Երգչուհին իր առաջին CD-ն ներկայացրեց նաեւ Բեյրութում
Բեյրութի Virgin Mega Store երաժշտական խանութը նոյեմբերի 15-ին հյուրընկալել էր երգչուհի Լուսինային:
Ինչպես հայտնում է Բեյրութի հայկական հեռուստաընկերությունը, իր առաջին ալբոմը հրապարակելուց հետո երգչուհին ցանանում էր Բեյրութում հանդիպել երկրպագուներին եւ մակագրել նրանց CD-ները:
«Սա իմ առաջին ալբոմն է, եւ այն շատ կարեւոր է ինձ համար, ինչպես յուրաքանչյուր արտիստի: Ինձ համար շատ կարեւոր է նաեւ ալբոմս Հայաստանից դուրս` Լիբանանի հայ համայնքին ներկայացնելը: Ցանկանում եմ իմ երաժշտությունը տարածել եւ տալ բոլորին: Կարեւորում եմ ալբոմի տարածումը նաեւ Հայաստանի սահմաններից դուրս»,- ասում է երգչուհին:
Լուսինան հաջողության հասնելու համար պետք է ընտրեր երաժշտության այն ոճերը, որոնք այսօր առավելագույնս պահանջված են նոր, երիտասարդ սերնդի կողմից: Նա իր ալբոմը ներկայացրել է անգլերեն լեզվով, որպեսզի այն հասանելի դարձնի աշխարհին, բայց չի բացառում, որ առաջիկայում կարող են լինել նաեւ հայերեն երգերից կազմված ալբոմներ:
«Առաջին CD-ի մեջ հիմնականում փոփ-երաժշտություն է, կա նաեւ R&B: Առաջին ալբոմս փորձ է անգլերեն լեզվով, սակայն հետագայում, իհարկե, լինելու են նաեւ հայերեն երգեր: Առիթից օգտվելով` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ պրոդյուսերին` Գի Մանուկյանին, որովհետեւ նա է ալբոմի հեղինակը»,- ասում է Լուսինան:
Նրա առաջին ալբոմն արտադրվել է լիբանանահայ երաժիշտ Գի Մանուկյանի կողմից: Վերջինս ասում է, որ Լուսինայի հետ աշխատել է առաջին ալբոմի վրա ոչ միայն երգչուհու կարողությունների, այլեւ նրա ազնիվ բնավորության շնորհիվ:
«Ամենակարեւորն այն է, որ Լուսինան շատ լավ անձ է: Մարդու հետ աշխատելիս կարեւորը նրա հետ հանգիստ լինելն է: Շատ ուրախ եմ, որ աշխատում եմ Լուսինայի հետ: Հպարտ եմ, որ մաս կազմեցի այս պտույտին եւ կարողացանք ստեղծել, իմ կարծիքով, լավագույն գործերից մեկը»,– նշում է Գի Մանուկյանը:
Աղբյուրը` Բեյրութի հայկական հեռուստաընկերություն


×
6,986






