Սոցիալական ցանցից մինչեւ թատերական ներկայացում Հայտնի սոցիալական ցանցի անվանումով նոր ներկայացում է հայտնվել երեւանյան թատրոնի բեմին: Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում ապրիլի 29-ին “Օդնոկլասնիկի” բեմադրության պրեմիերան էր: Ներկայացման փակ դիտմանը ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ներկայացման հովանավոր “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, մի շարք թատերական գործիչներ, դերասաններ, բեմադրիչներ, նաեւ քաղաքական գործիչներ: “Օդնոկլասնիկի” բեմադրությունն ունի 2 դերասանական կազմ, պարբերաբար խաղալու են տարբեր տարիքային կազմերով: Ժամանակակից մելոդրաման 2 գործողությամբ է, տեւողությունն էլ մոտ 2 ժամ 30 րոպե է: Դերերում են Աննա Բալանդինան, Իրինա Հարությունյանը, Արման Ղազարյանը, Ռոբերտ Հակոբյանը, Ֆրեդ Դավթյանը, Իրինա Մարչենկոն եւ այլք: Պիեսի հեղինակը ժամանակակից գրող, հրապարակախոս Յուրի Պոլյակովն է, որը եւս ներկա էր պրեմիերային: Պիեսը պատմում է համադասարանցիների մասին, որոնք 40 տարեկանում հանդիպում են միմյանց: Այդ սերունդն ապրում է Ռուսաստանի բեկումնային ժամանակաշրջաններից մեկում, որոնք փորձում են հարմարվել կյանքի նոր հանգամանքներին, ուր շատ սկզբունքներ ու արժեքներ են խարխլված: Ներկայացման ռեժիսոր ու դերակատար Ֆրեդ Դավթյանի խոսքերով, բեմադրության փորձերը տեւել են շուրջ 3 ամիս. “Միանգամից 2 դերասանական կազմ ենք պատրաստել: Մեր ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը հիշեց իր ուսուցչի խոսքերն ու որոշեց լիարժեք բեմադրություն անել: Եթե թատրոնում կա լավ պիես ու ներկայացման համար կա երկու լիարժեք կազմ, ուրեմն թատրոնն ունի լավ ստեղծագործական անձնակազմ: Մի կազմում տարիքով ավելի մեծ դերասաններն են, մյուսում` երիտասարդները»: Ֆրեդ Դավթյանը կարծում է, որ ներկայացումն անպայման կքննարկվի “Օդնոկլասնիկի” սոցիալական ցանցում. «Սկզբում ուզում էինք հենց կայքի անունով անվանել ներկայացումը, այսինքն`“Օդնոկլասնիկի.ռու”, բայց հասկացանք, որ մի քիչ կհասարակացնի այն գաղափարը, որը դրված է պիեսի հիմքում»,- ասաց դերասանը եւ ավելացրեց. «Մարդիկ ուզում են վերհիշել դպրոցական մաքուր ու մանկական տարիները, հավաքվում ու նշում են դպրոցն ավարտելու 10 կամ 20-ամյակը: Բայց կարեւորն այն է, թե նրանք ոնց են անցել կյանքի ճանապարհը, ինչի են հասել, ինչ մարդկային որակներ ունեն: Համադասարանցիներից մեկը տերտեր է դարձել, մեկը` օլիգարխ, մյուսը` ալկոհոլիկ, իսկ մեկ ուրիշը` պատերազմի մարտիկ»: Բեմադրության ու երաժշտական ձեւավորման հեղինակը թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանն է, ռեժիսորը` Ֆրեդ Դավթյանը, իսկ հագուստների նկարիչը` Ինեսսա Սեւունցը: Նյութը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: