×


«Տերն ու ծառան»

«Տերն ու ծառան»

Թումանյանական հեքիաթի ժամանակակից մյուզիքլը  :) Հովհաննես Թումանյանի հայտնի «Տերն ու ծառան» հեքիաթն արդեն ունի նաեւ իր բեմական տարբերակը` ժամանակակից մյուզիքլի տեսքով: Հոկտեմբերի 15-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում կայացավ մյուզիքլի պրեմիերան, որով էլ սկիզբ դրվեց թատրոնի 81-րդ թատերաշրջանին: Ներկայացման բեմադրությունը եւ նկարչական ձեւավորումը Վիգեն Ստեփանյանինն է, երաժշտությունը` Վահե Հայրապետյանինը եւ Վիգեն Ստեփանյանինը, իսկ պարերի հեղինակը Նաիրա Հովհաննիսյանն է: «Տերն ու ծառան» 1 ժամ 15 րոպե տեւողությամբ մյուզիքլի ընթացքում հնչեց մանկական, հայկական շախով-շուխով ու մի քիչ էլ  արեւելյան տարրերով երաժշտություն, դերասաններն էլ երգեցին, պարեցին, իրենց հումորով ժպիտներ պարգեւեցին դահլիճում նստած մանուկներին, նրանց ծնողներին: Պրեմիերային ներկա էին դերասաններ, թատերագետներ, ռեժիսորներ եւ շատ այլ հայտնիներ: «Տերն ու ծառան» Բեմադրող Վիգեն Ստեփանյանը Bravo.am-ի հետ զրույցում ասաց, որ սիրում է մյուզիքլ ժանրը. «Ինձ թվում է` այն մատուցման մի ձեւ է, որն այսօր արդիական է, ավելի ընդունելի, քան ավանդականը»: Նա կարծում է, որ «Տերն ու ծառան» մյուզիքլը նախատեսված է տարիքային բոլոր խմբերի համար, իսկ դերասանների մասին խոսում հիացմունքով. «Ես միշտ շնորհակալ եմ իմ դերասաններին, սիրում եմ նրանց. ի վերջո, նրանք են արտահայտում բոլոր մտահաղացումները: Նրանք շատ լավ կատարեցին իրենց վրա դրված պարտականությունները»: Ի դեպ, մյուզիքլին մասնակցում էին Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանները, որոնց հետ Վիգեն Ստեփանյանն արդեն երրորդ անգամ է աշխատում: «Տերն ու ծառան» Բեմադրության ողջ ընթացքում հեքիաթը պատմում, երգում, պարում եւ հանդիսատեսին իրադարձությունների կենտրոն են ուղեկցում Ա եւ Բ ծաղրածուները, որոնց մարմնավորում են համապատասխանաբար Գոհար Կարապետյանն ու Սամվել Դանիելյանը: Ծառա եղբայրներն էլ Համոն ու Սարոն են` Հայկ Մարգարյանն ու Գրիգորի Հակոբյանը: Իսկ աղա Կարապետի եւ տիկին Նունուֆարի դերերում Իշխան Ղարիբյանն ու Անի Բայաթյանն են: Մյուզիքլում կան նաեւ երկրորդական դերեր` տիրացու, ոստիկան, վարսահարդար, ծաղկավաճառ  ու մրգավաճառ: «Տերն ու ծառան» Իշխան Ղարիբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այն շատ հետաքրքիր ու գունեղ բեմադրություն է. «Նախ ասեմ, որ այս մյուզիքլը  ռուսերեն տարբերակով ու միանգամայն այլ սցենարով Վիգեն Ստեփանյանը բեմադրել էր Ռուսական դրամատիկական թատրոնում, որն «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է լավագույն երաժշտական ձեւավորում անվանակարգին»: Նրան ամեն անգամ հաճույք է պատճառում Վիգեն Ստեփանյանի հետ աշխատելը: Իշխան Ղարիբյանը կարծում է, որ Թումանյանի այս հեքիաթում արծարծված թեման ավելի շատ մեծերի համար է. «Նրանց մտածելու տեղ է տալիս կյանքի, շրջապատի մասին»: «Տերն ու ծառան» Տիկին Նունուֆար Անի Բայաթյանն էլ, մեջբերում անելով մյուզիքլից, ասաց. «Թող լսեն մեծերն ու փոքրերը. սա տարիքային սահմանափակում չունի, իմ կարծիքով, ոչ շատ փոքր` 12-13-ից մինչեւ անվերջության համար է այս ներկայացումը»: Անին Վիգեն Ստեփանյանի հետ աշխատել է նաեւ «Շունն ու կատուն» մյուզիքլի ժամանակ. «Շատ հաճելի է նրա հետ աշխատելը, բեմում նա մի ուրիշ էներգիա  է մեզ տալիս»: Իսկ ծառաներից Գրիգորի Հակոբյանն էլ նշեց, որ արդեն չորրորդ անգամ է` համագործակցում է Վիգեն Բորիսիչի հետ. «Ասեմ, որ նրա ներկայացումներում գրեթե միշտ առաջնային դերեր եմ խաղում: Իմ կարծիքով, թե Վիգեն Բորիսիչը, թե մեր անձնակազմը ամեն ինչ անթերի է արել»: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները տրամադրել է Վլադ Մուրադյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին