“Տուն, որում…”-ի հեղինակին դիպլոմ շնորհեցին
Bravo.am-ն արդեն պատմել է, որ ապրիլի 12-ին “Ռուսսկայա պրեմիա” հեղինակավոր գրական մրցույթի “Խոշոր արձակ” անվանակարգում լավագույն գիրք ճանաչվեց Մարիամ Պետրոսյանի “Տուն, որում…” վեպը:
Գիրքն անչափահաս հաշմանդամ երեխաների գիշերօթիկ դպրոցի մասին է: “Տուն, որում…”-ը գրողի միակ վեպն է, Մարիամ Պետրոսյանն ասում է, որ այն իր համար է գրել, դրա շնորհիվ էլ հաջող է ստացվել: “Ռուսսկայա պրեմիա” գրական մրցանակի դափնեկիրներն արժանանում են 5000 դոլար պարգեւի: Ի դեպ, այս վեպը 2009 թվականին հավակնել է նաեւ “Большая книга” մրցանակին եւ ընթերցողների քվեարկության արդյունքում զբաղեցրել երկրորդ տեղը: Bravo.am-ի հարցազրույցը Մարիամ Պետրոսյանի հետ կարող եք ընթերցել այստեղ` http://www.bravo.am/news/mariam-petrosyan/ :
Ապրիլի 28-ին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը տեղի ունեցավ Մարիամ Պետրոսյանին դիպլոմ շնորհելու հանդիսավոր արարողությունը: Գրողին դիպլոմը հանձնեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, շնորհավորեց եւ ստեղծագործական հաջողություններ մաղթեց:
“Անչափ երջանիկ եմ եւ հպարտ, որ չնայած դժվարություններին` Ռուսաստանի եւ Հայաստանի մշակույթն ու արվեստը հարստացնում են միմյանց: “Տուն, որում…”-ը հրաշալի գիրք է. նրբորեն ներկայացվում են գիշերօթիկ դպրոցում ապրող հաշմանդամ երեխաների մտքերն ու զգացմունքները”,- ասաց Վյաչեսլավ Կովալենկոն:
Մարիամ Պետրոսյանը շոյված էր նման վերաբերմունքից. “Շատ հաճելի ու անսպասելի էր: Ինձ թվում էր` ուղղակի պետք է փոխանցեն այդ դիպլոմը”: “Տուն, որում…”-ի հեղինակը ֆինանսական պարգեւը դեռ չի ստացել. “Գումարն իմ ներկայացուցչին են փոխանցել: Ինքն էլ ինձ նամակ գրեց, որ շտապ գնում է Եգիպտոս, մի 10 օրից կվերադառնա եւ նոր փողը կուղարկի”,- նշեց նա:
Հաղթանակի կապակցությամբ Մարիամ Պետրոսյանին շամպայնով շնորհավորեցին ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը, Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Ավիկ Իսահակյանը Bravo.am-ին ասաց, որ Մարիամ Պետրոսյանի մայրն իր մանկության ընկերուհին է եղել: “Մարիամը համեստագույն եւ խելոք մարդ է, ինքը ստեղծեց առանց մտածելու` մրցանակ կլինի, չի լինի: Հպարտ եմ, որ այսպիսի հայուհի կա: Այս գիրքը գնահատվում է ոչ միայն նրա համար, որ սրտաճմլիկ պատմություն է որբանոցի մասին, այլ որպես նոր արձակ` հոգեբանական նոր իրավիճակների ստեղծմամբ, այստեղ կան 20-րդ դարի ամերիկյան արձակի` Սելինջերի ազդեցությունը, ռուսական հումանիստական ավանդույթները եւ մեր հայկական մաքուր սարոյանական հոգեբանությունը, որ փոքր մարդը դառնում է հերոս”,- ասաց Ավետիք Իսահակյանի թոռը: Նա “Տուն, որում…”-ը վերջերս է կարդացել. “Առանց արցունք չի կարելի կարդալ, բայց եւ արցունքներն ուրախության են, որ մենք ունեցանք մի հասուն, պատրաստի արձակագիր”:
Լեւոն Անանյանն էլ նշեց, որ Գրողների միությունում շատ մեծ ուշադրություն են դարձնում հայազգի օտարագիր գրողներին: “Այն լեզուների դաշտում, որտեղ ստեղծագործում են, Հայաստանի, հայ ժողովրդի հոգեկերտվածքը ներկայացնելու կարեւոր դեր ունեն: Մեր կանոնադրությամբ մի գիրքը բավարար է Գրողների միության անդամ դառնալու համար: Ռուսաստանի Դաշնությունում, այդ դժվար, դաժան մրցույթում հաղթած գրքի հեղինակը արժանի է: Մենք Գրողների միությունում ռուսագիրների բաժանմունք էլ ունենք, ու շատ հարմար գալիս, տեղավորվում է անդամակցության հարցի առումով: Մարիամն իր արժեքը ստեղծել է”,- ասաց Գրողների միության նախագահը:
Ի դեպ, նշվեց , որ շուտով գիրքը թարգմանվելու է հայերեն:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


×
9,229






