×


«Ազնավուրը հայերեն»

«Ազնավուրը հայերեն»

«Ասում են` Ազնավուրն իր տանից լսում էր այս համերգը»:) Նոյեմբերի 14-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահի հյուրերն ունկնդրում էին հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրի երգերը Վարդան ու Հայկ Պետրոսյանների, Իվետա Մուկուչյանի, Րաֆֆի Օհանյանի եւՊերճ Թյուրաբյանի կատարմամբ: Vardan Petrosyan Նախագծի հեղինակները դերասան Վարդան Պետրոսյանն ու հեղինակ-կատարող, բանասեր Պերճ Թյուրաբյանն էին: Վերջինս հայերեն է թարգմանել Ազնավուրի ֆրանսերեն երգերի մի մասը: Համերգը ֆրանսերեն պոպուրիով սկսեցին Վարդան ու Հայկ Պետրոսյանները եւ Իվետա Մուկուչյանը: Ապա Վարդան Պետրոսյանն ընկավ հուշերի գիրկը, Ազնավուրի հետ կապված պատմություններ հիշեց ու երգերից մի քանիսը կատարեց: Ապա դերասանն իր միկրոֆոնն ու կիթառը զիջեց նյույորքաբնակ Պերճ Թյուրաբյանին, ում այսպես ներկայացրեց. «Պերճը ծնվել է Եգիպտոսում, գաղտնի մասնակցել է բուրգերի կառուցմանը, փարավոնների հետ ընկերություն է արել, երկար տարիներ ապրում է Նյու Յորքում, աշխատում է այնտեղի Հանրային գրադարանում, Շառլ Ազնավուրի ու ֆրանսիական երգի մեծ գիտակ ու երկրպագու է::) Արտաքին կուլտուրական տեսքին մի նայեք, նրա նման շռայլ մարդ քիչ կա, որ մինչեւ վերջին կոպեկը կարող է տալ: Հայերից ով գնում է Նյու Յորք, գոնե կեսը Պերճի տանն է ապրում` սկսած մինիստրներից մինչեւ ուսանողներ: Նույնիսկ ինքը չգիտի` ովքեր են գիշերում իրենց տանը, դե, ծանոթ մարդու որդի է, վեց ամսով եկել է սովորելու, գալիս է Պերճի տանը բնակվելու:)»: Iveta Mukuchyan & Hayk Petrosyan 1987 թվին Նյու Յորքում Պերճ Թյուրաբյանն առաջին անգամ ներկա է գտնվում Ազնավուրի համերգին իր կնոջ` Անահիտի հետ, որը Խաչիկ Դաշտենցի դուստրն է. «Ի հիասթափություն մեզ` Ազնավուրն ամերիկացիների համար երգեց մեծամասամբ անգլերեն երգեր, միայն մի քանի ֆրանսերեն երգ: Հետո առիթ ունեցա իր հետ զրուցելու, ասացի, որ մարդիկ ուզում են հենց ֆրանսերենով լսել երգերը: Իսկ նա պատասխանեց, որ իր երգերը ոչ միայն լսելու, այլեւ հասկանալու համար են, դրա համար էլ երգում է իտալերեն, իսպաներեն, անգլերեն…»,- պատմեց Թյուրաբյանն ու ավելացրեց, - «Հայերը Ազնավուրին մեծարում ու սիրում են, բայց մեծ մասը ֆրանսերեն չի հասկանում, կարծում եմ, արդեն հայերենով բոլորին հասանելի կլինի նրա երգերի թեմաներն ու իմաստը»: «Իմ վերջին` «Ճակատագրի կատակները» ներկայացման մեջ պատմում եմ Ֆրանսիայի իմ առաջին դժվար տարիների մասին, երբ մետրոյում էի երգում, երբ օրվա հացի փող չէր լինում: Ազնավուրի երգերն էի երգում, պարոդիաներն էի անում... Այո, Ազնավուրի երգերով փող եմ աշխատել, օգտագործել եմ իմ նպատակների համար:)»,- կեսկատակ ասաց Վարդան Պետրոսյանը: Raffi Ohanyan «Ֆրանսիայում ներկայացումներիցս մեկի ժամանակ ներկա էր Ազնավուրը, հատուկ դասավորել էի ու Հայկին նստեցրել նրա կողքին::) Ներկայացումից հետո Շառլը եկավ ետնաբեմ ու շատ կարճ ասաց. «Շնորհավորանքները թողնենք ընտանիքիդ, երեք թերություն տեսա, եթե ուզում ես, կգաս, կխոսենք իմ գրասենյակում»: Գնացի, մոտ 40 րոպե խոսեց ու ոչ մի ավելորդ բառ չասաց: Զարմանում եմ` նման պրագմատիկ մարդն ինչպես է այսպիսի քնարական ու հուզիչ երգերի խոսքեր գրում, ինչպես է ընտրում թեմաները»,- նշեց դերասանը: Իվետա Մուկուչյանը բացի ֆրանսիական պոպուրիից` շանսոնյեի երկու հայալեզու երգ կատարեց` «Սիրուց մեռնել» եւ «Երբ սիրում ես ինձ», Րաֆֆի Օհանյանը` մեկ ֆրանսերեն երգ: «Հետաքրքիրն այն էր, որ փորձերի ժամանակ Րաֆֆին ֆրանսերեն տեքստը գրում էր հայերեն տառերով, Իվետան էլ հայերեն բառերը` գերմաներենով:)», - նրանց ներկայացնելիս կատակեց Վարդան Պետրոսյանը: Hayk Petrosyan Իվետան անկեղծ ասաց, որ Շառլ Ազնավուրի երգերի գիտակ չէ, բոլոր երգերն անգիր չգիտի: Համերգին ընդգրկվել է իր սուպերսթարցի ընկերներից Հայկի առաջարկով. «Ինձ համար մեծ պատիվ է Պետրոսյանների հետ նույն բեմում երգելը: Նրանց պես Ազնավուրի երգերը չեմ ուսումնասիրել, ֆրանսերենին լավ չեմ տիրապետում, բայց մի քիչ գիտեմ: Երբ երգի տրամադրության մեջ ես մտնում, լեզուն դժվար չի լինում»: Րաֆֆի Օհանյանն էլ նշեց, որ Վարդան Պետրոսյանը վաղուց իր սիրելի դերասաններից է, նրա հետ կմասնակցի ցանկացած նախագծի. «Ընդամենը 2 օր ունեի ֆրանսերեն տեքստը սովորելու համար, մինչ այդ համալիրի համերգի փորձերն էինք անում: Ընկերներիս` Հայկի , Իվետայի ու պարոն Վարդանի հետ շատ հաճելի, ընկերական, թեթեւ, ուրախ մթնոլորտում փորձեր էինք անում: Չեմ կարողանում Վարդան ասել, դուրս չի գալիս մի տեսակ, ես իրեն պարոն Վարդան եմ ասում: Հետագայում էլ շատ-շատ մեծ հաճույքով նրա հետ կաշխատեմ, ինչի մասին էլ որ լինի նախագիծը»: «Ազնավուրը հայերեն» Հայկ Պետրոսյանն էլ փոքր տարիքում Ազնավուրի երգերը չի սիրել, իսկ ինչու՞.:) «Փոքր ժամանակ Ազնավուրի երգերն ատում էի, որովհետեւ մամաս լսում ու լացում էր: Մտածում էի` ո՞վ է էս մարդը, որ մամաս իր պատճառով լաց է լինում::) Բայց երբ առաջին անգամ գնացի Ֆրանսիա, սկսեցի լեզուն սովորել, նրա երգերի միջոցով էլ սովորեցի ֆրանսերեն: Էլ չէի մտածում, որ մամայիս լացացնելու մեղավորը Ազնավուրն է»,- հիշեց Հայկը: Վարդան Պետրոսյանն ասաց, որ Ազնավուրի համերգները Ֆրանսիայում առանց «Լա բոհեմ» երգի չեն անցնում. «Այդ երգի կատարման ժամանակ Շառլը համերգներին թաշկինակ է շպրտում, երկու անգամ փորձել եմ բռնել, բայց անբախտս չկարողացավ::) Այն, ինչ չկարողացավ անել հայրը, արեց որդին: 17-ամյա Հայկը ամբոխի միջից մի կերպ բռնեց պատառոտված թաշկինակը, բայց երեք օր չկարողացավ շարժել թեւը: : Դե, խոստացել էր բռնել ու մամային նվիրել»: :) Երկու մասից կազմված համերգային ծրագրի ընթացքում հնչող հայերեն, ֆրանսերեն ու անգլերեն երգերը համեմվում էին մասնակիցների հիշողություններով ու իմպրովիզներով: Համերգի վերջում Վարդան Պետրոսյանը երգիչներին ու երաժիշտներին ներկայացնելուց հետո համերգը եզրափակեց. «Ազնավուրի տունը Կասկադի հարեւանությամբ է գտնվում, ասում են` նա իր տանից լսում էր այս համերգը:)»: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW