«Ոսկե ծիրան» Երեւանի 14-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը տրված է: Երեկ՝ հուլիսի 9-ին, «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ երեւանյան ամենասիրված ու սպասված փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը: Նախ՝ «Ոսկե ծիրան»-ի անվանի հյուրերը, մրցութային եւ ոչ մրցութային ծրագրերի մասնակիցներն անցան կարմիր գորգով, այնուհետեւ կինոթատրոնի կարմիր դահլիճում բոլորին սպասում էր բացման ֆիլմի ցուցադրությունը:
14-րդ «Ոսկե ծիրան»-ի բացմանը
Նշենք, որ մինչ այդ, ավանդույթի համաձայն՝ տեղի էր ունեցել «Ոսկե ծիրանի» ոչ պաշտոնական մեկնարկը խորհրդանշող ծիրանօրհնեքի ավանդական արարողությունը Սուրբ Աննա եկեղեցում: Իսկ ահա Շառլ Ազնավուրի հրապարակում՝ անվանի այլ հայ կինոգործիչների անունը կրող աստղերի կողքին, բացվեցին կինոռեժիսորներ Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի եւ օպերատոր Սերգեյ Իսրայելյանի հիշատակը հավերժացնող աստղերը:
Մինչ բոլոր հյուրերը կշտապեին ներս մտնել, լրագրողների հետ ճեպազրույցով հանդես եկան ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը եւ փառատոնի գլխավոր գործընկեր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Նախարարը համոզված է՝ «Ոսկե ծիրանը» եւ ընդհանրապես կինոյի զարգացման այն հայեցակարգը, որն իրենք են մշակել, կարող է դառնալ այն շոգեքարշը, որն իր հետեւից կտանի ողջ մշակույթը. «Ուզում ենք հետաքրքիր ու փոխշահավետ դառնալ աշխարհի կինոարտադրողների համար, այս առումով «Ոսկե ծիրանը» լավագույն հարթակն է այդ շփումներն ապահովելու, ինչպես նաեւ մոտ ապագայում տարածաշրջանային կարեւորագույն կինոշուկա դառնալու համար»,- ասաց նա:
14-րդ «Ոսկե ծիրան»-ի բացմանը
Հարություն Խաչատրյանի խոսքով էլ՝ փառատոնը գնում է հստակ ճանապարհով, որը տանում է դեպի հայկական կինոյի զարգացում.«Մենք այս տարի հրաժարվեցինք փոքր-ինչ արտիստիկ բաներից` մեծ աստղերից կամ փայլուն շորերից ու կոշիկներից, փոխարենն ընտրեցինք լավագույն ֆիլմերը, որ այսօր գոյություն ունեն աշխարհում: Այս տարի «Ոսկե ծիրան»-ի հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել Կաննի կինոփառատոնում ընտրված լավագույն ֆիլմերը, Լոնդոնի եւ Լոկառնոյի, Վենետիկի եւ Բեռլինի հաղթող ու լավագույն ֆիլմերը, որոնք մենք բերեցինք Հայաստան: Ինչպես նաեւ ընտրեցինք ճիշտ ու բարձր որակի ժյուրի, որը կարող է գնահատել ֆիլմերը: Բացի այդ, փառատոնի համար ամենակարեւոր հանգամանքներից մեկը քաղաքն է, որտեղ տեղի է ունենում այն, եւ Երեւանն այն քաղաքն է, որտեղ կա լավ մթնոլորտ, ու կան բազմաթիվ կինոսիրողներ: Այնպես որ, փառատոնը սկսում ենք բարձր տրամադրությամբ»:
Ռալֆ Յիրիկյանն էլ, ում ղեկավարած «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունն ամեն տարի մեծ ներդրում է ունենում փառատոնի կայացման գործում, հույս հայտնեց, որ համագործակցությունը կշարունակվի դեռ երկար տարիներ.«Ուրախ եմ, որ եւս մեկ տարի «Ոսկե ծիրանը» կա: Բացի երեւանյան կինոփառատոն լինելուց, այն նաեւ իրականացնում է մի շատ կարեւոր առաքելություն. մեր երկիրը տարեցտարի պիտի ավելի ու ավելի ճանաչված դառնա աշխարհով մեկ ու շատ ավելի նոր մարդիկ պիտի այցելեն Հայաստան: Իհարկե, ներդրողի համար շատ կարեւոր է արդյունքը, եւ մենք 13 տարի առաջ այդ արդյունքը տեսանք ու օգնեցինք փառատոնի հետագա կայացմանը, ինչը համընկնում է մեր գաղափարախոսությանը»:
Ավետ Բարսեղյանը եւ Լուիզա Ղամբարյանը
Բոլոր հյուրերն արդեն տեղում էին, եւ ժամանակն էր արարողությունը սկսել: Նախ՝ ցուցադրվեց «Հրաշագործի աշունը» խորագրով կարճ տեսանյութը, որը նվիրված էր հայ անվանի կինոռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցին, այնուհետեւ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին նրա հիշատակը: Հարություն Խաչատրյանն իր խոսքում նկատեց՝ Գեւորգյանցն այն մարդն էր, ով ստեղծեց լավագույն ֆիլմեր եւ անգնահատելի ավանդ ունեցավ հայկական կինոյի զարգացման գործում:
Նշենք, որ երեկոն վարում էին Ավետ Բարսեղյանն ու դերասանուհի Լուիզա Ղամբարյանը: Միջոցառման ընթացքում երաժշտական կատարումներով հանդես եկավ նաեւ «Վահագն Խաչատրյան եւ ընկերներ» բենդը, որն արդեն 4-րդ տարին է՝ ելույթ է ունենում «Ոսկե ծիրան»-ի բացման արարողությանը: Խաչատրյանը նույնիսկ կատակեց՝ այսուհետ իրենց բենդը կարելի է անվանել հենց «Ոսկե ծիրան»:
Երեկոյի ընթացքում ներկայացվեցին փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերը, ինչպես նաեւ ժյուրիի կազմը: Ի դեպ, փառատոնն այս տարի ստացել էր մոտ 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային եւ արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել է ավելի քան հարյուր ֆիլմ:
14-րդ «Ոսկե ծիրան»-ի բացմանը
Այնուհետեւ ցուցադրվեց բացման ֆիլմը՝ ռեժիսոր Համո Բեկնազարյանի «Խասփուշ»-ը: Ինչպես գիտեք, ֆիլմը նկարահանվել է 1927 թվականին, եւ այս տարի լրանում է ֆիլմի 90-ամյակը: Պարսկաստանում խասփուշների՝ ընչազուրկ գյուղացիների եւ արհեստավորների ապստամբության մասին պատմող այս ֆիլմը հայկական առաջին պատմահեղափոխական կինոնկարն է: «Խասփուշը», սակայն, այս տարի ցուցադրվեց որակապես նոր մակարդակով, քանի որ հետաքրքիր թվայնացում էր ունեցել: Ու քանի որ այն համր ֆիլմ է, հնարավորություն էր ստեղծվել մի հետաքրքիր նախաձեռնությամբ հանդես գալու. ֆիլմը ցուցադրվեց Վահագն Հայրապետյանի եւ նրա բենդի՝ հատուկ ֆիլմի համար գրված երաժշտության ուղեկցությամբ:
Հավելենք, որ փառատոնն անցկացվելու է մինչեւ հուլիսի 16-ը. բաց մի թողեք հայկական ու համաշխարհային լավագույն ֆիլմերը դիտելու բացառիկ հնարավորությունը: Բոլորին բարի կինոդիտում ենք մաղթում:):
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: