«ԱրմՔոմեդի» հաղորդման հեղինակ-վարողներ Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանն «Առաջին դեմք» կատակերգության սցենարը գրելուց հետո այժմ աշխատում են նոր հումորային ֆիլմի եւ սերիալի ստեղծման վրա: «Մեզ համար նորություն է, քանի որ մանկական ֆիլմ է եւ ընդհանուր եզրեր չունի մեր նախորդ գործերի հետ: Ընդհանրությունը միայն այն է, որ հումորային ժանրում է։ Սերիալը եւս կլինի հումորային, բայց ձեւաչափով դասական սիթքոմ չէ»,-BRAVO.am-ին տեղեկացրել է Նարեկը:
Սերգեյ Սարգսյանը եւ Նարեկ Մարգարյանը
Արցախի ապրիլյան պատերազմի օրերին «ԱրմՔոմեդի»-ն ներկայացրեց 3 հատուկ թողարկում անգլերենով: Մեր հարցին, արդյոք շարունակություն կունենա անգլալեզու հաղորդումների շարքը, Նարեկը պատասխանել է.«Եթե անհրաժեշտ լինի Հայաստանի խոսքը հասցնել միջազգային հանրությանը, կթարգմանենք, իսկ ներքին քաղաքական թեմաները հետաքրքրություն չեն առաջացնի։ Մեզ համար իսկապես անսպասելի էր, որ առաջին թողարկումը տասը րոպեի ընթացքում 1000-ից ավելի մարդ տարածեց սոցցանցերում, նման բան երբեւէ չէր եղել։ Նաեւ ոգեւորիչ էր, որ հաղորդման հղումը Սերժ Թանգյանը եւս տեղադրեց իր «ֆեյսբուքյան» էջում, իսկ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Թվիթեր»-ում լայք էր տվել մեր հաղորդմանը, ինչպես ասում են՝ ուղիղ թիրախին հասավ։ Երկու ամսից այս եթերաշրջանն ավարտվում է, սեպտեմբերից նորամուծություններ կանենք»։
Նարեկ Մարգարյանը` կնոջ հետ
Ի դեպ, նորություն է սպասվում նաեւ Նարեկ Մարգարյանի անձնական կյանքում: Շուտով կծնվի նրա առաջնեկը.«Հայր դառնալու փաստն ինձ ուրախացրել է։ Երեխայի անունը միասին ենք ընտրում, ցանկն արդեն նեղացրել ենք, ընդհանուր հայտարարի ենք գալիս եւ շուտով կունենանք վերջնական տարբերակը»։ Նարեկի հարսանեկան արարողությանը BRAVO.am-ի անդրադարձը կարդացեք այստեղ:
BRAVO.am
Լուսանկարերը՝ BRAVO.am-ի եւ Նարեկ Մարգարյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: