Մեկնարկել է Smoke on the Water-ի ռեմիքսի վաճառքը Edel գերմանական ձայնագրման ընկերությունը այսօր Գերմանիայում սկսել է 1989թ. բրիտանացի ռոք-աստղերի կողմից Rock Aid Armenia նախագծի շրջանակներում ձայնագրված Smoke on the Water երգի ռեմիքս տարբերակի վաճառքը: Այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է Մեդիամաքս-ի տնօրեն Արա Թադեւոսյանը` հանդես գալով Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլի հետ համատեղ մամուլի ասուլիսում, որը նվիրված էր «Ռոքն օգնում է Հայաստանին/Հայաստանը շնորհակալ է ռոքին» նախագծի վերջին զարգացումներին: Ռեմիքսի հեղինակը Do Something ավստրալիական ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Ջոն Դին է, ով 1989թ. ձեռնարկել էր Rock Aid Armenia նախագիծը: Ջոն Դիի խոսքերով, «համաշխարհային աստղերի կատարմամբ Smoke on the Water-ի այս նոր տարբերակն ավելի դինամիկ է հնչում»: Մեկ շաբաթից Edel-ը կսկսի Smoke on the Water-ի վաճառքն ամբողջ աշխարհում, իսկ հոկտեմբերի 26-ին ռեմիքսը հնարավոր կլինի բեռնել iTunes օն-լայն խանութում: Ողջ հասույթը կուղղվի Գյումրի թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգնմանը, որն ավերվել էր 1988թ. երկրաշարժի հետեւանքով: Արա Թադեւոսյանը ներկայացրել է նաեւ նախորդ շաբաթ Լոնդոնում Out of My Mind երգի ձայնագրման մանրամասները: Երգի ձայնագրմանը մասնակցել են Իէն Գիլանը (Deep Purple), Թոնի Այոմին (Black Sabbath, Heaven and Hell), Նիկո ՄքԲրեյնը (Iron Maiden) եւ Ջոն Լորդը (նախկինում` Deep Purple): Մեդիամաքս-ի տնօրենը հայտնել է, որ բաս-կիթառի պարտիան ԱՄՆ-ում առանձին կձայնագրի Metallica խմբի նախկին անդամ Ջեյսոն Նյուսթեդը: Նոր երգի վաճառքից ստացված եկամուտները եւս կուղղվեն Գյումրի թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգնմանը: Երգը նախատեսվում է թողարկել մինչեւ տարեվերջ: Արա Թադեւոսյանը հատուկ շնորհակալություն է հայտնել Sarm Studios-ի տիրոջը` հայտնի բրիտանացի երաժիշտ եւ պրոդյուսեր Թրեւոր Հորնին, ով անվճար տրամադրել է ստուդիան Out of My Mind-ի ձայնագրության համար: Մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին ցուցադրվել են Out of Mind երգի ձայնագրության, ինչպես նաեւ Queen-ի կիթառահար Բրայան Մեյին Լոնդոնում ՀՀ դեսպանատանը «Պատվո Շքանշանով» պարգեւատրելու կադրերը: Չարլզ Լոնսդեյլը ոգեւորություն է հայտնել վերջին տարվա ընթացքում «Ռոքն օգնում է Հայաստանին/Հայաստանը շնորհակալ է ռոքին» նախագծի արձանագրած հաջողությունների կապակցությամբ: «Մեդիամաքս-ի շնորհիվ շարունակվում է եզակի երաժշտական կապը Բրիտանիայի եւ Հայաստանի միջեւ 21 տարի անց»,- ասել է դիվանագետը: «Նախագծի կարեւոր պահերից մեկը այն արգասավոր համագործակցությունն է, որն առկա է Մեդիամաքս-ի, Do Something-ի, ռոք-երաժիշտների եւ նրանց մենեջերների, Բրիտանիայի դեսպանության եւ ՀՀ կառավարության միջեւ»,- նկատել է Չարլզ Լոնսդեյլը: Bravo.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: