“Երկրպագուներիս հաճելի երեկո կպարգեւեմ”
Bravo.am-ի հարցազրույցը համերգի նախօրեին
Հոկտեմբերի 17-ին Լիլուն մոտ երկու ժամ կենդանի կատարմամբ հանդես կգա “Սայաթ-Նովա” համալիրում: Երգչուհին “Քեզ եմ սպասում” խորագիրը կրող համերգը կբացի իրեն հոգեհարազատ “Հոգիս” երգով: Երաժշտությունը` Վահրամ Պետրոսյանի, խոսքերի հեղինակն է Անիտա Հախվերդյանը:
- Առաջի՞ն mini-մենահամերգդ է:
- Երրորդն է: Առաջինը փոքր ակումբում էր, ընկերական շրջապատիս, հյուրերի համար էի երգում: Վանաձոր քաղաքում եմ ելույթ ունեցել, հրաշալի անցավ, դահլիճը լեփ-լեցուն էր: Մեծ լիցքերով վերադարձա: Այնքան բուռն անցավ երեկոն, որ տուն վերադառնալիս չէի կողմնորոշվում` ինչպես վարել մեքենան:
- Ինչպիսի՞ երեկո սպասենք Լիլուից:
- Կատարելու եմ ոչ միայն իմ երգերը, այլեւ Էռնա Յուզբաշյանի, Ուիթնի Հյուսթոնի, Ալիշա Քեյսի, Սոֆիա Ռոտարուի երգացանկից շատ յուրահատուկ եւ ինձ հոգեհարազատ երգեր: Գուցե մի փոքր հատված էլ Սայաթ-Նովայից երգեմ: Համերգին անակնկալներ են սպասվում: Երկու դուետ կլինի` կերգեմ Ռիչարդ Մադլենյանի եւ… Այ թե ում հետ, անակնկալներից մեկն է: Վերջին “Քեզ եմ սպասում” տեսահոլովակիս պրեմիերան է լինելու նրանց համար, ովքեր դեռ չեն հասցրել դիտել: Շոու ծրագիրն էլ է գեղեցիկ, պարային կատարումներ կլինեն “Թեա Ջազ”-ի աղջիկների կողմից:
Apricota-ն` Լիլուին հյուր
- Մոտ կես ժամ ելույթ կունենա Apricota խումբը: Առաջին համագործակցությունս նրանց հետ է եղել: Իմ լավ ընկերներն են:
- Տարբեր ոճերում ես հանդես գալիս, առավել հարմարավետը ո՞րն է :):
- Լիլուի կերպարը R&B ոճում է: Այն ժամանակակից է, լսարանի կողմից պահանջված:
- Քանի՞ տարի է շոու-բիզնեսում ես: Ի՞նչ քայլերով ես առաջ գնում:
- Արդեն 4 տարի կլինի: Դեռ մեծ մենահամերգի մասին մի քիչ վաղ է խոսելը: Շատ աշխատանք ունեմ անելու: Ինձ համար այս ամենը նոր է: Երկրպագուներիս հաճելի երեկո կպարգեւեմ:
Զրուցեց Լիլիթ Բաբայանը
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի


×
19,392






