“Մի բուռ”-ը` երգչուհու վերջին զանգի նախաշեմին
Bravo.am-ը հետեւել է տեսահոլովակի նկարահանումներին
Մարի Ավանեսյանն այս տարի ավարտում է դպրոցը, ընդունելության քննություններին հավասար շատ լուրջ պատրաստվում է նաեւ ավարտական երեկոյին: “Ասես հարսանիքս լինի: Երկրորդ շոր եմ կարել տալիս. շատ եմ ոգեւորվել, ինձ թվում է` մարդու կյանքում դպրոցն ավարտելու շրջանը շատ կարեւոր է, մի մեծ քայլ եմ անում դեպի հասուն մարդու կյանք ու պետք է շատ ուշադիր լինեմ, որպեսզի չսայթաքեմ”,- ասաց Մարին:
“Հասուն մարդու կյանք իր մեծ քայլին ընդառաջ” Մարին նոր տեսահոլովակ է նկարահանում: “Մի բուռ”-ի պրոդյուսինգով եւ նկարահանմամբ զբաղվում է “Slide Art production”-ը: Երգի խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, երաժշտությունը գրել է Վահրամ Պետրոսյանը: Մարին ձայնագրվել է երգիչ Հայկոյի ստուդիայում, հնչյունային ռեժիսորը Տիգրան Պետրոսյանն է:
“Այս տարի ավարտում եմ դպրոցն ու վերջին զանգի երգ էի ցանկանում: Խնդրեցինք Վահրամին երաժշտությունը գրել, որին համապատասխան բառերն էլ Ավետը կգրեր: Երբ նա լսեց երաժշտությունն, ասաց` չի զգում վերջին զանգի բառեր, գեղեցիկ չի ստացվի: Այս խոսքերն ինձ համար շատ գեղեցիկ են, ես այս երգը շատ եմ սիրել. իմ երգացանկում ամենասիրելին է դարձել”,- “Մի բուռ”-ի պատմությունը պատմեց Մարին:
Երգը աղջկա մասին է, ով խնդրում է տղային իրեն չնեղացնել, թեք չնայել. “Գրկի լուռ, որ իր գրկում դառնամ մի բուռ: Շատ չեն նեղացնում, ուղղակի Մարին է շատ նեղացկոտ, շուտ-շուտ նեղանում է:): Ինձ շատ հեշտ է վիրավորել, ես էլ նեղվեմ, ինձ վատ զգամ, բայց փոքր ժամանակ էլ բակում վեճերի ժամանակ չէի կարողանում պատասխանել, ամենը մեջս էի պահում, վատ զգում, հետո գլուխս էր ցավում:)”,- նշեց երգչուհին:
Մարիի հագուստների հեղինակը Էլսին է. “Մի տասը օր առաջ որոշեցինք, որ իմ ավարտական երեկոյի զգեստը պետք է լինի այն կարմիր զգեստը, որով ներկայանում եմ նաեւ տեսահոլովակում”:
“Մի բուռ”-ի հիման վրա Մարիի երրորդ տեսահոլովակն է նկարահանվել: Մյուս երկուսը` “Երազանքն” ու “Դառը սուրճը” Սյոմա Կոդաբաշյանն է նկարահանել: “Այսքան լուրջ նկարահանում դեռ չէի ունեցել, ինձ շատ լավ եմ զգում, միայն արեւն է մի քիչ խանգարում, աչքերս չեմ կարողանում լավ բացել: Մի քիչ էլ որ ցուրտ լիներ, մրսեի, լավ կլիներ:): Առաջին տեսահոլովակիս երգը` “Երազանքը”, իմ շատ սիրելի ուսուցչուհի Վարդուհի Վարդանյանին է նվիրված, հենց նա էլ նկարահանվել է: 6 տարի առաջ էր, երգի հեղինակը Մանե Հակոբյանն է”,- ասաց Մարին:
“Slide Art production”-ի տնօրեն, Արամեի պրոդյուսեր Արտավազդ Ամիրյանը նշեց, որ հինգ օր առաջ է որոշել` պետք է տեսահոլովակ նկարահանվի: “Ստացվում է` նաեւ Մարիի պրոդյուսերն եմ, որովհետեւ մեր ընկերությունը զբաղվում է նաեւ իրենով, իմն են գաղափարները, առաջարկներն ու վերջնական որոշումը, բայց ընդհանուր թիմն է զբաղվում դրանցով: Չեմ կարծում, թե “Մի բուռ”-ը շատ մեծի երգ է, Ավետը խոսքերը գրելուց հաշվի է առել երգչուհու տարիքը, պետք չէր ծանր սիրո մասին երգել: Մարին երգում է լավ սիրո մասին` կադրում սահման չի երեւում, ասես` անեզր ճանապարհ լինի, մենակ է, սպասում է` նա գրկի ու նրա գրկում դառնա մի բուռ”,- ասաց Արտավազդ Ամիրյանը:
Մարին դեռ չի պատրաստվում նշանվել…
“Շատ եմ սիրում Արտավազդին, ուզում եմ միշտ լավ, ճիշտ խորհուրդներով կողքիս լինի: Մարին չի պատրաստվում նշանվել կամ ամուսնանալ, դրա մասին շատ վաղ է խոսել, իսկ իմ անձնական կյանքի մասին չեմ սիրում խոսել, լռում եմ, բայց երբ նշանվեմ, հաստատ բոլորը կիմանան”,- նշեց երգչուհին:
Bravo.am-ը հետաքրքրվեց` ինչո՞ւ վերջերս Սյոմա Կոդաբաշյանը չի նկարահանում “Slide Art”-ի արտադրած տեսահոլովակները: «Կոնֆլիկտ չի եղել, նման բան չկա, շարունակվում է մեր համագործակցությունը, ամեն ինչ նորմալ է, ինքը շուտով նկարահանելու է “Արեւիկ” համույթի տեսահոլովակը “Մայրիկ” երգի հիման վրա»,- նշեց Արտավազդ Ամիրյանը:
Bravo.am-ը շնորհավորում է Մարիին վերջին զանգի կապակցությամբ, ցանկանում հրաշալի անցկացնել իր համար այդքան կարեւոր ու սպասված ավարտական երեկոն ու նաեւ իր որոշած ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետ կամ ԵՊԼՀ` Բրյուսով, ընդունվել:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: