“Ուզում եմ տարբերվել մյուս Մարիաննաներից”
Mimi Singerella բեմական անվամբ 19-ամյա Մարիաննան, ով որոշել է հաստատվել երգի ասպարեզում, հուլիսի 31-ին ակումբային իր առաջին մենահամերգն իրականացրեց “Ուլիխանյան” ակումբում:):
Սոուլ, ջազ ու բլյուզ ոճերի սիրահար նորահայտ երգչուհին հենց իր երաժշտական նախասիրություններն էլ “ցուցադրեց” հանդիսատեսին, որոնց շարքերում ինչպես աղջկա մտերիմներն էին, այնպես էլ մի քանի երաժիշտ ու անծանոթ ունկնդիրներ:
Mimi Singerella-ն կոնսերվատորիայի ուսանողուհի է, սովորում է ջազ-վոկալ բաժնում՝ Էմմա Պետրոսյանի դասարանում. “Մինչ կոնսերվատորիա ընդունվելը վոկալի շատ ուսուցիչներ եմ ունեցել, բայց, կարծես, գտել եմ այն մարդուն, ում հմտությունները սովորելու ցանկություն ունեմ:)”:
Ակումբային համերգը երգչուհին սկսեց իր սիրելի Jennifer Holliday-ի “And I’m Telling You I'm Not Going” երգով, ինչպես նաեւ կատարեց քավերներ Մրայա Քերիի, Ջենիֆեր Հադսոնի, Թինա Թըրների, Ուիթնի Հյուսթոնի, Էրիկ Բենեթի երգացանկից: Բացի սոլո կատարումներից, Mimi Singerella-ն երկու զուգերգ կատարեց “X-Factor” նախագծի մասնակիցներ Արթուր-Ալեք Քոսբեկյանի եւ Վահե Ալեքսանյանի հետ:
Նոր երգի պրեմիերա էլ հնչեց. “Remember My Love”-ը Մարիաննային է նվիրել երաժիշտ, երգիչ Արսեն Գրիգորյանը: Երգի տեքստի հեղինակը Ռաֆայել Ջալալյանն է: Mimi-ն այն կատարեց երաժշտության հեղինակի դաշնամուրային նվագակցությամբ:
“Երիտասարդ կատարողները ինտերնետով հաճախ մասնագիտական հարցեր են տալիս, ես էլ փորձում եմ օգտակար լինել, կարծիքս հայտնել: Միմիի հետ էլ ինտերնետով ենք շփվել: Նրա ձայնագրությունները հավանելուց հետո հրավիրեցի իմ ստուդիա, հետո էլ որոշեցի երգ նվիրել ու ոգեւորել, որովհետեւ արժանի ու տաղանդավոր աղջիկ է”, - BRAVO.am-ին ասաց Արսեն Գրիգորյանը:
Mimi-ն դեռ չի շտապում տեսահոլովակ նկարահանել, փոխարենը պատրաստվում է երեւանյան տարբեր ակումբներում բենդի հետ համերգներ ունենալ. “Երբ հանդիսատեսը համերգներին կտեսնի, որ երգել գիտեմ, կարողանում եմ բենդի հետ աշխատել, այդ ժամանակ կարելի է մտածել տեսահոլովակի մասին: Չեմ ուզում, որ մտածեն՝ հերթական մեկն եմ, որ ձայնագրված երգով կլիպ ունի ու երգել չգիտի”:
19-ամյա Մարիաննա Ավանեսյանը, ով նախընտրում է, որ իրեն ճանաչեն որպես Mimi Singerella, այս քայլի իր բացատրությունն ունի: “Այդպես ես կտարբերվեմ մյուս Մարիաննաներից. ծանոթներս ինձ դիմում են Միմի: Հնարավոր է՝ դառնա բեմական անուն, թեեւ կարող է հետագայում փոխեմ, այլ անունով ներկայանամ”,- ասաց նա ու չմոռացավ նշել, որ իր համար կարեւոր է յուրաքանչյուր հանդիսականի արձագանքը. “Շատ պատասխանատու էր, ընդունելության քննությունից հետո, կարծես, երկրորդ քննությունս հանձնեի”:
Նշենք, որ Մարիաննայի հետ հանդես եկող ջազային բենդը նաեւ ինստրումենտալ մի քանի գործ նվագեց: Բենդը հանդես եկավ հետեւյալ կազմով՝
Սաքսոֆոն՝ Դավիթ Մելքոնյան
Սոլո-կիթառ՝ Արամ Վարդանյան
Բաս-կիթառ՝ Հովհաննես Հարությունյան
Ստեղնաշարային գործիքներ՝ Սարգիս Դալաքյան
Հարվածային գործիքներ՝ Գեւորգ Հարությունյան
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: