“In Love”-ային մուտք դեպի երգարվեստ :)
Հայ երգարվեստում նոր անուն է հայտնվել` Karina K. Crystal-ն` իր սոուլ-ֆուլ հաուս ոճով: Մոսկվաբնակ հայուհին մանկուց է երազել երգչուհի դառնալ, հրաժարվել է բուհական բարձրագույն մաթեմատիկայից ու ֆիզիկայից ու եկել հայրենիք` իր երազանքի ետեւից:
Karina K. Crystal-ի երազանքն իրականացման ճանապարհին է. օրերս Կամերային թատրոնում կայացել է սկսնակ երգչուհու առաջին` “In Love” երգի տեսահոլովակի շնորհանդեսը: Երգի հեղինակը հենց երգչուհին է, երաժշտությունը գրել է Soul Cola խմբի երաժիշտների հետ համատեղ, նշում է` այն իր հոգեվիճակից է ծնվել, հնչել է ռուսաստանյան ակումբներում:
“In Love”-ի տեսահոլովակը նկարահանվել է հայրենիքում, ռեժիսորը Հրանտ Մովսիսյանն է: “Մայրիկիս ընկերուհին, լսելով այս երգը, ասաց` գիտի, թե ով պետք է տեսահոլովակը նկարահանի: Գնացինք Հրանտի մոտ եւ արագ անցանք գործի: Շատ ուրախ եմ Հայաստանում նման թիմ ունենալու եւ լավ մարդկանց հանդիպելու համար, ամեն ինչ իմ ուզած ձեւով արեցին: Լավ է, որ միանգամից միմյանց հասկացանք, հետագայում էլ ենք համագործակցելու”,- ասաց երգչուհին:
Karina K. Crystal-ը նշեց` շարունակելու է ստեղծագործել սոուլ-ֆուլ հաուս ոճում: Երգի ու տեսահոլովակի կայացմանն աջակցել են ռուս ընկերները. “Սաքսոֆոնահար Տիմուր Նեկրասովը եկավ Հայաստան ու մասնակցեց տեսահոլովակի նկարահանմանը: Երբ հեռացա բարձրագույն մաթեմատիկայից ու ֆիզիկայից, որոնք ինձ արդեն խեղդում էին, բարեկամներս ասացին, թե ես “կապրիզ” եմ անում, խելագարվել եմ, բայց ծնողներս հասկացան ինձ, օգնեցին, եւ այսօր ես երջանիկ եմ”:
Karina K. Crystal-ն արդեն մեկ տարի է` Հայաստանում վոկալ է պարապում հայ երգիչների “կնքամայր” Արմանուշ Լեւոնովնայի մոտ, ասում է` նրանից շատ բան է սովորում, լսում ու ընդունում խորհուրդները:
“Շատ մեծ պոտենցիալ եմ տեսնում Կարինկայիս մեջ: Բեմական տեսք էլ ունի: Իրեն ավելի շատ արտասահմանյան բեմերում եմ պատկերացնում: Հաուսը սովորաբար կոպիտ երաժշտություն ենք համարում, բայց իր դեպքում այն շատ մեղմ է, ջազային էլեմենտներ ունի”,- BRAVO.am-ին ասաց Արմանուշ Լեւոնովնան:
“Մենք նոր ձայնի կարիք էինք զգում, նոր ոճի. պետք չէ անընդհատ նույնով սահմանափակվել: Շատ ուրախ եմ, որ Կարինկան հայ է: Հեշտ էր իր հետ աշխատել. ազատ է, օգնում էր մեզ ստանալ այն, ինչն այսօր տեսնում ենք: Տեսահոլովակում ներկայացված է չորս կերպար, կա գրաֆիկական մեղմ միջամտություն”,-նշեց ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը:
Պրոդյուսեր Սերգեյ Հարությունյանն էլ, շնորհավորելով Karina K. Crystal-ին եւ տեսահոլովակի ստեղծագործական թիմին, չմոռացավ Տիմուր Նեկրասովին, ով, երեք օր մնալով Երեւանում, դրանք անմոռանալի էր անվանել, ուրախացել հայերի ու հայ մշակույթի հետ ունեցած ծանոթության, շփման համար, իսկ նկարահանված տեսահոլովակի մասին ասել` “բոմբ” է լինելու:
“In love” -ի շնորհանդեսին ներկա էին Karina K. Crystal-ի մտերիմներն ու ընկերները, Կամերային թատրոնի դերասաններն ու տեսահոլովակի ստեղծագործական կազմը: Ներկաներին երգչուհու մայրը խորհուրդ տվեց չփախչել երազանքից, անկախ տարիքից ու պայմաններից` ամեն ինչ անել այն իրականացնելու համար: “Սկսեք ձեր օրը երազանքով, սպասեք դրա իրականացմանը, այն, անշուշտ, կկատարվի:)”. Ռուզաննան հիշեց նաեւ փոքրիկ Karina K. Crystal-ի` անձեռոցիկի վրա գրած երազանքը` “Ուզում եմ երգչուհի դառնալ”:
BRAVO.am-ում տեսահոլովակի պրեմիերան այսօր է, իսկ հեռուստաեթերում այն կլինի սեպտեմբերից:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: