Վերամիավորված «4 տարբերակ» խմբի անդամները՝ Քնարիկ Զաքարյանը, Նարինե Մկրտումյանը, Գոհար Ջավուկցյանը եւ նորեկը՝ Լուիզա Նավասարդյանը, միասին լուսանկարվել են BRAVO.am-ի ֆոտոշարքում։
«4 տարբերակ» խումբը
Լուսանկարահանման համար նրանք միասին շրջել են խանութներով, ընտրել իրենց ճաշակին ու ոճին համապատասխան հագուստ.«Հաճույք էինք ստանում ողջ ընթացքից, սիրով ու ոգեւորությամբ նախապատրաստվել ենք։ Հետո կարոտով կհիշենք այս օրերը»,- նշել է Լուիզան։
Ինչպես աղջիկներն են շեշտում՝ խումբը հիմնված է ընկերության վրա, առաջին պլանում ընկերությունն է, այնուհետեւ՝ աշխատանքը.«Երբ չորսով հանդիպում ենք, մեզ համար տոնական մթնոլորտն ապահոված է։ Անկեղծ ասած, հաճախ չենք հավաքվում, դրա համար էլ ակտիվ եւ ուրախ խոսակցություններով հագեցած հանդիպումներ են։ Այդ անմիջականությունն էլ փոխանցել ենք լուսանկարների միջոցով»,-պատմել է Քնարիկը։
«4 տարբերակ» խումբը
Խմբի 4-րդ «տարբերակը»՝ Լուիզան, աղջիկների հետ ծանոթացել է նախկին անդամ Գոհար Հովհաննիսյանի միջոցով.«Երբ դեռ տասը տարի առաջ Գոհարիկը խմբից դուրս եկավ, կատակով ասում էին, որ ես կփոխարինեմ, սակայն այդ ընթացքում իմ անհատական գործունեությամբ էի զբաղվում, որոշ ժամանակ բնակվել ու աշխատել եմ Մոսկվայում։ Վերադարձիցս հետո Քնարիկն առաջարկեց, որ վերամիավորված սկսենք աշխատել»։
«4 տարբերակ»-ն աշնանը կներկայացնի «Լիքը-լիքը» երգի տեսահոլովակը.«Այժմ քննարկում ենք, թե որ ռեժիսորը կնկարահանի։ Հուսանք՝ հոլովակը կնպաստի, որ խմբի հանդեպ հետաքրքրությունը մեծանա։ Կլինեն նաեւ այլ նոր երգեր, ելույթներ ու ֆոտոշարքեր։ Համերգներն այնքան շատ չեն, որ այդ տարբերակով կարողանանք գումար վաստակել։ Եկամտի աղբյուրը մեծ մասամբ կորպորատիվ միջոցառումներն են, որոնց համար մանրակրկիտ պատրաստվում ենք՝ հագուստից մինչեւ պարային շարժումներ։ Երբ երգելուց բացի պետք խոսենք, միշտ խոսքը տրամադրում ենք Քնարիկին, որ չորսով բեմում «ժողով» չանենք:)», - անկեղծանում է Լուիզան։
«4 տարբերակ» խումբը
Խմբի անդամներն իրենց գործառույթները կեսկատակ-կեսլուրջ բնութագրում են նախարարությունների անուններով.«Մշակույթի «նախարարը» Գոհարն է, Նարինեն՝ ֆինանսներինը, ես էլ՝ արտաքին գործերի «նախարարն» եմ»։ Իրականում բոլորս կարեւորում ենք Գոհարի տեսակետները, ակամա լսում ու հաշվի ենք առնում։ Լուիզան մեզ համախմբողն է, նախաձեռնում է մեր հանդիպումներն ու կազմակերպչական հարցերը։ Նարինեն մեր «մարտկոցն» է, միանգամից ակտիվանում է ու ոգեւորում բոլորիս։ Ես էլ հիմնականում զբաղվում եմ երգերի ստեղծագործական եւ լրատվամիջոցների հարցերով»,-պատմել է Քնարիկը, Լուիզան էլ հավելել.«Քնարիկը խմբի խաղաղությունն է, Գոհարը՝ ուժը, Նարինեն՝ ուրախությունը»։
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: