×


«Արտ Ֆեստ»-ի պարային բացումն ու հյուրերը

«Վեստսայդյան պատմություն» պարային ներկայացման նոր, ժամանակակից բեմադրությամբ երեկ ԵԹԿՊԻ ուսանողական թատրոնում ազդարարվեց 5-րդ «Արտ Ֆեստ»-ի բացումը: Մինչեւ հունիսի 19-ը երիտասարդական միջազգային փառատոնի շրջանակում կիրականացվեն թատերական ներկայացումներ, կինոդիտումներ, նորաձեւության ցուցադրություն, ցուցահանդեսներ, համերգներ, գրական ընթերցումներ, վարպետության դասեր, հանդիպումներ արվեստի հայտնի գործիչների հետ, եւ ոչ միայն: Այս բոլոր միջոցառումներն է՛լ ավելի գունավոր կդարձնեն ամառային օրերը Երեւանում:

«Արտ Ֆեստ» 5-րդ փառատոնի բացմանը


«Արտ Ֆեստն» այս տարի եւս հյուրընկալելու է պատվավոր հյուրերի եւ մասնակիցների ԱՊՀ երկրներից ու Եվրոպայից: Փառատոնին մասնակցում է 500 երիտասարդ Հայաստանից ու արտերկրից, իսկ ժյուրիի կազմում ընդգրկված են առաջատար մասնագետներ՝  հայտնի ու սիրված արվեստագետներ տարբեր ոլորտներից:

Պարզվում է՝ մրցութային ծրագրի մասնակից ներկայացումների դիտումները մեկնարկել են դեռեւս մարտ ամսի սկզբին: Այս եւ մրցութային մյուս ծրագրերի արդյունքները կամփոփվեն եւ մրցանակակիրները կհայտարարվեն փառատոնի ավարտին: Ստեղծագործ երիտասարդները մրցում են արվեստի հետեւյալ տեսակներում՝ թատերական արվեստ, կինոարվեստ, կերպարվեստ, երգարվեստ, հագուստի մոդելավորում, դեկորատիվ-կիրառական արվեստ, գրականություն, որը, ի դեպ, այս տարվա նորությունն է:

«Արտ Ֆեստ» 5-րդ փառատոնի բացմանը


Առաջին անգամ փառատոնում նաեւ դրամական մրցանակ է սահմանվել: Այն կստանան գրականության ոլորտի հաղթողները: Մրցույթը նվիրված է արձակագիր, սցենարիստ Ռուբեն Հովսեփյանի հիշատակին: Նրա ընտանիքը 100.000-ական դրամով կպարգեւատրի «Կինոսցենար» եւ «Դրամատուրգիա» անվանակարգերի հաղթողներին:

Կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Վիգեն Չալդրանյանը, ով նաեւ ընդգրկված է «Կինոարվեստ» մրցութային անվանակարգի ժյուրիի կազմում, BRAVO.am-ի հետ զրույցում նշեց, որ իր համար շատ ավելի մեծ նշանակություն ունեն երիտասարդական, ուսանողական փառատոնները, ծրագրերը, քանի որ դրանք որոշակի քննություն են երիտասարդ սերնդի համար.«Ես միշտ ասել եմ, որ ինձ համար արվեստը մրցույթ չէ եւ սպորտից տարբերվում է հենց դրանով: Արվեստի չափանիշները, իհարկե, ուրիշ են: Բայց այս դեպքում այնպես է դասավորվել, որ արվեստը մրցույթի մեջ է: Սակայն փառատոնի երիտասարդ մասնակիցները թող միշտ հիշեն` ամենամեծ մրցանակը ստեղծագործական գործընթացն է: Դրանից ավելի մեծ մրցանակ չկա: Սա ասում է մեկը, ով իր ստեղծագործական կյանքում բազում մրցանակների է արժանացել: Դրանք ինձ համար ուրախություն են, բայց ոչ երջանկություն. երջանկությունը ստեղծագործելն է»:

Վիգեն Չալդրանյանը, Դավիթ Մուրադյանը եւ Միքայել Պողոսյանը


Փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանի խոսքով էլ` «Արտ Ֆեստ»-ի նպատակն է ստեղծագործ երիտասարդների շրջանում մասնագիտական հմտությունների զարգացման խթանումը, փորձի փոխանակման միջազգային հարթակի ստեղծումը, նոր անունների եւ տարվա մշակութային ձեռքբերումների բացահայտումը.«Այս տարի Հայաստան են ժամանելու արտասահմանցի մասնակիցներ եւ ժյուրիի անդամներ Շվեդիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Տանզանիայից, Չեխիայից, Վրաստանից ու Ղազախստանից»,- ասաց նա:

«Արտ Ֆեստ 2017»-ի ծրագրին ծանոթացեք այստեղ:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW