Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում երեկ տեղի է ունեցել Աղասի Այվազյանի «Չարենցի ուղղիչ տունը» պիեսի նոր բեմադրության պրեմիերան։ Այս ներկայացումն առաջին անգամ թատրոնում խաղացել են 2004 թվականին, այժմ վերականգնել են նոր դերակատարներով։
Արմեն Մարգարյանը եւ Ավո Խալաթյանը
Ներկայացումը բեմադրել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը, ռեժիսորը Բորիս Պեպանյանն է։ Դեկորացիաները ձեւավորել է ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը, կոմպոզիտորը Յուրի Հարությունյանն է։ Երվանդ Ղազանչյանի որոշմամբ` այն ունի նոր վերնագիր՝ «Եղած-չեղած մի կյանք»/Չարենցը` երեկ, այսօր, վաղը.../։ Բեմում զուգահեռ ներկայացվում է Չարենցի կյանքը 1926 եւ 1937 թվականներին. առաջինի դեպքում բանաստեղծին մարմնավորում է Արմեն Մարգարյանը, երկրորդում՝ Ավո Խալաթյանը։ Իմպրովիզ 11 դրվագով ներկայացումն իր մեջ ներառում է թատերական մի քանի ժանր։ 1937 թվականին Չարենցը հետադարձ հայացք է գցում իր կյանքին. ներկայացվում է, թե ինչպես են ստեղծվել խորհրդային կարգերը, հասուն Չարենցը հիասթափություն է ապրում` համոզված լինելով, որ կոմունիզմի գաղափարախոսությունը տանում է կործանման։
Ներկայացման մեջ ներգրաված է թատրոնի գրեթե ողջ կազմը՝ նվագախումբը, պարային խումբը, դերասաններ Հովակ Գալոյանը, Սաթիկ Հախնազարյանը, Արթուր Կարապետյանը, Կարինե Բուռնազյանը, Վարուժան Մանուկյանը, Վանիկ Մկրտչյանը, Աշոտ Հակոբյանը, Լուսինե Արշակյանը եւ այլք։
«Եղած-չեղած մի կյանք» ներկայացման պրեմիերային
Ավո Խալաթյանն այս ներկայացման կազմում եղել է դեռ առաջին բեմադրության ժամանակ` կրկին մարմնավորելով Չարենցին՝ 1937 թվականին.«Երբ առաջին բեմադրությունն էր ստեղծվում, բանակում ծառայության մեջ էի եւ զորացրվելուս վերջին օրերին Երվանդ Ղազանչյանից ստացա Չարենցի դերը։ Հետաքրքիր է, որ հենց այդ ժամանակ ես մի քանի օրով պատիժ էի կրում այն ժամանակվա Երեւանի բանտում, որտեղ նստել է Չարենցը։ Մեկուսարանում էլ ստացա այս պիեսը, հետո ժամեր եմ անցկացրել նրա թանգարանում՝ աշխատասենյակում` ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրելու մեր պոեզիայի գագաթներից մեկին։ Մոտ մեկ դար առաջ գրած նրա բանաստեղծություններն այսօր արդիական են, նա հետաքրքիր է ամեն պարագայում»։
BRAVO.am-ի այն դիտարկմանը, թե ներկայացումը հղկված չէ եւ պաթոսային է, Ավոն պատասխանել է.«Մոնումենտալ ներկայացում է՝ զանգվածային տեսարաններով։ Ընդամենը մի քանի շաբաթում վերականգնվեց. այդքան մարկանց հավաքելն ու պատրաստվելը շատ դժվար է։ Բավական շատ նոր դերասաններ են ներգրավվել, ինչը դերասանի համար ամենավատ բանն է, որ ի սկզբանե չի մասնակցել սեղանի շուրջ աշխատանքին։ Կարծում եմ՝ մի քանի անգամ խաղալուց հետո կհղկվի»։
Հասմիկ Պողոսյանը, Ռիտա Սարգսյանը, Նունե Եսայանը եւ Ավետ Բարսեղյանը
Պրեմիերային ներկա Նունե Եսայանը հայտնել է, որ ամուսնու մասնակցությամբ ներկայացումն առաջին անգամ դիտել է տասը տարի առաջ՝ հին կազմով.«Շատ կարեւոր է, որ երիտասարդներն ընդգրկված են ներկայացան մեջ։ Փորձերին ներկա չեմ եղել, Ավիկի մայրը, լինելով դերասանուհի, դիտում է ու նկատառումներով ու խորհուրդներով օգնում, ես միայն որպես հանդիսատես եմ գնահատում։ Իհարկե, ընտանիքի անդամի մասին խոսելը դժվար է, բայց Ավոյի խաղը հավանեցի»։
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: