Խումբը գրավեց մոսկովյան հանդիսատեսին
Հոկտեմբերի 28-ին “Դորիանս” խումբը 15 օրով մեկնեց Մոսկվա` գրավելու ռուսական բծախնդիր եւ պահանջկոտ հանդիսատեսին: Ու չնայած խմբի վոկալիստ Գոռ Սուջյանը վախենում է ինքնաթիռով թռիչքներից, տղաները հաջող վայրէջք կատարեցին :):
Համերգներով հանդես գալու միտքը ծագել էր դեռեւս մայիսին, երբ “Դորիանս” խումբը մասնակցում էր Մոսկվայում կայացած “Տաշիր” ամենամյա մրցանակաբաշխությանը: Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած 4 մենահամերգների ընթացքում խումբը իսկական բացահայտում դարձավ մոսկովյան հանդիսատեսի համար: Տղաներին անդադար “բիս”-ի էին կանչում` նորից ու նորից պահանջելով կատարել արդեն սիրելի դարձած երգերը: Չնայած “ազգային հիմն” դարձած “Կուլամ”-ը Մոսկվայում հնչում էր առանց թավջութակի ուղեկցության, միեւնույն է, այն նույնքան հուզիչ ու ազդեցիկ էր: Հանդիսատեսը սկզբից մինչեւ վերջ Գոռի հետ հավասար երգում էր երգը: Ի դեպ, ոչ միայն հայտնի ու սիրված “Կուլամ”-ը, այլեւ այն երգերը, որոնք նույնիսկ դեռ տեսահոլովակ չունեն` “You & me”-ն, “Brave”-ը:
Երրորդ համերգը “Б2” ակումբում էր, որը համարվում է Եվրոպայում ամենամեծը:
Այնտեղ են նվագել բոլոր հայտնի երաժիշտները, ովքեր երբեւէ համերգներով այցելել են Մոսկվա: Այդ ակումբում նվագելու թույլտվություն ստանալը շատ դժվար է, այնտեղ ելույթ ունենալու ցանկությունը դեռեւս գործի կեսի կեսն է: Երբ մոսկովյան համերգների կազմակերպիչները դիմել էին “Б2” ակումբի տնօրինությանը համերգի օրը նշանակելու համար, վերջիններս “կլորիկ” գումար էին պահանջել ու միանշանակ մերժել համերգի համար կոմերցիոն, այսինքն` շաբաթ կամ կիրակի օրեր հատկացնել: Դե ինչ արած, կազմակերպիչները համաձայնել էին, բայց... ակումբից հեռանալուց առաջ, վերջին րոպեին տնօրինությանն էին տվել “Դորիանս”-ի երգերը` խնդրելով ուղղակի աչքի անցկացնել: Ու հենց նույն օրը` մի քանի ժամ անց, ակումբի տպավորված մենեջերը համաձայնել էր, որ համերգը տեղի ունենա առանց գումարի ու ցանկացած օր :):
Ու հենց “Б2”-ում տեղի ունեցավ Գոռի ճակատագրական հանդիպումը: Գոռը Ռուսաստանի ժողովրդական արտիստ, նախկինում Կոնստանտին Օրբելյանի անվան նվագախմբի երաժիշտ, իսկ այժմ Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայի դասախոս, տաղանդավոր ջազային կիթառահար Միխայիլ Սուջյանի որդին է: Տարբեր երկրներում բնակվելու պատճառով Գոռն ու իր հայրը երբեք միասին չեն նվագել ու առաջին անգամ էին հանդիպում բեմում: Դե, պատկերացնո՞ւմ եք չէ հուզմունքի աստիճանը: Նրանք ներկայացրեցին Սթիվի Ուանդերի “Moon Blue”-ն, իսկ ով գոնե մեկ անգամ լսել է Գոռին` Սթիվի Ուանդերի քավերները կատարելիս, հաստատ կհասկանա, թե ինչ էր կատարվում բեմում: Դուետը մեծ անակնկալ էր բոլորի համար, այդ տեսարանից հուզվել ու տպավորվել էին բոլորը` երաժիշտները բեմում ու հանդիսատեսը դահլիճում: Չնայած, ի՞նչ եմ պատմում, հենց այս ելույթից մի հատված կարող եք ինքներդ դիտել Bravo.am-ում :):
Մյուս դուետը երաժիշտ Music Հայկի հետ էր, ում կհիշեք ռուս ռեփեր Տիմատիի հետ համագործակցություններից: “Դորիանս”-ն ու Հայկը ներկայացրեցին Էրիկ Քլեփթոնի Change the World-ի քավեր տարբերակը:
Հաջորդ հետաքրքիր դուետը ջազային երգչուհի Մարիամ Մերաբովայի հետ էր, ում իր գործընկերներ Բրայան Մեյը, Ռիչի Քոուլը, Սերգեյ Մանուկյանը, Ալեքսանդր Պանայոտովը, Նիկոլայ Նոսկովը “Մարիամ Lady Voice Մերաբովա” են անվանում: Նրանք ներկայացրեցին “Gnarls Barkley” խմբի “Crazy” երգը:
“Դորիանս”-ը դուետով նաեւ պետք է հանդես գար երգչուհի Պոլինա Գագարինայի հետ: Վերջինս վատառողջ էր ու sound check-ից հետո պարզապես չկարողացավ մասնակցել համերգին: Մի խոսքով, միայն sound check-ին ներկաների բախտը բերեց:):
Մնացել էր վերջին` հոկտեմբերի 11-ի համերգը “Jazz Parking” նախագծի շրջանակներում: Բոլոր տոմսերը վաղուց վաճառված էին, ու թվում էր, թե ամեն ինչ ընթանում է բնական հունով, բայց համերգից մեկ օր առաջ Գոռը մոտեցավ խմբի պրոդյուսեր Վահագին ու ասաց «….. …. ……. »: Այնպես չէ, որ ես եմ սխալ գրել, կամ դուք չհասկացաք: Վահագն էլ ոչինչ չլսեց ու չհասկացավ: Գոռի ձայնը կտրվել էր: Ախտորոշումը` սուր, բորբոքային, թարախային անգինա: Բժիշկը նախազգուշացրեց, որ համերգի մասին խոսք անգամ լինել չի կարող: Վերջին հույսը ձայնալարերի մասնագետն էր, ով մի “волшебное средство» նշանակեց: Համերգից կես ժամ առաջ Գոռը ընդունեց հաբը ու... սկսվեց վերջին համերգը`Մոսկվայում շատ հայտնի “Jazz Parking” նախագծի շրջանակներում, որը կարեւորում է ոչ թե անունները, այլ` որակը: Համերգին ներկա էին այն բոլոր երաժիշտները, ովքեր հանդես են եկել նախագծի շրջանակներում: Դահլիճում ազատ տեղեր չկային, իսկ ամենահետաքրքիրն այն էր, որ հանդիսատեսի կեսից ավելին ռուսներ էին: Հենց այս համերգից հետո խումբը ստացավ բազմաթիվ նոր, հեռանկարային առաջարկներ, գարնանը կրկին համերգներով հանդես գալու առաջարկ, իսկ այժմ, բացի հայ երկրպագուներից, Դորիանսի առաջին ձայնասկավառակին անհամբեր սպասում են նաեւ “А-Студио” խմբի երաժիշտները: Ի դեպ, ձայնասկավառակը կթողարկվի 2011-ին, բայց այդ մասին խոստանում ենք անպայման պատմել հետո:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները եւ տեսանյութը տրամադրել է «Դորիանս» խումբը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: