ԳԱԿ-ը նշեց ճապոնական աղջկական տոնը Մարտի 14-ին Երեւանի կամերային թատրոնում ճապոնական մթնոլորտ էր: Գեղագիտության ազգային կենտրոնի դեկորատիվ կիրառական արվեստի քոլեջ-ստուդիայի գեղարվեստի խմբի սաները ճապոնական “Հինամացուրի” ազգային տոնն էին նշում: “Հինամացուրի”–ն աղջիկների տոն է: Հայտնի է նաեւ որպես “Դեղձի ծաղկման տոն”: Մոտ 300 տարվա պատմություն ունի: Ճապոնական այն ընտանիքները, ուր աղջիկ զավակներ կան, տիկնիկների ցուցահանդես են կազմակերպում, որոնք փոխանցվում են ժառանգաբար: “Հինա” նշանակում է փոքրիկ: Տիկնիկները երկու շաբաթ առաջ դրվում են, բայց տոնն ավարտվելուն պես անհրաժեշտ է հավաքել, որ աղջիկները տանը չմնան: Տիկնիկը քսում էին մարմնին, զամբյուղով դնում ջրի վրա, որ հիվանդությունը, բացասական բաները իր հետ տանի: Ճապոնիայում աղջիկներն հասարակություն էին դուրս գալիս, ցույց տալիս` որքան կիրթ են, շպարվում էին` մռութիկները ներկում: Ծաղիկներ էին մազերին դնում”,- ասաց Գեղագիտության ազգային կենտրոնի կերպարվեստի դեկորատիվ- կիրառական արվեստի քոլեջ-ստուդիայի ձեռարվեստի խմբի ղեկավար Կարինե Փիլիպոսյանը: Չկա երեխա, որ չսիրի թղթով աշխատել. կտրատել, սոսնձել, իրար կպցնել, իսկ եթե հանկարծ դա վերածվում է տիկնիկի, տոնն ապահովված է: Կամերային թատրոնում ԳԱԿ-ի սաները ճապոնական երգ կատարեցին, հյուրերին սովորեցրին թղթերից տիկնիկներ, կռունկներ պատրաստել, քաղցրավենիք հյուրասիրեցին, իսկ կախված կուսուդամաները` տիեզերական դրական էներգիաների կուտակիչները, հյուրերի տրամադրությունն էլ ավելի էին բարձրացնում: Ինչպես Ճապոնիայում, այնպես էլ Կամերային թատրոնում տոնի կապակցությամբ աստիճանավանդակ էր դրված: Վերեւում լապտերներ են վառվում, առաջինը դնում են կայսերն ու կայսրուհուն, ում 12 կիմոնո են հագցնում: Երկրորդ շարքում պալատական տիկնայք են, երրորդում արվեստի բաժինն է: Հետո իմաստուններն ու նախարարներն են, ծառաները, կենցաղային իրերը: 12-ամյա Սիրանուշ Բադիկյանը ԳԱԿ-ի սաներից է: Նա էլ ընկերների նման ճապոնական տիկնիկներ պատրաստել էր սովորեցնում.“Մի քանի ամիս է` Ճապոնական արվեստ եմ սովորում, ոճը շատ եմ սիրում: Ճապոնական երգեր էլ գիտեմ: Տիկնիկներ սարքելը շատ հեշտ է: Ուզում եմ Ճապոնիա գնալ ու դիզայներ դառնալ”: Արվեստաբան Լիլիթ Սարգսյանն էլ էր երեխաներին բերել տոնին մասնակցելու: “Ճապոնական մինիմալիզմը փիլիսոփայություն է, հոգեվիճակ: Թղթի կուլտուրան մարդակերտման միջոց է, բնավորություն է ձեւավորում: Դա երեխաների աշխարհայացքն է մեծացնում, այլ մշակույթների ճանաչման միջոց է”,- ասաց Լիլիթը: Հայկական ձեւով ճապոնական տոնին ներկա էր ճապոնացի Հասեկավա Արիշկոն: Ճապոներենի ուսուցիչ է: Հասեկավայի ընտանիքում աղջիկ չկա, դրա համար էլ իրենք տոնը չեն նշում: “Բայց Ճապոնիայում քաղաքներ կան, որ մեծ ծավալով է նշվում: Այստեղ էլ շատ գեղեցիկ էր կազմակերպված, հաճելի էր ներկա գտնվել: Կուզեի բոլորը կիմոնոյով լինեին”,- ասաց նա: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Mana-Litta-ի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: