×


Տաթեւ Մնացականյանը

Ձեռագիր նամակների նվերը, որ վերածվեց հայ-գերմանական մշակութային նախագծի

«Կյանքը շատ կարճ է եւ մեկ անգամ է տրված: Եթե մի լավ ու հաճելի միտք ունես, ապա պիտի շռայլորեն կիսվես դրանով»՝ այս համոզմանն է «Human Art Poetry Dialogue» նոր նախագծի հեղինակ Տաթեւ Մնացականյանը, ով որոշել է մեկ գաղափարի շուրջ համախմբել հայ եւ գերմանացի երկու ստեղծագործողի: Նրանցից մեկը ճարտարապետ, նկարիչ Օտտո Ֆոն Քոցեբուն է, իսկ մյուսը՝ քանդակագործ, նկարիչ Ցոլակ Սիմոնյանը: Սակայն որքան էլ զարմանալի կարող է հնչել, վերջինիս մասնակցությունը նոր նախագծին եղել է ոչ թե քանդակների կամ նկարների, այլ բանաստեղծությունների տեսքով: «Եթե կարող եմ մարդկային հոգեվիճակը պատկերել գրաֆիկայի միջոցով, ապա ինչո՞ւ չեմ կարող նաեւ բառերով արտահայտել»,- ասում է նա: Հայ-գերմանական նոր նախագծի շնորհանդեսին երեկ ներկա է եղել եւ հետաքրքիր մանրամասներ է պարզել BRAVO.am-ը:

«Human Art Poetry Dialogue» նախագծի շնորհանդեսին


Երեւանի «Գյոթե» կենտրոնում այս պահին էլ ցուցադրված են երկու ստեղծագործողների համատեղ աշխատանքները: Դրանք տեղ էին գտել ոչ միայն ցուցասրահի պատերին, այլեւ ներկայացված էին համանուն վերնագրով մի գրքում, որտեղ ե՛ւ գերմանացի ստեղծագործողի նկարներն էին, ե՛ւ հայ հեղինակի բանաստեղծությունները: Միջոցառման սկզբում նախ ներկայացվեցին նախագծի հեղինակներն ու համակարգողները, ապա խոսքը փոխանցվեց պարոն Օտտոյին եւ Ցոլակ Սիմոնյանին՝ իրենց համագործակցության մասին պատմելու համար: Պարզվեց՝ ամեն ինչ սկսվել է ձեռագիր նամակների շնորհիվ:

Հայաստանում Գերմանիայի դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը


«Իմ եւ պարոն Օտտոյի ծանոթությունը շատ խորհրդանշական դարձավ: Նա այն մարդկանցից է, որ մինչեւ օրս նախընտրում է ձեռագիր նամակներ գրել, փոստով ուղարկել: Երկու-երեք ամսվա ընթացքում ինձ ուղղված իր նամակներում նա շատ գեղեցիկ, հրաշք նկարներ էր ուղարկում որպես նվեր: Եվ երբ ես բացեցի նկարների այդ շարքը, տեսա, որ ֆանտաստիկ պատմություն է: Այդպես, միտք հղացավ նրան հրավիրել Հայաստան եւ այստեղ ներկայացնել նրա աշխատանքները: Այդ ստեղծագործություններն ինձ թույլ տվեցին համագործակցել նաեւ պարոն Ցոլակի հետ, որն աշխատում է շատ ուժեղ ու հետաքրքիր նյութերի հետ՝ բրոնզ, փղոսկր, փայտ եւ այլն: Հաշվի առնելով նաեւ նրա ապրած երկար տարիները Գերմանիայում՝ մտածեցի, որ պարոն Օտտոյին ավելի լավ կհասկանա»,- պատմեց նախագծի հեղինակ եւ համակարգող Տաթեւ Մնացականյանը:

Ճարտարապետ, նկարիչ Օտտո Ֆոն Քոցեբուն


Նշենք, որ միջոցառման կազմակերպիչների թվում էր Երեւանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը: Բերնհարդ Մաթիաս Քիսլերը՝ Գերմանիայի դեսպանը, ով նույնպես ներկա էր ցուցահանդեսի բացմանը, իր ելույթի խոսքում ընդգծեց, որ եթե նույնիսկ իրենք մասնակցություն չունենային ծրագրին, միեւնույն է` մեծ հաճույքով գալու էր միջոցառմանը.«Ինձ համար շատ հաճելի է, որ այս նախագիծը ստացվեց այն ժամանակահատվածում, քանի դեռ ես այստեղ եմ. հավանաբար, ամռանն ինձ կտեղափոխեն: Երբ Տաթեւի մոտ միտք առաջացավ համադրել պոեզիան նկարչության հետ, մենք մեծ հաճույքով համաձայնեցինք աջակցել այդ գործում: Ես, իհարկե, արվեստի մեծ մասնագետ չեմ, բայց հիացած եմ՝ տեսնելով գիրքը, ձեւավորումը, նկարներն ու տեքստերը, որ ներառված են գրքում»:

Ցուցահանդեսը «Գյոթե» կենտրոնում արդեն բաց է բոլոր այցելուների համար: Արվեստի եւ պոեզիայի սիրահարներին այն հաստատ անտարբեր չի թողնի:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW