“Մենք ենք մեր սարերով” մինչեւ ԱՄՆ Արշակյան քույրերը մենահամերգների են պատրաստվում Ինգա եւ Անուշ Արշակյանները “Մենք ենք մեր սարերը” կատարեցին, ու երգը շատ սիրվեց: Անցյալ տարեվերջին համանուն ձայնասկավառակը թողարկեցին, հիմա էլ “Մենք ենք մեր սարերը” խորագրով համերգային տուրնեի են պատրաստվում: Շրջագայությունների մեկնարկը տրվելու է Երեւանում: Մայիսի 21-ին Արշակյան քույրերը նվագախմբի հետ ելույթ կունենան Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, այնուհետեւ նույն համերգային ծրագրով հանդես կգան Հայաստանի մարզերում, Ստեփանակերտում, Մոսկվայում, Լոս Անջելեսում, Կանադայում: Bravo.am-ը հետեւել է քույրերի նախապատրաստական փորձերին: - Ինգա եւ Անուշ, “Մենք ենք մեր սարերի” “բաղադրությունը” կներկայացնե՞ք: Ինգա. - Մոտ քսան երգ կհնչի: Որոշ երգեր առանց գործիքավորման` ակապելլա ենք կատարելու: Մարտական տրամադրվածությամբ ենք: Արդեն ծրագիրը պատրաստ է, երաժիշտները պատրաստ են, բեմադրող ռեժիսորի հետ աշխատում ենք, պարային խմբերի հետ էլ փորձերը շուտով կսկսենք: Բավական հետաքրքիր եւ մեծ շոու է սպասվում: Այնպիսի երգեր կհնչեն, որ հանդիսատեսն ընդհանրապես չի լսել, տեղյակ չի այդ երգացանկին, ինչպես նաեւ վաղուց լսված եւ սիրված երգեր էլ կլինեն. չէինք կարող այդ երգերն անտեսել, չնայած որպես երաժիշտ ցանկություն կա անընդհատ նորացնել, որովհետեւ երգերի մեծ պաշար ունենք: Անուշ. - Համերգից մեծ սպասումներ ունեմ: Նոր գործեր ենք ընդգրկել, եւ շատ հետաքրքիր կլինի հանդիսատեսի արձագանքը: Նոր դիսկից, բայց ոչ ավանդական գործիքավորմամբ երգեր կհնչեն, այդ պատճառով նաեւ մի քիչ վախենում եմ, թեեւ կարծում եմ` ամեն ինչ լավ կլինի, որովհետեւ պրոֆեսիոնալների հետ ենք աշխատում: Բեմն էլ հետաքրքիր դեկորացիաներով է ձեւավորված լինելու: Ամեն ինչով “Շարմ” ընկերությունն է զբաղվում: - Նույն բեմում եւ մենահամերգով մեկ էլ 5 տարի առաջ եք հանդես եկել: Ինգա. - Մենք չենք դադարել: Այդ ընթացքում մենահամերգներով արտասահմանում ենք հանդես եկել: Միշտ էլ ասելիք կա, բայց պահը հասունանում է, եւ ժամանակը ցույց տվեց, որ մենահամերգի համար այս ժամանակից լավագույն տարբերակ չէր կարող լինել: - Այդ դեպքում Արշակյան քույրերի այսօրվա ասելիքը ո՞րն է: Անուշ. – Մենք ենք մեր սարերը… Երաժշտական էքսպերիմենտալ լուծումներով համերգ կլինի: Եթե մեր համերգներին էքստրիմ կա, ապա երաժշտության մեջ է: Ինգա. – Կարծում ենք, “Մենք ենք մեր սարերը” շատ հարմար անվանում է մեր մենահամերգի եւ ձայնասկավառակի համար: Ինչքան տարբեր է մեր Հայաստանի բնաշխարհը, այնպես էլ տարբեր են մեր ձայնասկավառակն ու մենահամերգը: Շրջելով Հայաստանում` կարող ենք տեսնել լճեր կամ փշոտ, քարքարոտ վայրեր, գեղատեսիլ, հիասքանչ բնություն կարող է լինել, տարբեր է: Նույնն էլ համերգն է. տարբեր ոճերի երաժշտություն կհնչի` ռոք, փոփ-ռոք, ջազ-ռոք, բալադներ, ուղղակի մաքուր ֆոլկլոր… Բազմազան է լինելու, համոզված եմ, հանդիսատեսը չի ձանձրանա: - Երգացանկը կներկայացնե՞ս, Անուշ: - Կան երգեր, որ հանդիսատեսը շատ է սիրում, մեր հիթային երգերն են հնչելու` “Թամզարա”, “Դինո”, “Խլպանե”: Նոր երգերից են “Քառսուն կարաս”, “Աշնան գիշեր”-ը, որ նոր ձայնասկավառակում կան, բայց բեմից չեն հնչել: Հիմա հանդիսատեսի դատին ենք հանձնում նաեւ բեմահարթակից: - Բուռն ստեղծագործական կյանքով եք ապրում , հոգնել չկա՞: Անուշ. - Չկա, չի կարելի հոգնել:): Այդպիսի ճոխություն չի կարելի թույլ տալ: - “Շարմ”-ի հետ կնքած պայմանագրո՞ւմ է այդպես գրված:): Անուշ. - : ) Պատասխանատվություն է: Մարդիկ կան, որ մեր էներգիայից են կախված, եթե մենք հոգնում ենք, իրենք էլ են հոգնում: Ինգա. - Մեծ թիմ է մեզ հետ աշխատում, մենք բոլորս մի նպատակի համար ենք աշխատում… Միասին ենք հոգնում:): Միասին ենք ջանում, որ մեր նպատակն իրականանա լավագույն ձեւով: - Իսկ նույն պայմանագրում չամուսնանալու կետ կա՞: Ինգա. - Մեզ ադմինիստրատիվ գործերից ազատել են, արտիստիկ կյանքով ենք ապրում: Պայմանագիրը 3 տարով էր կնքված, այս տարի լրանում է: Իրենց հետ աշխատանքը շատ արդյունավետ է: Իսկ ամուսնանալ արգելող կետ չկար:). մենք լրիվ ազատ ենք: Անձնականում դեռ նորություններ չկան, համենայն դեպս, “Շարմ”-ը խոչընդոտ չի հանդիսացել այդ վառ օրվա համար: “Պետք լինի, դրա պրոդյուսինգն էլ կանենք:)”, – նշեց զրույցին ներկա` “Շարմ” ընկերության PR պատասխանատու Աննա Ավանեսյանը: Ինգա եւ Անուշ Արշակյանները մայիսի 21-ին կայանալիք մենահամերգին անհամբեր սպասում են բոլոր նրանց, ովքեր սիրում են իրենց երաժշտությունը. “Սրտատրոփ կերգենք մեր երգերը”,- նշում են քույրերը: Այս պահին նրանք Բեյրութում են: “Հայաստան” Համահայկական հիմնադրամի” կողմից համերգ տալու հրավեր են ստացել: Արշակյանները մայիսի 11-ին արդեն Երեւանում կլինեն ու կշարունակեն համերգի նախապատրաստական աշխատանքները: Ի դեպ, շուտով պատրաստ կլինի “Մենք ենք մեր սարերը” երգի ռեմիքս տարբերակը: Զրուցեց Լիլիթ Բաբայանը /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: