×


Ջիվան Գասպարյան

Ջիվան Գասպարյան

Վարպետի առաջին ձայնասկավառակը հայրենիքում Մարտի 18-ին Երեւանի կոնյակի գործարանում տեղի ունեցավ դուդուկի մեծ վարպետ Ջիվան Գասպարյանի` Հայաստանում թողարկված առաջին ձայնասկավառակի շնորհանդեսը: Մինչ այս Վարպետի ձայնասկավառակները թողարկվել են արտասահմանում: Jivan Gasparyan “Տարիների միջից…” կոչվող ձայնասկավառակում զետեղված է ինը երգ, որոնց մեծամասնությունը մաեստրոյի` տարբեր երաժիշտների հետ համատեղ իրականացված կատարումներ են: CD-ի առաջին երգը ժողովրդական “Դլե Յամանն” է, “Բոնինդ”-ը Մայքլ Բրուկի մասնակցությամբ է, երաժշտության հեղինակներն են Մայքլ Բրուկը, Ջիվան Գասպարյանը, Ռիչարդ Էվանսը, “Օտար ամայի ճամփեքով” ստեղծագործությունը եւս ժողովրդական է, “Իմպրովիզացիան” Վ³րպետի եւ թոռան` Ջիվան Գասպարյան կրտսերի դուետն է: “Տարիների միջից…” հնչում են նաեւ “Վերցրու իմ սիրտը”, “Խոստովանանք”, “Կապույտ մանուշակ”, “Գիշերվա պես” գործերը: Jivan Gasparyan “Բոլորը կզարմանան` էդ ոնց է, որ Ջիվանի դիսկը հայրենիքում առաջին անգամ է լույս տեսնում: Պետք է վերջ տալ իմ անունով տպվող անորակ, անօրինական ձայնասկավառակներին: Դուդուկ նվագելու համար սիրտ ու հոգի է պետք դնել, որ փայտի կտորը հնչի, մտնի մարդկանց սրտերը: Ջիգյարով նվագելն է կարեւոր: Կոնյակի գործարանի հետ էլ ջերմ հարաբերությունների մեջ եմ. փոքր հասակից այստեղ շատ եմ եկել”,- ասաց Ջիվան Գասպարյանը: Jivan Gasparyan “Տարիների միջից…” ձայնասկավառակը թողարկվել է «ԱրԱրԱտ» կոնյակների աջակցությամբ: “Մեզ համար ու հայկական երաժշտության մեջ շատ կարեւոր իրադարձություն է: Բոլորդ գիտեք, որ ձյաձ Ջիվանը մեզ համար հարազատ, անբաժան մաս է: «ԱրԱրԱտ»-ի հետ կապված ամեն ինչին Վարպետն իր փոքր մասնակցությունն ունի. “Ախթամար” կարճամետրաժ գեղարվեստական կինոնկարում էլ հնչող դուդուկը կատարում է Ջիվան Գասպարյանը”,- ասաց Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը: Երեւանի կոնյակի գործարանի հնեցման մառանում անվանական տակառների շարքում գտնվում է նաեւ Ջիվան Գասպարյանի տակառը, որը ընկերությունը նվիրել է 2008 թվականին` Վարպետի 80-ամյակին: “Տարիների միջից…”-ի կապակցությամբ երեկույթն էլ հնեցման մառանում տեղի ունեցավ: Վարպետը մի քանի ստեղծագործություն նվագեց, կոնյակ խմեց, իրեն շնորհավորելու եկած հյուրերի համար ձայնասկավառակը մակագրեց: Miqayel Poghosyan Դերասան Միքայել Պողոսյանի ձայնադարանում “Տարիների միջից…”-ը  պատվավոր տեղ է զբաղեցնելու: “Մեր բոլորիս ուրախությունն է: Պետք է իմանաս` ում հետ, երբ, ինչ տրամադրությամբ եւ ինչ խմիչքի հետ դուդուկ լսել”: Հայկոն եւս եկել էր Ջիվան Գասպարյանին շնորհավորելու: Նա սիրում է ջազային երաժշտության հետ միքսված դուդուկի կատարումներ լսել: “Իսկապես, տաղանդավոր մարդիկ շատ համեստ են: Դիսկը շատ-շատ ուշացել է, հարյուրավոր նման դիսկեր պետք է ունենար: Աստված նրան առողջություն տա: Դուդուկը տխուր գործիք է, ես  ուրախ մարդ եմ, թեեւ միշտ ռոմանսներ եմ երգում: Բայց միքսված տարբերակով դուդուկը շատ հետաքրքիր է լսվում”,- ասաց Հայկոն: Երգչի նշանածն էլ` Անահիտ Սիմոնյանը, առաջին անգամ էր Կոնյակի գործարանի հնեցման մառանում: Անահիտը մանկուց դուդուկ շատ է սիրում. “Միշտ լսել եմ, ու հենց դուդուկի ձայնի ներքո է մեջս արթնանում հայրենասիրական զգացողությունը: Եթե տրամադրություն չունենամ, կարող է նաեւ արտասվեմ”,- ասաց երգչուհին: Գագա Ամատունին (ձախից) տիկնոջ հետ,Հայկոն ու Անահիտ Սիմոնյանը “Հուսով եմ` Վարպետը կհամաձայնի իրեն պապիկ անվանեմ”. Եվա Ռիվաս Վարպետին ձայնասկավառակի կապակցությամբ շնորհավորելու էր եկել նաեւ “Եվրատեսիլ-2010”-ին Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասը: Երգչուհին Ջիվան Գասպարյանի հետ հինգ տարի առաջ է ծանոթացել ու սիրահարվել է: “Ինձ համար պապիկի նման է, այն ժամանակ համերգից հետո հետնաբեմում նստած էինք, խորհուրդներ էր տալիս եւ հաջողություն մաղթեց ինձ: Պապիկ չունեմ ու հույս ունեմ, որ կհամաձայնի իրեն այդպես կոչեմ”,- ասաց Եվա Ռիվասը: Շուտով երգչուհու պրոմո-տուրն է սկսվելու: Eva Rivas “Եվրատեսիլին միայն պատվի խնդրի համար կնվագեմ”. Ջիվան Գասպարյան Ջիվան Գասպարյանը Եվա Ռիվասի “Apricote stone” երգի մասին ոչինչ չի կարող ասել, որովհետեւ դեռ չի լսել: “Խոսակցություն կա, որ նվագեմ ելույթի ժամանակ: Մի տարի առաջ Մոսկվայում խոսք եմ տվել, բայց մինչեւ չլսեմ, ոչինչ չեմ կարող ասել, կմտածեմ: Այդպիսի մրցույթները ինձ համար խաղալիք են, միջազգային մեծ մասշտաբի 14 հաղթանակ ունեմ: Մի մրցույթ, ուր հաղթողին պետք է հեռախոսով կաչագարը կամ կանաչի վաճառողը որոշի, թույլ մրցույթ է: Երիտասարդներին է պետք դա, եթե ես գնամ, ուրեմն միայն պատվի խնդրի համար, երկիրը ներկայացնելու մասին է խոսքը”,- ասաց նա: Jivan Gasparyan Մաեստրոն նաեւ իր պլանները ներկայացրեց: Ասաց, որ Երեւանում իր դպրոցը շուտով կբացվի: “Նպատակ ունեմ որբ երեխաներին հավաքել եւ առանց վարձատրության սովորեցնել: Նույնիսկ վերջին անգամ Լոնդոնում տեղի ունեցած համերգի ժամանակ թագուհին ասաց, որ իրենք էլ կօգնեն, որ իմ դպրոցը կառուցվի Հայաստանում: Ոչ միայն դուդուկ նվագել ենք սովորեցնելու, այլեւ երգելու են, դաշնամուր նվագելու, կզարգանան:  Կատարյալ արտիստներ են դառնալու, որովհետեւ նրանք մեղք են, շատ մեղք”,- ասաց Ջիվան Գասպարյանը: “Ջիվանը թող գա Հայաստան ու շարունակի պապի գործը” Վարպետը շատ հրավերներ ունի. Իտալիայում սիմֆոնիկ նվագախմբի հետ համերգ  է տալու: Ապրիլի 7-ին Մոսկվայում ԱՊՀ երկրների կողմից դափնեկրի կոչում է ստանալու: “Գիտեմ, որ ՌԴ նախագահն է հանձնելու մեդալը, դափնեկրի կոչումը եւ կարծեմ ֆինանսական պարգեւատրում էլ կա: Շատ մեծ պատիվ է ինձ համար: Մայիսին էլ Հոլանդիայում եմ համերգներ տալու”,- ասաց Վարպետը: Jivan Gasparyan Հետո Ջիվան Գասպարյանը վերադառնալու է Երեւան: “Անկեղծ ասած, մի քանի ամիս ուզում եմ մնալ այստեղ, հարցեր ունեմ լուծելու: Ուզում եմ թոռնիկս գա Երեւանում ապրի: Ջիվանը շատ լավ է նվագում, սիրում էլ է, դրա համար թող շարունակի: Եթե լավ չնվագեր, չէի թողնի, կասեի` ուրիշ բիզնեսով զբաղվի, հիմա Ամերիկայում է ապրում: Էլի Ջիվան Գասպարյան է, թող գա Հայաստան ու շարունակի պապի գործը”,- ասաց Վարպետը: Ի դեպ, Երեւանի կոնյակի գործարանը աստղային երկնքում “ԱրԱրԱտ 5 աստղ” անվանմամբ գրանցված համաստեղության առաջին աստղի հավաստագիրը հանձնել է Ջիվան Գասպարյանին: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին