Կուստուրիցան Երեւանում տանգո էր լսում
Երեւանում համերգներով հանդես եկող իտալացի ակորդեոնիստ եւ բանդեոնիստ Մարիո Ստեֆանո Պիետրոդարքին մարտի 4-ին “Mezzo Classic Hause”-ում Աստոր Պիացոլլայի ստեղծագործություններն էր հնչեցնում:
Տանգո լսելու էին եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, անվանի երաժիշտ Ջիվան Գասպարյանը, Մարիո Ստեֆանոյից գուցե ավելի սպասված Էմիր Կուստուրիցան իր “The No Smoking Orchestra” խմբով:
Մարիո Ստեֆանո Պիետրոդարքիի հետ հանդես եկավ նաեւ կիթառահար Լուկա Լուչինին: Նա եւս իտալացի է: Մարիոն եւ Լուկան ներկայացնում են “DuoEl Tango” նախագիծը, որն երեք տարի առաջ են ստեղծել: Բանդեոնիստը Հայաստանում առաջին անգամ չէ, նախորդ այցերի ժամանակ էլ է ելույթ ունեցել: “Դուել տանգո” խորագրով համերգների ժամանակ մենամարտում են կիթառն ու ակորդեոնը:
Այս տարի իտալացի երաժիշտներին Երեւան է հրավիրել Հայաստանի երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը, որի հետ համատեղ ելույթ ունեցան: Կամերային երաժշտության տանն էլ տեղի ունեցավ նրանց ձայնասկավառակի երեւանյան շնորհանդեսը: Այն անցյալ տարի են թողարկել:
Մարիո Ստեֆանոն իրեն հատուկ ոտքի շարժումներով զգում ու վայելում էր ակորդեոնի արձակած հնչյունները, Ջիվան Գասպարյանը վայելում էր տանգոն, Էմիր Կուստուրիցան էլ թուրինջ էր վայելում: Այսօր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի թատրոնի դահլիճում նա է ցնցելու հայ հանդիսատեսին:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: