Հայկական ֆիլմում թուրք դերասանուհի է նկարահանվել
«Կինոն պրոֆեսիոնալների գործ է, իսկ սա պրոֆեսիոնալ կինո է իր բոլոր թույլ եւ ուժեղ կողմերով»,- այսպես անվանեց Վիգեն Չալդրանյանը «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը, որի ստեղծագործական կազմը պրեմիերայից առաջ այն հանդիսատեսին ներկայացնելու համար ընտրել էր կինոռեժիսորին: Ապրիլի 23-ին Մոսկվա կինոթատրոնում կայացավ Արտակ Իգիթյանի «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի պրեմիերան:
Վինգեն Չալդրանյանը ներկաներին ասաց, որ իրեն զերծ է պահում գնահատական տալուց, այն թողնելով հանդիսատեսին, փոխարենը նշեց, որ ինքն ուրախ է կատարված ահռելի աշխատանքի ու այն բանի համար, որ մեզ մոտ կատարվել են առաջին քայլերը պրոդյուսերական արվեստի զարգացման ուղղությամբ. «Ես ուրախությամբ պետք է նշեմ ֆիլմի պրոդյուսերներ Միքայել Բաղդասարովի, Մարտին Ադոյանի եւ Գեւորգ Գեւորգյանի անունները, ովքեր աջակցել են, որ այս ծրագիրն իրականություն դառնա»:
Պրոդյուսերներից Գեւորգ Գեւորգյանն էլ, որ նաեւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենն է, ասաց, որ ամեն մի նոր ֆիլմ ընդունում է որպես նոր երեւույթ, նոր տոն. «Այսօր մենք իսկապես կինո ենք դիտելու: Վերջին շրջանում մեզանում աշխուժացել է կինոարտադրությունը, հատկապես ուրախ եմ, որ երիտասարդներն են ներգրավվել այս ոլորտ. համոզված եմ, որ նրանք մեր կինոն առաջ կտանեն ու հայտնի կդարձնեն աշխարհին: Ուրախությամբ պետք է նշեմ նաեւ, որ սա առաջին հայկական պրոդյուսերական ֆիլմն է»:
«Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի բեմադրող ռեժիսոր Արտակ Իգիթյանն էլ ասաց, որ հայերի հանդեպ կատարված ցեղասպանությունը պատմելու, ներկայացնելու տարբեր միջոցներ կան, որոնցից մեկին դիմել են իրենք. «Մեկ ընտանիքի պատմության մեջ ներկայացված է ողջ հայ ժողովրդի թեման` ցեղասպանությունը դիտարկելով գաղթականների մի քանի սերունդների վրա ունեցած ազդեցության տեսանկյունից»:
Ֆիլմի իրադարձությունները կրում են 1915թվականի ցեղասպանության հետեւանքները, ծավալվում Կարապետ Փամբուկչյանի ընտանիքում, որը ներկայացնում է Ամերիկա ներգաղթած հայերի չորորդ սերունդը եւ կանգնած է «Ամերիկա» կոչվող բազմազգ խառնարանում ընդհանուրին միաձուլվելու վտանգի եզրին. մի կողմից որդին, ով ըմբոստանում էր հոր ձեռնարկած արմատները պահպանելու փորձերի դեմ, մյուս կողմից թոռը, ով սիրահարվել էր թրքուհուն: Ութսունամյա Կարապետը, ում մայրը հրաշքով փրկվել էր եղեռնից, ձգտում էր ամեն կերպ իր օտարված որդու ու թոռան մեջ արթնացնել, ամրացնել կորուսյալ hայրենիքի հետ կապը, փրկել ընտանիքը օտարացումից ու բաժանումից: Կարապետ Փամբուկչյանի հույսն այս հարցում յուրաքանչյուր հայի արյան մեջ առկա գենետիկ հիշողությունն է, որը հնարավոր չէ սպանել կամ ջնջել` անկախ նրանից, թե որտեղ է ապրում հայը...
Նկարահանումները կատարվել են Հայաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանիսիայում եւ Արեւմտյան Հայաստանում: Գլխավոր դերերում նկարահանվել են տարբեր երկրներից հրավիրված դերասաններ` Ժան –Պիեռ Նշանյանը(ԱՄՆ), Արեն Վաթյանը(ՌԴ), Արեւիկ Մարտիրոսյանը (Ֆրանսիա) եւ Կարեն Ջանգիրյանը, ով կերտում է Կարապետ Փամբուկչյանի կերպարը: Առաջին անգամ հայկական ֆիլմում նկարահանվել է նաեւ թուրք դերասան. Գյունըշը Զանը մարմնավորել է Կարապետի թոռան ընկերուհուն, ով ֆիլմում եւս թրքուհի է:
Ֆիլմի բեմադրող ռեժիսորները Արտակ Իգիթյանը եւ Վահան Ստեփանյանն են, սցենարիստները` Արմեն Վաթյանն ու Արեն Վաթյանը, օպերատորը Ռուբեն Շահբազյանցն է, իսկ բեմադրող նկարիչը` Գագիկ Բաբայանը: Երաժշտությունը գրել է Հայկոն:
Պրեմիերայի ավարտին ներկաները սպասասրահում` հյուրասիրության սեղանի մոտ, շնորհավորեցին ստեղծագործական խմբին ու հայտնեցին իրենց կարծիքը ֆիլմի մասին: Շատերը հրաժարվեցին առաջին դիտումից հետո կարծիք հայտնելուց կամ գնահատական տալուց, շատերն էլ հնչեցրեցին իրենց դրական ու բացասական վերաբերմունքը: ԱՄՆ-ից Հայաստան ժամանած Նաիրի Օշուղյանը, ով հայրենիք է եկել Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ, մեզ հետ զրույցում ասաց, որ իր արմատները եւս Վանից են. «Ես էլ կրկին ցանկություն ունեցա տեսնել Վանա ծովուն արշալույսը, ծովի ծփանքը: Ուրախ եմ, որ այսքան մարդ հետաքրքրվում է մեր անցյալով եւ եկել է պրեմիերային: Մի անգամ էլ պետք է նայեմ, որ կարողանամ ճիշտ գնահատել այն, քանի որ ես էլ մասնագիտությամբ կինոռեժիսոր եմ»: Ներկաներից Հարություն Սեմիրջյանն էլ ասաց, որ իր կարծիքով ֆիլմն ավելի հետաքրքիր կլիներ, եթե շեշտը դրվեր ներկայացված սերունդներից մեկի վրա, մյուսներն էլ լրացնեին այդ մեկին: Իսկ “Օրանժ Արմենիա”ընկերության մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանն իր ուրախությունը հայտնեց այն փաստի առթիվ, որ ստեղծվել է լիամետրաժ հայկական ֆիլմ:
Ֆիլմի գլխավոր դերասանուհիներից Արեւիկ Մարտիրոսյանն էլ , ով ապրում է Ֆրանսիայում, Bravo.am-ին պատմեց, որ սա երկրորդ հայկական ֆիլմն է, որում հանդես է գալիս իր խաղով. «Առաջինը Միքայել Դովլաթյանի «Սողանք» ֆիլմն էր: Իսկ այս ֆիլմի համար առաջարկ ստացա Արտակ Իգիթյանից, ուրախ եմ, որ նկարահանվել եմ հերթական հայկական ֆիլմում: Իմ իրական կերպարը շատ տարբեր է այն կերպարից, որը ես կերտում եմ այստեղ: Ինձ համար պատասխանատու գործ է սա. ես պետք է կարողանայի ճիշտ կերտել հայ կնոջ կերպարը, լինել հայ մշակույթի կրողը»: Արեւիկը պատմեց, որ իր հայրիկի նախնիները եւս Վանից են եղել. «Այստեղ շատ հետաքրքիր բան կա: Ես երբեք չէի պատկերացնի, որ երբեւէ կարող եմ ընկնել Արեւմտյան Հայաստան, Թուրքիա: Երբ ես գնացի այնտեղ, հասկացա, որ միայն սահմաններն են տարբեր, հողը նույնն է. Արեւմտյան Հայաստանում մեր նույն հայկական հողն է»: Ֆրանսիական թատրոնում ստեղծագրծող դերասանուհին հույս ունի, որ հետագայում եւս հանդես կգա հայկական ֆիլմերում, ասում է, որ, ապրելով հայրենիքից հեռու, չի մոռանուն իր հայրենիքն ու լեզուն, խոսում է հայերեն, իսկ ստեղծված հնարավորության դեպքում փորձում հնարավորիս շատ մնալ հայրենի հողում. «Մեկ ամիս կմնամ Հայաստանում: )»:
Նշենք, որ «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը հանդիսատեսը դիտելու հնարավորություն ունի ապրիլի 24-ից:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/ Bravo.am /
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի/ Bravo.am /
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: