×


Արթուր Գրիգորյանի գրքի շնորհանդեսին

«Արդեն 60 տարեկան եմ եւ իրավունք ունեմ այսպիսի գիրք ունենալ»՝ Արթուր Գրիգորյանի գրքի շնորհանդեսի հետաքրքիր դրվագները

Երգի թատրոնը երեկ իր հարկի տակ հյուրընկալել էր հայկական շոու-բիզնեսի եւ մշակույթի ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչների: Առիթը ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի երգերի տպագիր հավաքածուի շնորհանդեսն էր: Երեկոյին ներկա էր նաեւ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ում աջակցությամբ էլ հրատարակվել է գիրքը: Ժողովածուն ներառում է կոմպոզիտորի հեղինակած 40 երգ՝ խոսքերով եւ նոտաներով, որոնք մինչ այժմ հնչել են տարբեր գործիքավորումներով եւ նվագախմբի ուղեկցությամբ:

Արթուր Գրիգորյանի գրքի շնորհանդեսին


«Երաժշտության հետ հարազատանալը գերագույն երանություն ու հաճույք է: Եթե իսկապես սիրես երաժշտությունը, այն կսիրի քեզ ի պատասխան`առանց եթեների ու պայմանականությունների: Այս սիրո բանաձեւը բացահայտեցի վաղուց` մանկության տարիներին, երբ ինքս դեռ չէի հասկանում, թե ինչ է սիրելը»՝ գրել է Արթուր Գրիգորյանն իր գրքի նախաբանում:

Նրա խոսքով` գրքում տեղ են գտել իր բազմաթիվ երգերի միայն մի մասը, իսկ մյուսները դեռ սպասում են իրենց հերթին.«Կսպասեն, չեն նեղսրտի, չէ՞ որ իմն են: Վստահ եմ, որ այս գիրքը շարունակություն կունենա, եւ մյուս բոլոր երգերն էլ հերթով տեղ կգտնեն այդ հավաքածուներում: Եվս ինն այսպիսի գիրք պետք է լույս տեսնի, որպեսզի բոլոր երգերն ունենան հագուստ. ես նոտաները համարում եմ երգերի հագուստները»,- ընդգծեց կոմպոզիտորը:

Արթուր Գրիգորյանի գրքի շնորհանդեսին


Գրքում զետեղված երգերը բազմաբովանդակ են ու բազմաժանր՝ հայրենասիրական, մանկական, սիրային եւ այլն: Ըստ այդմ էլ` գրքում կա երեք բաժին`«Մանուկներին», «Հայրենիքիս» եւ «Ամենքին»: Իհարկե, «Հայրենիքիս» բաժնում շատ են Արցախին նվիրված երգերը, բայց Գրիգորիչն ասում է` դա նրանից չէ, որ ինքն արցախցի է. «Օրինակ` հայտնի «Արցախ» երգը ես գրել եմ Դիլիջանում: Այն կոմպոզիտորներից չեմ, որ տոնից տոն են երգեր գրում: Ստեփանակերտի, Շուշիի մասին երգեր գրելը հերոսություն չէ: Հերոս քաղաքների մասին պետք է գրվի, բայց այն ժամանակ, երբ զգում ես, որ իրավունք ունես այդ քաղաքների մասին երգ գրել»:

BRAVO.am-ը Արթուր Գրիգորյանից հետաքրքրվեց, թե երբ եւ ինչպես առաջացավ գաղափարը նման հավաքածու ստեղծելու: Նա էլ ասաց, որ նախորդ տարվա իր մենահամերգից հետո է միտքը ծնվել.«Մենահամերգ բառը մի տեսակ վատ է հնչում իմ դեպքում (ժպտում է,- հեղ.): Ստեղծագործական երեկո էր, որից հետո մտածեցի՝  ինչո՞ւ ոչ, ժամը հասել է, արդեն 60 տարեկան եմ եւ իրավունք ունեմ այսպիսի գիրք ունենալու: Առաջին օրինակն էլ թոռնիկիս եմ նվիրելու»,- անկեղծացավ կոմպոզիտորը:

Մարտա Կիրակոսյանը եւ Մանե Գրիգորյանը


Երեկոյի ընթացքում երաժշտական կատարումներով հանդես եկան Արթուր Գրիգորյանի սաները՝ ամենափոքրերից մինչեւ երիտասարդ երգիչներ: Իսկ վերջերս գրված «Կյանք ու կռիվ» երգը Գրիգորիչը կատարեց Ռուսլան Էլյազյանի հետ, ով նույնպես նրա սաներից է.«Իմ երգն է. ինչպես կուզեմ, այնպես էլ կկատարեմ»,- կատակեց նա:

Արթուր Գրիգորյանի մի շարք երգերի խոսքերի հեղինակ, հաղորդավար Ավետ Բարսեղյանն իր խոսքում նշեց՝ տարիներ առաջ, երբ առաջին անգամ մուտք գործեց Երգի թատրոն, երազանքի պես էր կոմպոզիտորի երաժշտությանն ու արվեստին մոտ լինելը: Իսկ այսօր մեծագույն հաճույքով ու հպարտությամբ կանգնած է նրա կողքին ու խոսում է արդեն ոչ թե որպես սան, այլ որպես նրա ստեղծագործությունների համահեղինակ.«Սրտանց ուրախ եմ գրքի շնորհանդեսի առիթով եւ շնորհավորում եմ նրան ու մեզ՝ բոլորիս: Ուզում եմ ասել, որ սա ավելի շատ մեզ էր պետք, քան Արթուր Գրիգորյանին, որովհետեւ գիրքը նվիրված է մանուկներին, հայրենիքին ու ամենքիս»,- նկատեց Ավետը:

Ռուբեն Ջաղինյանը եւ Ռիտա Սարգսյանը


Գրքում տեղ գտած երգերի խոսքերը հեղինակել են նաեւ Վահան Անդրեասյանը, Գրիգոր Կյոկչյանը, Հակոբ Ռուբինյանը, Շուշան Պետրոսյանը, Անիտա Հախվերդյանը եւ այլք: Դաշնամուրային փոխադրումներով այս երգերը կարող են կատարվել երաժշտական կրթական հաստատություններում ու նախակրթարաններում: Նշենք նաեւ, որ գիրքն արդեն վաճառքում է, եւ այն կարող եք ձեռք բերել գրախանութներում ու Երգի պետական թատրոնում:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին