Պատերազմի հետեւանքների, խաղաղության, արտագաղթի ու 1990-ականների հիշողությունների մասին «Բարի լույս» ֆիլմը մեծ էկրաններին է: Կինոնկարը ռեժիսոր Աննա Արեւշատյանի դեբյուտային լիամետրաժ աշխատանքն է, սցենարի հեղինակը մոսկվաբնակ Սեւադա Գրիգորյանն է` Եգոր Գլումովի եղբայրը:
Ռեժիսոր Աննա Արեւշատյանը
Սցենարը որոշ չափով ինքնակենսագրական է. Սեւադան գրել է իր հասակակիցների մանկության մասին.«Հերոսի պատմությունն իրականում իմ մասին է։ Հիմնականում մեր ընտանիքի, ծանոթների հետ կատարված դեպքերն են։ Գլխավոր հերոս Արշակի հայրը արցախյան պատերազմի մասնակից է. հայրս էլ որպես բժիշկ մասնակցել եւ Գետաշենում գերի է ընկել, բայց հոր կերպարը հավաքական է։ Մեզ համար լուսավոր տարիներ էին, չնայած` լույս ու գազ չկար, բայց հույս ունեինք, որ երկրի վիճակը դեպի լավը կփոխվի»:
Ֆիլմը հեռուստաընկերության ղեկավարության հետ մասնագիտական բախման մեջ հայտնված լրագրողի մասին է: Մնալով առանց աշխատանքի` նրան տանջում է ընտանիքի առջեւ մեղքի զգացումը: Երկրից արտագաղթելու վերաբերյալ կնոջ երկարատեւ հորդորները նրան ստիպում են վերջնական որոշում կայացնել: Այդ որոշումը նրա համար ծայրահեղական է դառնում եւ նա հակամարտության մեջ է մտնում սեփական «ես»-ի հետ. այն սկզբունքները, որոնցով նա ապրել է, կոտրված են, ապագան` անորոշ: Զգալով հորը տեսնելու մեծ ցանկություն` գնում է սահմանամերձ գյուղ, ուր ապրում է հայրը: Ճանապարհը դեպի հայրական տուն ուղեկցվում է մանկության մասին հուշերով` ծանր 1992 թվական, երբ Հայաստանը պատերազմական վիճակում էր: Անցյալի հետ հանդիպումը օգնում է վերագտնել իրեն ու կայացնել ճիշտ որոշում:
«Բարի Լույս» ֆիլմի գլխավոր դերակատարը` Արայիկ Դարբինյանը
Դրամայում նկարահանվել են Արսեն Կարապետյանը, Սամվել Փիլոյանը, Մարիամ Մելիքսեթյանը, Լիդա Հակոբյանը, Լուսինե Բադալյանը, Մարիա Մաթեւոսյանը եւ այլք։
Գլխավոր դերակատար փոքրիկ Արայիկ Դարբինյանին ռեժիսորը պատահաբար հանդիպել է Բլեյանի անվան դպրոցում.«Տարբեր դպրոցներում ու դասարաններում երկար փնտրում էինք, արդեն հուսահատված` գտա նրան ու միանգամից սիրեցի։ Նա հաղթահարեց փորձությունները հասուն դերասանի նման։ Գիշերը տեսարաններ նկարելու ժամանակ երեխան շատ էր հոգնել, պետք է մտներ հարեւանի տուն, որ կարտոֆիլները դներ վառարանի վրա, մենք սպասում էինք, որ թակի դուռը, պարզվեց` հոգնածությունից քնել է։ Նրա համար գնում էինք մոտակա խանութների բոլոր խաղալիքներն ու կոնֆետները, որ հաճույքով նկարվի:)»։
12-ամյա Արայիկը ցանկանում է դերասան եւ քիմիկոս դառնալ: Տղան ոգեւորությամբ նշել է, առաջիկայում իր համադասարանցիների հետ դիտելու է ֆիլմը մեծ էկրանին. «Ես այդ ժամանակ 2-րդ դասարանում է սովորում, տպավորված չէի ու չէի ուզում նկարվել, բայց ինձ խորհուրդ տվեցին, հետո մայրիկիս ասացի, որ զանգի Աննային ու տեղեկացնի` համաձայն եմ։ Հիշում եմ, որ նկարահանման ժամանակ շատ ցուրտ էր, ընդամենը մեկ անգամ ամռան տեսարանում թթի ծառի տակ էինք, ու ես թութ էի թափ տալիս»։
«Բարի Լույս» ֆիլմի նկարահանումներին
Աննան հայտնի դերասանների չի նկարահանել, ինչպես նշում է՝ գտել է կերպարային մարդկանց.«Հայ հանդիսատեսը դեռ սովոր չէ կինոթատրոնում ոչ կոմերցիոն ֆիլմ դիտել, բայց այս մեկը հենց մեր ու մեր շրջապատի հիշողությունների մասին է, բոլորիս մասնիկը կա, կապ չունի՝ ապրել ենք այդ պայմաններում, թե՝ ոչ։ Մարդկանց պատմության միջոցով փոխանցվում է ասելիքը»։
90 րոպե տեւողությամբ ֆիլմը ստեղծվել է մոտ երեք տարվա ընթացքում, այն արդեն մասնակցել է հայկական ու միջազգային կինոփառատոնների։ «Ոսկե Ծիրան» 13-րդ կինոփառատոնում հաղթել է «Հայկական համայնապատկեր» անվանակարգում, Կանադայում կայացած «Pomegranate Film Festival»-ին արժանացել է «Լավագույն լիամետրաժ ֆիլմ» մրցանակին, Հայաստանի կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակին է արժանացել՝ որպես «Լավագույն դեբյուտային ֆիլմ» եւ «Լավագույն սաունդթրեք»: Նաեւ մասնակցել է «Սիրակուզի», «Արփա» փառատոններին։
Ռեժիսորի մայրը՝ «Բարի լույս»-ի պրոդյուսեր Շուշանիկ Արեւշատյանը, տեղեկացրել է, որ Երեւանից բացի, ֆիլմը ցուցադրվում է Գյուրիում, շուտով, հավանաբար, կցուցադրվի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի որոշ քաղաքներում։
BRAVO.am
Լուսանկարները` «Բարի Լույս» ֆիլմի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: