ooff ներկայացում Երգի թատրոնում
Վահրամին հունից հանել են :)
Մարտի 19-ին Երգի պետական թատրոնում Վահրամ Պետրոսյանի “Հանեցիք ինձ հունից” ներկայացումն էր, որ կկայանա նաեւ մարտի 20-ին եւ 21-ին: Մոտ երկու ժամ հանդիսատեսն ունկնդրում էր երգահանի ստեղծագործությունները: ooff ներկայացման գլխավոր դերերում են Երգի թատրոնի ղեկավար Արթուր Գրիգորյանն ու հաղորդավար Անիտա Հախվերդյանը: Անիտան վարում է երեկոն, Լիլիթ Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Անահիտ Սիմոնյանը, Սիլվա Հակոբյանը, հաղորդավար, դերասան եւ երգիչ Արսեն Գրիգորյանը, Սոնա Շահգելդյանը, Լիլուն, Հռիփսիմե Հակոբյանը, Անուշիկ Ալավերդյանը, Արամ Մուսայելյանը եւ շատ ուրիշներ էլ երգում:
“Մոտ 80 երգ ունեմ գրած, բայց հիմնականում նոր երգերս են ներկայացնում: Հռիփսիմե Հակոբյանը նոր երգ է երգում, Սոնա Շահգելդյանն ու Լիլիթ Հովհաննիսյանն էլ: Լիլիթի հետ նաեւ որպես դաշնակահար եմ հանդես գալիս. տեխնիկական բարդություններով հարուստ էլեմենտներ պետք է նվագեմ, չեմ հասցնում պարապել, որ նորմալ նվագեմ:): Բեմադրության հեղինակը Արթուր Գրիգորյանն է: Բայց սցենար իրականում չկա, հետաքրքիր անցումներ են: Պետք չէ հասկանալ թատրոնի ներկայացում, համերգ է, իմ երգերի ներկայացումը հանդիսատեսին”,- Bravo.am-ին ասաց Վահրամ Պետրոսյանը:
Վահրամի ռաբիզ էլեմենտներով ժամանակակից հայկական էստրադան
Երգահանը նշեց, որ չի սիրում իր ուսերին նման ծանր պարտականություն կրել. “Երեւի հաջորդ անգամ երկար կմտածեմ ու նման բան կանեմ ծայրահեղ, շատ պահանջված դեպքում: Արթուր Գրիգորյանի գաղափարն է, ասաց` “Քո “Կիրովաբադ” երգերով հանդերձ ներկայացում կանենք”: Վերջիվերջո, ես անում եմ էն, ինչ մարդիկ սիրում են, ու ես ինքս էլ ավելի շատ եմ սիրում, քան սուտ R&B-ն: Սիրում եմ բարձրակարգ, ռաբիզ էլեմենտներով ժամանակակից հայկական էստրադա, որը ձեւավորման արդյունքում ստացել է հենց այդ անունը: Ինձնից առաջ Արամ Ավագյանն էլ ուներ նման էլեմենտներով երաժշտություն, Արսեն Գրիգորյանն էլ, ուղղակի իմ գրածից հենց ռեստորանի հոտ է գալիս: Օրինակ՝ Հռիփսիմե Հակոբյանի երգի դաշնամուրի հատվածը այդպես նվագում են ռեստորաններում: Դա եմ սիրում անել, իսկ հիմա ընդհանրապես ոչինչ չեմ լսում, անգամ դասական երաժշտություն, որ ինձ համար ամենագերադասելի տեսակն է: Հազվադեպ իմ գրածներն եմ լսում, եթե ինչ-որ փոխելու բան լինի, գնանք փոխենք”,- ասաց Վահրամ Պետրոսյանը:
“Իմ գրածից հենց ռեստորանի հոտ է գալիս”. Վահրամ Պետրոսյան
Բեմում Արթուր Գրիգորյանի եւ Վահրամ Պետրոսյանի միջեւ ռաբիզի ու ոչ ռաբիզի մասին խոսակցություն ծավալվեց: Երգի թատրոնի ղեկավարն ասաց, որ “լավ բանով չի եկել”. կլկլացնում են: Հետո էլ Անի Քրիստիի համար գրված “Երազում” երգը կատարեց Վահրամ Պետրոսյանի նվագակցությամբ:
Արսեն Գրիգորյանի “5 րոպե” երգն ու դերասանական խաղն աշխուժացրեց մթնոլորտը: “Վախենում եմ քեզ սիրել”,- երգեց Հռիփսիմե Հակոբյանը: “Սիրահարված է, մուսա ունի, երգում է Վահրամ Պետրոսյանի լավագույն երգերից մեկը”,- Անահիտ Սիմոնյանին բեմ հրավիրեց Անիտա Հախվերդյանը: Թեեւ Անահիտ Սիմոնյանի ընտրյալ Հայկոն երգահան է. “Կապ չունի, կշարունակեմ համագործակցել համ էլ Վահրամ Պետրոսյանի հետ, նրան շատ եմ սիրում եւ շնորհավորում եմ այսօրվա կապակցությամբ”,- նշեց երգչուհին: Մի երգ էլ, որի երաժշտությունը Մարտին Միրզոյանն է գրել, բառերը Վահրամ Պետրոսյանը, կատարեց Արամ Մուսայելյանը:
“Հանեցիք ինձ հունից” խորագիրը Վահրամի Պետրոսյանին սկզբից դուր չի եկել: “Արթուր Գրիգորյանը հարցրեց՝ գրածս երգերում որ արտահայտությունն է շատ դուրս գալիս: Ես, բնականաբար, ոչ մի արտահայտություն շատ-շատ-շատ չեմ սիրում երգերիս մեջ, բացի խելառ բառից` “իմ խելառ՝ ինչքան եմ քեզ սիրում, գիտես”: Անիտա Հախվերդյանը սկսեց իմ տողերից ինչ-որ բաներ հիշել ու… Հիշեց Կարինե Ասիրյանի համար գրված՝ “Առավոտ է, ես արթնացել եմ քո ձայնից, վերջնականապես հանեցիր դու ինձ հունից”-ը: Հանեցիրը դարձրինք հոգնակի թիվ: Սկզբից շատ էի նեղվում, մի տեսակ երկակի իմաստ ունի. բոլորդ անխտիր հանեցիք ինձ հունից կամ կոնկրետ ինչ-որ մարդկանց բանակ ինձ հունից հանեց: ooff ներկայացում ենք անվանել, իբր՝ ինձ հանեցիր հունից, օֆֆֆ: Անմիջականության նշան է”,- նշեց երգահանը:
Վահրամ Պետրոսյանի ստեղծագործական երեկոյի հյուրերն էին Գրիշա Աղախանյանը, Ալլա Լեւոնյանը: Գրիշան կարոտել էր Երգի թատրոնը: “10 տարի չէի եղել թատրոնում, 20 տարի է` Լոս Անջելեսում եմ”: Նա հավանեց Վահրամի երգերը, բայց իր համար երգ գրելու խնդրանքով չի դիմի:
“Հանեցիք ինձ հունից”-ն ավարտվեց երեկոյի գլխավոր մեղավոր Վահրամ Պետրոսյանի եւ Լիլիթ Հովհաննիսյանի դուետով:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: