Երեւանը ժպտում է:) Սարյան փողոցում Երեւանը սկսել է ժպտալ:): Տոնական տրամադրությամբ, փուչիկներով ու ժպիտներով այստեղ օրերս հավաքվել էին հին ու նոր երեւանցիներ, մշակութային, քաղաքական ու հասարակական գործիչներ` մասնակցելու Մարտիրոս Սարյանի “Իմ բակը” կտավի մոզաիկ պաննոյի բացման արարողությունը: Արվեստագետների, ճարտարապետների ու ձեռներեցների կողմից նախաձեռնված “Երեւան ժպտա” ծրագիրն իրականացվում է Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ, նպատակն է նոր շունչ ու տեսք հաղորդել մայրաքաղաքի ճարտարապետական եւ գեղագիտական դեմքին: “Իմ բակը” կտավի մոզաիկ պաննոյի բացման հանդիսավոր արարողությունն ուղեկցվել է “Սկեռծո” լարային քառյակի նվագակցությամբ, ներկաների ծափերով ու բրավոներով(Bravo.am:)): “Երեւանում նոր ու գեղեցիկ շենքեր են ավելանում, քաղաքը նոր տեսք է ստանում, ինչի ապացույցն այս պաննոյի բացումն է: Ուրախ եմ, որ Հայաստանում կան նման արվեստագետներ, ովքեր կարող են մոտենալ Գաուդիի արվեստին, մայրաքաղաքում էլ ստեղծել այնպիսի գործեր, ինչպիսիք կան աշխարհի հայտնի քաղաքներում”,- բացման խոսքում նշել է ՄԱԿ-ի զարգացման մշտական ծրագրերի հանձնաժողովի ղեկավար Դիփ Բուրբերգը: “Մոզաիկ պաննոն ստեղծվել է բավական կարճ ժամանակում. երկու եւ կես ամսվա ընթացքում մեզ հաջողվեց ստանալ նման գեղեցիկ շենք, որը կդառնա ժամադրավայր, կգրավի զբոսաշրջիկների ուշադրությունն ու իր գունային լուծումներով գրավիչ կդարձնի քաղաքի պատկերը”,- BRAVO.am-ին ասել է ծրագրի գեղարվեստական ղեկավար, նկարիչ Արմեն Աթանյանը` նշելով, որ աշխատանքներն իրականացվել են Գեղարվեստի ակադեմիայի ուսանողների մասնակցությամբ: Ծրագրի իրականացմանն աջակցող գործարար Հարություն Աջարյանի խոսքերով` այն շարունակություն է ունենալու. “Պատկերազարդվել է նաեւ Ալավերդյան եւ Տպագրիչների փողոցների հատման մասում գտնվող մի շենք. օգտագործվել է կենզո դիզայնը: Շուտով կավարտվեն նաեւ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի շենքի արտաքին հարդարման աշխատանքները: Երեւանում շատ շենքեր կան, որոնք պետք է նման ճակատագրի արժանանան, իսկ մենք կանենք ամեն ինչ`քաղաքին ուրախ տրամադրություն հաղորդելու համար:)”: Երեւանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին էլ նշել է, որ քաղաքապետարանը շարունակելու է աջակցել նման ծրագրերի իրականացմանն ու քաղաքի շինություններին պատկերազարդումներ այսուհետ հաճախ ենք տեսնելու: Մարտիրոս Սարյանի ընտանիքի անունից ներկաներին ողջունել է Սոֆյա Սարյանը. “Ուրախ ենք ու շնորհակալ նման աշխատանք կատարելու համար: Հատկանշական եմ համարում “Իմ բակը” կտավի ընտրությունը, որն արվել է 1923-ին: Այն խորհրդանշում է հայ ազգի կերպարը: Հույս ունեմ, որ ծրագիրը շարունակական կլինի եւ սերունդներին կհիշեցնի մեր անվանի նկարիչների, նրանց աշխատանքների մասին”: Ջազմեն Լեւոն Մալխասյանը եւս BRAVO.am-ի հետ զրույցում կարեւորել է “Ժպտա Երեւան” ծրագրի ճանաչողական նշանակությունը. “Այս մոզաիկ պաննոների միջոցով ոչ միայն հայերն, այլեւ օտարերկրացիները կճանաչեն մեր մշակույթն ու մեծ արվեստագետներին”: “Ժպտա Երեւան” ծրագիրը բաց է բոլոր արվեստագետների, ճարտարապետների ու առաջարկների համար: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: