Բացվեց Երեւանի “ամենակլասսիկ” ակումբը Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ Mezzo Classic House ակումբի բացման հանդիսավոր արարողությունը: Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի հարեւանությամբ գտնվող ակումբում դասական եւ ջազ երաժշտություն է հնչելու: Ակումբի դիզայնը “Design De Luxe” դիզայներական ընկերությունն է կատարել. ամեն ինչ դաշնամուր է հիշեցնում: Mezzo-ն ունի ռեստորան, լաունջ, սիգար եւ աղանդերի համար նախատեսված սրահներ, խոհանոցը եվրոպական է: “Ուզում ենք մեր քաղաքացիները դասական երաժշտություն լսեն: Ինտերիերը տեսնում են ու պատկերացնում, որ ամեն ինչ շատ թանկ է լինելու, բայց գները մատչելի են: Քաղցրավենիքի մեծ ընտրանի ունենք, իտալական սուրճերի հյուրասիրություն է լինելու: Մեր խոհարարները հրավիրվել են Նյու Յորքից եւ Մոսկվայից”,- ասաց Mezzo ակումբի տնօրեն Մարինե Ժամկոչյանը: Mezzo ակումբի բացմանը ներկա էին բազմաթիվ քաղաքական եւ մշակութային գործիչներ: Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը եւս եկել էր դասական ակումբը գնահատելու: Ակումբը հյուրերին ներկայացրեց հաղորդավար Արամ Չախոյանը: “Շքեղ հանգրվան է արվեստի համար, համոզված եմ` այստեղ կտիրի բարձր ճաշակը”,- նշեց հաղորդավարը: Ակումբի դիզայնի “մեղավորն” է “Design De Luxe” դիզայներական ընկերությունը` ի դեմս դիզայներներ Նաիրա Ամատունիի, Սոնա Սոսյանի եւ Գագա Ամատունիի: Bravo.am-ի հետ զրույցում Գագա Ամատունին ասաց, որ իրենք բավականություն են ստացել ակումբի դիզայնի վրա աշխատելիս եւ շատ գոհ են մնացել վերջնական արդյունքից: Mezzo-ի հիմնադիր Կամո Մովսիսյանն է առաջարկել նրան զբաղվել ակումբի դիզայնով: “Մոտ 1 տարի եւ 7 ամսում ենք ստեղծել Mezzo-ն: Մտերիմ ընկերս դիմեց մեզ: Նպատակն էր ստեղծել դասական ակումբ, որը նման չէր լինի երեւանյան մյուս ակումբներին: Այստեղ ամեն ինչ կապել ենք դաշնամուրի հետ. տաղավարը, աստիճանները, սյունները դաշնամուր են հիշեցնում: Դասական ոճում է, բայց էկլեկտիկ ու թարմ, որպեսզի հյուրերին չհոգնեցնի: Հնի ու նորի համադրությունը, կարծում եմ, ստացվել է: :) Կահավորել ենք դրսի հումքով, բայց բոլոր աշխատանքները կատարել են հայ եւ ռուս վարպետները: Ակումբի կենտրոնում տեղադրված դաշնամուրի տեսքով պտտվող սյունը ռուս մասնագետ Միշան կառուցեց, որովհետեւ ոչ ոք ռիսկ չէր անում: Մեր պահանջները շատ մեծ էին, ու միլիմետրի խախտում չպետք է լիներ: Հավանել եմ աշխատանքս, ուրեմն ստացվել է: Շնորհավորում եմ Երեւանին նման ակումբ ունենալու կապակցությամբ”,- ասաց “Design De Luxe” ամսագրի հիմնադիր եւ նախագահ Գագա Ամատունին: Mezzo-ում նվագում էր ու շարունակելու է նվագել երգահան Գարի Քեոսայանը: Նա ակումբի գեղարվեստական ղեկավարն է: “Լավ առաջարկ էր, մեր մտքերն ու գաղափարները համընկան: Միաբան եղանք ու որոշեցինք լավ երաժշտություն մատուցել: Մակարդակը որոշ չափով իջել է Երեւանում, ամեն ինչ անելու ենք, որ բարձրանա: Պրոպագանդելու ենք դասական, ջազ արվեստ: Հյուրեր կունենանք արտասահմանից: Ծառայելու ենք արվեստի զարգացումը”,- նշեց երգահանը: Ի դեպ, Գարի Քեոսայանը Ամանորին նոր ձայնասկավառակ է թողարկելու երեխաների համար: Այն կոչվում է “7 գույն”: Հյուրերը ակումբը հավանել էին, համենայն դեպս դրական կարծիքներ էին հայտնում: :) “Վերջերս շատ ակումբներ են բացվում, բայց ինչպես արագ բացվում են, նույն արագությամբ էլ փակվում են: Երկարակեցություն եմ ցանկանում երաժշտական հրաշալի այս անկյունին: Թող Mezzo-ում հնչող երաժշտությունը մարդկանց գերագույն հաճույք պարգեւի եւ ճաշակ բարձրացնի: Հիմա երաժշտությունն աղավաղում են, այստեղ հնչող երաժշտությունը մաքրում եւ բարձրացնում է արվեստը”,- ասաց ռադիոհաղորդավար Նաիրա Ավետիսյանը: Ոճաբան Վահան Խաչատրյանը գերադասում է համերգասրահներում նման երաժշտություն լսել, բայց եթե ակումբը շարունակի մնալ այնպիսին, ինչպես բացման օրը, հաճախ կայցելի: “Երեւանին նման վայրեր շատ են պետք: Մեր հասարակությունը ճաշակով երաժշտության եւ արվեստի սով ունի: Ես հուսով եմ, որ վաղը կավելանան պատկերասրահները, գրադարանները, սա սկիզբն է: Մենք ջազ ակումբներ ունենք, հուսով եմ` այստեղ դասական երաժշտություն էլ կհնչի, եւ երիտասարդ սերունդը կսկսի նման երաժշտություն էլ լսել”,- ասաց Վահան Խաչատրյանը: Երգիչ Հայկոն ուրախ է, որ քաղաքում “հազիվ իսկական ամումբ բացվեց”: “Ջազային լավ ակումբ է` հզոր ձայնային սարքավորումներով, մեծ բեմով: Իմ ընկեր Գագա Ամատունին է ակումբի դիզայնով զբաղվել, շատ գեղեցիկ է: Ամեն ինչ բարձր մակարդակով է արված: Երբ ակումբային համերգ կազմակերպեմ, անպայման Mezzo-ում ելույթ կունենամ”,- նշեց երգիչը: Երեկոյի ընթացքում երգեց նաեւ դերասան Հովհաննես Բաբախանյանը: Առաջին կատարումը սիրո խոստովանություն էր Երեւանին: :) “Մայրաքաղաքին վայել սրահ է բացվել: Այնքան գեղեցիկ է մտածված ամեն բան: Մարդիկ, էստեղ հնարավորություն ունեք ստեղնաշարի վրայով քայլել: Սրահ է, որտեղ արվեստագետներն ու չարվեստագետները կարող են հավաքվել եւ հրաշալի ժամանակ անցկացնել”,- ասաց Հովհաննես Բաբախանյանը: “Էվա” ռոք-խմբի վոկալիստ Էվան էլ ելույթ ունեցավ: Նվագեց բեմում տեղադրված յուրահատուկ հարմոնը: Այստեղ պարբերաբար ելույթ ունենալու երգչուհու ցանկությունը շատ մեծ է: “Երբ առաջարկեցին ելույթ ունենալ, չէի պատկերացնում` ինչ նախագիծ է: Առաջին փորձի օրն էլ հասկացա, որ մեր քաղաքում ստեղծվել է մի վայր, ուր արվեստագետները, արվեստ գնահատողները կարող են վայելել իրենց ժամանցը: Ինձ պարոն Քեոսայանն առաջարկեց նվագել ու երգել: Ես դաշնամուր եմ նվագում, իմացա, որ հարմոն պետք է նվագեմ, շատ անսովոր էր, բայց փաստորեն ստացվեց”,- ասաց Էվան: Ի դեպ, “Մեցցո” ակումբի սիգար-սրահի պաշտոնական բացմանը ներկա է լինելու դոմինիկյան սիգարի արքա, սիգարագործ, ինչպես նաեւ ջազմեն, հայազգի Ավո Ուվեզյանը: Բացման արարողության մանրամասները եւս կներկայացնի Bravo.am-ը: :) Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Ասատուր Եսայանցի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: