×


Ուսանողական ֆոտոմրցույթ

Սովորել, սովորել, սովորել…

Ուսանողական  ֆոտոցուցահանդես-մրցույթ  “Մոսկվա” կ/թ-ում Նոյեմբերին 17-ին` ուսանողության միջազգային օրվա առիթով, “Մոսկվա” կինոթատրոնում կայացավ “Սովորել, սովորել, սովորել…”  ուսանողական  ֆոտոցուցահանդես-մրցույթը: Լուսանկարները  ուսանողական կյանքի, ներբուհական առօրյայի, ուսանողի խնդիրների և ուրախությունների մասին էին: Ցուցահանդես-մրցույթը  կազմակերպել էր  Հայաստանի ուսանողական ֆորումը`  “Գագիկ Ծառուկյան”  հիմնադրամի աջակցությամբ: “Լուսանկարների միջոցով  ուսանողներին հնարավորություն էր տրվել ներկայացնել  իրենց  բուհերի առավելություններն ու բացթողումները: Այնպես ենք արել,  որ միջոցառումը  բաց լինի  բոլոր բուհերի և բոլոր ուսանողների համար”,- նշեց Հայաստանի ուսանողական ֆորումի նախագահ Վարդգես Հովեյանը: “Ոչ մի հանգիստ վայրկյան”: Հեղինակ` Անուշ Սակունց “Սովորել, սովորել, սովորել…”  ուսանողական  ցուցահանդեսին ներկայացված էին 33  հեղինակների  67 լուսանկարներ: Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը նշեց, որ լավագույն աշխատանքներ ընտրել են շատ կարճ ժամանակահատվածում. “Սիրողական լուսանկարներ են, բայց  ուսանողները հետաքրքիր լուծումներ են գտել: Շատ դժվար է ընտրել լավագույնը, պարզապես ընտրել ենք այն աշխատանքները, որոնք մեզ լավն են թվացել”: Ցուցահանդեսի մասնակիցներ  Միքայել Մարտիրոսյանն և Սուսաննա Զոհրաբյանը  ստացան  խրախուսական վկայագրեր  բարձրորակ աշխատանք ներկայացնելու համար: 3-րդ տեղը զբաղեցրեց Լևոն Առաքելյանը, 2-րդը` Լաուրա Սամվելյանը, իսկ առաջին մրցանակին արժանացավ Բիայնա Մահարին: Բիայնան  նաև հատուկ մրցանակ ստացավ X-TECH ընկերության կողմից. վեբ-կայքի պատրաստում: “Սովորել, սովորել, սովորել”: Հեղինակ` Բիայնա Մահարի Բիայնա Մահարին սովորում է Սլավոնական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում: Ցուցահանդեսին ներկայացրել էր 3 լուսանկար: “Առաջին անգամ չէ, որ ֆոտոմրցույթի եմ մասնակցում, բայց սա առաջին հաղթանակս է”, - ասաց նա: “Բարձրորակ աշխատանք” խրախուսական պատվոգրին արժանացած 23-ամյա Սուսաննա Զոհրաբյանը մեկ  լուսանկար էր ներկայացրել.”Պրոֆեսիոնալ չեմ, պարզապես իմ սիրողական ապարատով շատ  եմ սիրում  լուսանկարել”, -ասաց Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողուհին: “Սիրել, սիրել, սովորել”: Հեղինակ` Նունե Այլանջյան Ուսանողների միջազգային օրվա առթիվ կազմակերպված միջոցառումների համակարգող Հայկ Ակարմազյանը նշեց, որ ցուցահանդեսը հնարավորություն է տալիս ուսանողության խնդիրներն ուշադրության կենտրոնում պահել. “Փորձել ենք նոյեմբերի 17-ը  իսկապես տոն դարձնել, որպեսզի ուսանողներն իրենց գնահատված ու արժեվորված զգան”: Տեքստը եւ լուսանկարները` Լիանա Մեյթարջյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին