո՞ւմ, հա, արմատներով հայն է մեջս խոսում, եթե բեմի վրա էլ պետք է գժական լինեմ, ինձ համար խնդիր չէ: Քիչ-քիչ հասկանում եմ, որ ռոքն է իմը: Ինչքան էլ սիրում եմ տարբեր լինել, հասկանում եմ՝ մեջս ռոքի երանգներ կան, որոնք նոր բացահայտում եմ”,- նշեց Իվետան: Նա դեռ մի քանի տարի Երեւանում կլինի: Կոնսերվատորիա է ընդունվել՝ ջազ-վոկալի բաժին: “Կյանքը այստեղ շատ տարբեր է Գերմանիայից, Եվրոպայից, մայրս միշտ ասում է՝ հենց ինձ վատ զգամ, հետ գնամ, բայց ուսումս չեմ թողնի: Շատ լավ եմ ինձ զգում Հայստանում: “Հայսուպերսթարում” hասկացա, որ երաժշտությունն է իմը: Որակ ու ճանաչում ստացա, միայն դրական արձագանքներ եմ լսում: Գիլանն էլ այնքան համեստ մարդ էր, նրա ամեն մի խոսքն ինձ համար թանկարժեք է: Երբ ասաց, որ ֆանտաստիկ եմ, հասկացա, որ ճիշտ ճանապարհ եմ ընտրել: Լեգենդ էր ինձ լսում, դա իմ ամենամեծ հաղթանակն ու ստացած հաճոյախոսությունն էր”: “Հայսուպերսթար 4”-ի պրոդյուսեր Անդրե Սիմոնյանն էլ դեռ ուշքի չի գալիս. քանի գիշեր չի քնել: “Սթրեսային համերգ էր: Որովհետեւ լեգենդ էր ներկա լինելու ուղիղ եթերին: Փաստվեց, որ “ՄԵԴԻԱՄԱՔՍ”-ն ու “Շանթ”-ը լավ թիմային աշխատանք կատարեցին: Այդ օրն ամեն ինչ երանելի էր, կուզեի՝ դահլիճն ավելի մեծ լիներ, շատ մարդու համար պարզապես երազանք էր ներկա լինել այդ համերգին: Շատ ուրախացա, որովհետեւ իսկապես զգում էի, որ Գիլանը հաճույք է ստանում համերգից, այնպես չէր՝ կեղծ ժպտում է: Իրենց ձայնային ինժեներն էլ ասաց, որ դահլիճում ստացած ձայնը շատ լավն էր, BBC-ն անգամ դրա վրա մեծ ուշադրություն չի դարձնում: Դա ինձ համար մեծ հաճոյախոսություն էր: Ուզում էի հպարտ տակից դուրս գալ: Այն, որ Գիլանը մեր ծրագրի հյուրն էր, իհարկե, ի շնորհիվ ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի, մեծ շնորհակալություն ենք հայտնելու հենց իրենց, որովհետեւ “Սուպերսթար” ծրագիրը 120 երկրում կա, բայց երբեք Իէն Գիլանը չի մասնակցել: Սա հայ երաժշտական պատմության մեջ կգրվի ու կմնա”,- ասաց Անդրե Սիմոնյանը: «Իր հետ շփվելուց հետո հասկացա` հայտնիությունը կապ չունի, շատ խոնարհ, համեստ մարդ էր, ուրախ էր ամեն ինչի համար, դրական էներգիա փոխանցեց բոլորիս”: Սուպերսթարցիները պատրաստվում են ապրիլի 7-ի իրենց գալա-համերգին: Ռոքային երկու անակնկալ է լինելու: Մեկը բացահայտենք:): Սուրեն Առուստամյանը Smoke on the Water-ն է կատարելու: Տեքստը՝ Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: