Արամոն նոյեմբերի 9-ին մենահամերգով հանդես կգա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի թատրոնում: «30 տարի բեմում» խորագիրը կրող երեկոյի ընթացքում երաժիշտին կնվագակցի Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ Արմեն Հյուսնունցի դիրիժորությամբ: Արամոյի հետ ելույթ կունենան կինը՝ Էմմա Պետրոսյանը, ընկերները՝ Արթուր Իսպիրյանը, Լեւոն Մալխասյանը, Սոսո Պավլիաշվիլին, Ֆորշը, Ռադիկ Գաբրիելյանը, Գրիշա Աղախանյանը եւ ուրիշներ։
BRAVO.am-ը հոբելյանական համերգից առաջ զրուցել է երգչի մտերիմների հետ, որոնք հետաքրքիր մանրամասներ են պատմել ինչպես սպասվելիք միջոցառման, այնպես էլ Արամոյի հետ իրենց ընկերության մասին:
Էմմա Պետրոսյան.«Կարոտով լի երեկո կլինի»
Ծրագրում կան նոր երգեր եւ հին երգեր՝ նոր գործիքավորումներով։ Կարծում եմ՝ հյուրերի ներկայությունը նոր շունչ կլինի, ընկերների հիշողություններով, կարոտով լի երեկո կլինի։ Ափսոս, մեր տղան Երեւանում չէ եւ այդ օրը ներկա չի լինի։ Արամն իր տեսակով շատ խստապահանջ է, պատկերացրեք՝ համերգների հարցում էլ այդպիսին է, քանի որ պրոֆեսիոնալ դպրոց է անցել: Իր ողջ եռանդը հիմա կենտրոնացրել է այս համերգի վրա, նվագախմբի հետ փորձերին է մասնակցում:
Արթուր Իսպիրյան .«Ուրիշ մարդ չունեմ զանգելու, կիսվելու ու հանդիպելու…»
Արամոն բնույթով անհանգիստ է, նրա նման պարտաճանաչ ու բծախնդիր երաժիշտներ քիչ կան, գերմանական ճշտապահությամբ է աշխատում. երբեւէ չեմ տեսել, որ ուշանա։ 27 տարի առաջ եկեղեցով եղբայրներ դարձանք եւ առ այսօր մտերիմ ընկերներ ենք: Շատ բան է փոխվել, բայց իմ, Էմմայի ու Արամոյի ընկերությունը կա, մեր մարդկային տեսակը չի փոխվել։ Ցավոք, ընկերներիս մեծ մասը Հայաստանում չեն, հներից մենք ենք մնացել, ուրիշ մարդ չունեմ զանգելու, կիսվելու ու հանդիպելու:
Արթուր Իսպիրյանը եւ Արամոն
Ընկերներս շատ տաղանդավոր տղա ունեն, միշտ հարցնում եմ՝ «Ինձ գաղտնիքն ասեք՝ ոնց եք արել, որ լավ դաստիարակված, տաղանդավոր, ծնողասեր երեխա ունեք», երկուսն էլ ծիծաղում են։
Արամոյի նման հարվածային գործիքներ նվագող Հայաստանում քիչ ունենք: Ծիծաղելի է, բայց ժամանակին իրեն երաժշտական դպրոց չեն ընդունել ռիթմի զգացողության պակասի պատճառով, հետո պարզվեց, որ լավագույններից մեկն է:): Դե, «հին ոսկոր» է. Օրբելյանն ամեն մեկին իր նվագախումբ չէր ընդունում։ Արամոն նաեւ համարձակ է՝ երգում է, նվագում, խաղում թատրոնում, նկարվում ֆիլմերում։ Երբեք չէի պատկերացնի, որ Դրամատիկական թատրոնի բեմում էլ կտեսնեմ, նոր բացահայտում արեցի, ինչպես ասում են՝ պտուղը ծառից հեռու չի ընկնում. իր հայրն էլ՝ Ավետիք Գեւորգյանը, չլինելով պրոֆեսիոնալ դերասան, հայտնի ու սիրված դարձավ։
Լեւոն Մալխասյանը
Լեւոն Մալխասյան.«Արամոն հետաքրքիր ներաշխարհ ունի»
Համերգին մասնակցելու եմ որպես հյուր եւ կնվագեմ։ Մենք մտերիմ ընկերներ ենք, երաժշտական առումով էլ կապված ենք: Արամոն նաեւ աշխատում է իմ ջազ ակումբում։ Շատ պարտաճանաչ է, հետաքրքիր ու հարուստ ներաշխարհ ունի։ Նա կյանքն ունիվերսալ ընկալող է։
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: