Կազանում վաղը կմեկնարկի «Նոր ալիք 2025» երգի միջազգային մրցույթը, եւ Հայաստանի պատվիրակ Սուրեն Պողոսյանը մարտական է տրամադրված: Երգիչ-դերասանը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է փորձերի ընթացքի եւ սպասվելիք ելույթների մասին:
- Ինչո՞ւ որոշեցիք մասնակցել այս մրցույթին։
- Ինձ համարում եմ մրցութային երգիչ ու սիրում եմ զարգանալ հենց մրցակցության մեջ: «Նոր ալիքը» խոշոր ու հեղինակավոր մրցույթ է, եւ ինձ համար մեծ պատիվ է ներգրավվել նախագծում: Մասնակցության 6000 հայտ է ներկայացվել, ընտրվել է 60 մասնակից, իսկ եզրափակիչ փուլ անցել են 13 հոգի, որոնք էլ ներկայացնելու են իրենց երկիրը:
- Ի՞նչ երգեր եք ներկայացնելու։
- Մրցութային առաջին օրը կատարելու եմ հայտնի ռուսական երգի «քավերը», որը կատարում է հայազգի արտիստ։ Երկրորդ եւ երրորդ օրերին ներկայացնելու եմ իմ ռեպերտուարից բոլորովին նոր երգեր՝ գրված հատուկ «Նոր ալիք»-ի համար։ «Ընկեր իմ» ստեղծագործության հեղինակն Էվա Ոսկանյանն է: Հաջորդ երգը կոչվում է «Bang-Bang», հեղինակները շվեդ երգահաններ են։
Շատ եմ հպարտանում «Ընկեր իմ» երգով։ Թեման ու ոճն ինձ հոգեհարազատ են։ Փորձել եմ այնպես անել, որ ելույթներս միմյանցից տարբերվեն ինչպես ոճային, այնպես էլ տրամադրության առումով։ Կարծում եմ՝ արտիստի համար շատ կարեւոր է բազմապրոֆիլ լինելը։
- Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս մրցույթից։
- Սպասելիքներս մեծ են, բայց կանխատեսումներ չեմ ուզում անել։ Ինչպես Ալեքսանդր Ռեւզինն է ասում՝ սա արդեն բարձրագույն լիգա է. մասնակիցները վաստակել են այստեղ հայտնվելու իրավունքը։ Նաեւ մեծ ճանապարհ է արտիստի համար։ Օգոստոսի 9-ից ամեն օր փորձերի ենք մասնակցում՝ առավոտյան ժամը 9:00-ից մինչեւ 23:00-ը, երբեմն ավելի երկար։ Շատ ծանր փորձեր են ընթանում: Ինձ համար արտասովոր է, որ դրանք անցկացվում են բոլորի ներկայությամբ, եւ հնչում են դիտողություններից մինչեւ ոգեւորող խոսքեր։
- Հայաստանում մեծ ճանաչում չունեք: Նման մրցույթներում կարեւո՞ր է արտիստի հայտնի լինելը:
- Համաձայն չեմ ձեր դիտարկման հետ, որ ես այդքան էլ հայտնի չեմ։ Բավական մեծ լսարան ունեմ։ Եվ օրինակներ կան, որ շատ ավելի հայտնի մարդիկ միջազգային մրցույթներում երբեմն չեն կարողացել ճիշտ ու գրագետ ներկայացնել իրենց երկիրը։ Այս դեպքում կարեւոր չէ, թե որքան հայտնի ես, ավելի կարեւոր է՝ ինչպես եք քեզ դրսեւորում բեմում՝ զսպելով տագնապն ու հույզերը, եւ որքան արդյունավետ ես փոխանցում այն, ինչ ուզում ես։
Նշենք, որ մրցութային օրերն են օգոստոսի 22-ը, 23-ը եւ 24-ը։
Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ Սուրեն Պողոսյանի անձնական արխիվից
Посмотреть эту публикацию в Instagram
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: