×


Queen-40

Queen-40

Մրցույթի հաղթողը հայտնի է:) Այս տարի ողջ աշխարհում նշվում է բրիտանական լեգենդար Queen խմբի կազմավորման 40-ամյակը: Հայաստանը եւս անմաս չմնաց այդ իրադարձություններից: Սեպտեմբերի 13-ին bmi-ը (British Midland International) եւ Մեդիամաքս լրատվական գործակալությունն իր Bravo.am կայքով նախաձեռնեցին հերթական համատեղ մրցույթը, որի հաղթողը, ինչպես եւ խոստացել էինք, բացառիկ մրցանակ կստանա՝ էկոնոմ դասի երկու տոմս Երեւան-Լոնդոն-Երեւան երթուղով, Լոնդոնի հյուրանոցի կացության ծախսեր 3 գիշերվա համար ու “We will rock you” մյուզիքլի 2 տոմս:): Queen Այս ֆանտաստիկ մրցանակը ստանալու համար մասնակիցները պետք է շարադրություն գրեին` “Queen խմբի իմ ամենասիրելի երգը” թեմայով: Եվ ահա, եկել է ժամանակն ամփոփելու մրցույթի արդյունքները: Նշենք, որ մասնակցությունը շատ ակտիվ էր` մենք ստացանք 34 շարադրություն: Մասնակիցներից մի քանիսին հաջողվել էր Queen-ի ամենասիրած երգը ներկայացնել իրենց իրական կյանքի լույսի ներքո, եւ ժյուրին կանգնած էր բարդ խնդրի առջեւ. ընտրել այդ պատմություններից լավագույնը: Եվ այսպես, ժյուրիի միաձայն որոշմամբ, մրցույթի հաղթող է ճանաչվել Երեւանի Ավան թաղամասի բնակիչ Հասմիկ Մադաթյանը, որի աշխատանքը ներկայացնում ենք ստորեւ: Այսօր Մեդիամաքս-ի ներկայացուցիչները կկապվեն Հասմիկի հետ եւ կտեղեկացնեն` ե՞րբ եւ ինչպե՞ս ստանալ մրցանակը: Մրցույթի մյուս մասնակիցներին կոչ ենք տալիս շարունակել ակտիվորեն մասնակցել Մեդիամաքսի եւ Bravo.am-ի զանազան միջոցառումներին: Quenn QUEEN խմբի իմ ամենասիրելի երգը` Show Must Go On… Հասմիկ Մադաթյան Անկախ ինձանից ժպտում եմ, երբ հիշում եմ, թե ինչպես էինք ես ու քույրս ամենայն հետեւողականությամբ եւ պարտադիր թաքուն փորձում բացահայտել մեզ համար անհասկանալի, բայց հարազատ հնչյունների առեղծվածը` քանդելով ու իրար խառնելով հորս նվիրական, մեծ ու հնամաշ դարակում տարիներ շարունակ հոգատարությամբ դասավորվող ու անխռով ապրող մեծ սեւ ձայնասկավառակներն ու փոքրիկ սպիտակ ձայներիզները… Show Must Go On… Թեեւ չէինք հասկանում, թե ինչու էր հայրս բոլորիս ծնունդների տաշի-տուշիներից հետո միացնում այս անհասկանալի բառերով ու արդեն շատ հարազատ դարձած երգը, բայց բոլորս էլ համաձայն էինք… Մայրս գրկում էր ինձ ու քրոջս, հայրս գրկում էր մեզ բոլորիս, ու միասին լսում էինք… Show Must Go On… Հիմա եմ հասկանում, թե ինչու անլույս ու անհույս տարիներին այրվեց ամենը, ինչ  հնարավոր էր այրել` միայն ոչ ձայներիզները… “Գարուն”, “Գիտություն եւ Տեխնիկա”, մեր ծիրանի ծառը, երբեմնի սաղարթախիտ մեր թթենիները… նույնիսկ ձայնասկավառակների տուփերը, բայց ոչ երբեք ձայներիզները… Show Must Go On… Հայրս չդիմացավ… Նա հեռացավ` թողնելով մեզ իր հարազատ հնչյունները` արդեն հասկանալի բառերով, թողնելով այս հրաշք երգի` տիեզերքի պես անհուն խորհուրդը, Եվրոպան ու Ամերիկան տեսնելու իր բաղձալի երազանքը, որը հետո ես ու քույրս պիտի կյանքի կոչեինք… Հայրս մեզ թողեց մահը կյանքով, սիրով, արվեստով ու երգով հաղթելու իր պատգամը… Ու ես ու քույրս պիտի ապրեինք ու պայքարեինք մենակ… Ապրեցինք ու պայքարեցինք… Show Must Go On… Տղայիս ծնունդը վերջնականապես ամոքեց տարիներ շարունակ սրտումս լուռ մխացող իմ անփոխարինելի կորստի ցավը, ու կյանքն ինձ համար նորովի բացահայտեց մարդկության հավերժության գաղտնիքը: Ու հիմա ես ահավոր մեծ ու անասելի կարեւոր առաքելություն ունեմ` տղայիս էլ, աղջկաս էլ մեծացնել այն հնչյուններով, որով ես եմ մեծացել… Show Must Go On… Վերջաբանի փոխարեն` Շնորհակալ եմ ողջ ներաշխարհս տակնուվրա անելու համար, մանկությանս դառն ու անուշ հիշողությունների վրայից լուսավոր փոշին սրբելու համար, սիրելի աշխատանքիս խելագար ռիթմից մի պահ կտրվելու եւ իմ ու, հաստատ համոզված եմ, շատ-շատերի սիրելի երգը նորից ու նորից ու թերեւս միգուցե մի փոքր այլ կերպ ըմբոշխնելու համար… Շնորհակալ եմ… Show Must Go On…

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW