×


“Երեւան, իմ սեր”

“Երեւան, իմ սեր”

Ինչը միավորեց Ազնավուրին եւ Արքայազն Չարլզին Հայկական մամուլում եւ հեռուստատեսային եթերում արդեն գրվել եւ խոսվել է փետրվարի 10-ին Վինձորի դղյակում Նորին Թագավորական Մեծություն Ուելսի Արքայազնի եւ Քորնուելի Դքսուհի հյուրընկալած բարեգործական միջոցառման մասին, որի ընթացքում միջոցներ հանգանակվեցին “Երեւան, իմ սեր” ծրագրի համար: Ծրագրի նախաձեռնողն ու դրա գլխավոր հովանավորը Հայաստանի նախկին վարչապետ, Eurasia House International-ի նախագահ Արմեն Սարգսյանն է: Prince_Charles_Charles_Aznavur Այսօր Eurasia House International-ը Bravo.am-ին է տրամադրել մի քանի լուսանկարներ եւ հավելյալ տեղեկատվություն երեկոյի մասին: “Կարող եմ որոշակի վստահությամբ ասել, որ Վինձորի ամրոցի գրեթե հազարամյա պատմության մեջ առաջին անգամ անցկացվում է հայ-անգլիական միջոցառում”, - իր խոսքում ասել է Ուելսի Արքայազն Չարլզը: “Ծրագիրը, որին այսօր ուզում ենք օժանդակել, միավորում է մեր հարուստ մշակութային ժառանգության երկու տարրերը` պատմաճարտարապետական նշանակություն ունեցող շինությունների ֆիզիկական վերականգնումը եւ մարդու, հատկապես երեխաների կենտրոնական տեղի վերականգնումը հասարակության մեջ”, - ասել է Արմեն Սարգսյանը: Ուելսի Արքայազն Չարլզը եւ Արմեն Սարգսյանը Միջոցառմանը մասնակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Թագավորական ընտանիքի անդամներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, կորպորատիվ աշխարհի (Areva, HSBC, Barclay’s Bank, Merrill Lynch, Elettronica) ղեկավար ներկայացուցիչներ: Երեկոն սկսվել է համերգով, այն բացեցին դուդուկահար Ջիվան Գասպարյանը եւ իր թոռը` Ջիվան Գասպարյան կրտսերը, ովքեր “Ֆիլհարմոնիա” նվագախմբի հետ կատարեցին Հանս Զիմմերի երաժշտությունը “Գլադիատոր” կինոնկարից: Նվագախումբը ղեկավարում էր Սերգեյ Սմμատյանը` Հայաստանի Պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը: Երիտասարդ, բայց արդեն միջազգային ճանաչման հասած ջութակահար Միքայել Սիմոնյանը (Նյու Յորք) կատարեց Չայկովսկու Ջութակի կոնցերտը: Ղազախստանի նախագահի դուստր Դարիգա Նազարբաեւան կատարեց Գլյուկի O del mio dolce ardour ստեղծագործությունը եւ հայկական (“Փոքրիկ տղան մի վարդ տեսավ”) ու ղազախական ժողովրդական երգեր: Արմեն Արմեն Սարգսյանը կնոջ հետ, Քամիլա Փարքեր Բոուլզը, Արքայազն Չարլզը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Իր խոսքում Ուելսի Արքայազնը շեշտեց. “Կարեւոր է որ սա առիթ է ամրապնդելու կապերը Միացյալ Թագավորության եւ Հայաստանի միջեւ”: Նա իր հիացմունքն արտահայտեց Հայաստանի հանդեպ` որպես հնագույն քրիստոնեական մի երկիր, որը “մեծ ու եզակի ճարտարապետական ժառանգություն ունի”: Արքայազն Չարլզը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ հարկավոր է խնամքով վերաբերվել այդ երկրի հոգու մի մասը կազմող “բաց երկնքի տակ գտնվող թանգարանին” եւ շարունակել հաստատված ավանդույթները: “Սա է պատճառը, որ ես հաճույքով եմ կազմակերպել այս ընդունելությունը` ի նպաստ “Երեւան, իմ սեր” բարեգործական ծրագրի, որն աջակցելու է քաղաքի ամենահին թաղամասերից մի քանիսի վերակենդանացմանն ու զարգացմանը` այնպես, որ պահպանվեն ու շարունակվեն հայ ճարտարապետության ու արհեստագործության ավանդույթները: Նման մոտեցումը կարող է նաեւ օրինակ դառնալ ու կիրառվել Հայաստանի այլ վայրերում”, - ասաց նա: “Երեւան, իմ սեր” ծրագրի կազմակերպիչները եւ հյուրերը Միջոցառումն անցավ պատմական Վաթերլոոյի պալատում, որը կառուցվել է ի նշանավորումն 1815 թվականի հունիսին Նապոլեոն Բոնապարտի նկատմամբ Մեծ Բրիտանիայի, Ավստրիայի, Պրուսիայի եւ Ռուսաստանի միացյալ ուժերի հաղթանակի: Հատուկ այս միջոցառման համար Լոնդոնից` արքայական հավաքածուից, բերվել էին Անգլիայի Գեւորգ Գ. թագավորի ոսկյա եւ արծաթյա սպասքն ու մոմակալների հավաքածուն: “Երեւան, իմ սեր” ծրագրի առաջին նվիրատուների եւ բարերարների շարքում են. Սերգեյ Համբարձումյանը (Ռուսաստան), Սամվել Կարապետյանը (Ռուսաստան), Լուիզ Սիմոն Մանուկյանը (ԱՄՆ), ՎաչԷ Մանուկյանը (Միացյալ Թագավորություն), Ռուբեն Վարդանյանը (Ռուսաստան), կորպորատիվ հովանավորներ “ՀայՌուսգազարդ” (գործադիր տնօրեն Կարեն Կարապետյան), “Էներգոպրոեկտ” (գործադիր տնօրեններ Գագիկ Զախարյան եւ Եվգենի Բոբիլեւ), ENI (գործադիր տնօրեն Պաոլո Սկարոնի), HSBC (նախագահ Սթիվն Գրին), ITERA (գործադիր տնօրեն Իգոր Մակարով), VimpelCom (գործադիր տնօրեն Բորիս Նեմշիչ), Պիեռ Ֆատուշը (Լիբանան), Պերճ Սեդրակյանը (ՀԲԸՄ, ԱՄՆ), Գագիկ Զաքարյանը (Ռուսաստան): Գոյացած նյութական միջոցները կհատկացվեն չորս շինությունների վերականգմանը` երկուսը Երեւանի Կոնդ թաղամասում, մյուս երկուսը` քաղաքի կենտրոնում: Վերականգնվելուց ու լիովին կահավորվելուց հետո Կոնդի շինություններից մեկը կօգտագործվի որպես չքավոր ընտանիքների խուլ ու համր երեխաների մանկամսուր-մանկապարտեզ, մյուսը կծառայի որպես անամուսին մայրերի ու նրանց երեխաների կենտրոն: Իսկ Երեւանի կենտրոնում վերականգնվելիք երկու շենքերում կտեղակայվի ազգային նվագարանների երաժշտական դպրոց որբ երեխաների ու պատանիների համար: Դպրոցը կղեկավարի աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը, որ ինքն էլ որբ է եղել ու մեծացել` իր ժամանակի երաժիշտների ու արվեստագետների հոգածության ու հովանավորության ներքո: Լուսանկարները տրամադրել է Eurasia House International-ը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին