×


Աբել Աբելյան. “Հանդիպումից կապտուկներով վերադարձա”

Փաստեր. Ծնվել է 1978 թվականին Երեւանում: Ավարտել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը: Մեկ տարի սովորել է Մոսկվայի թատերական արվեստի ակադեմիայում: Ուսանողական տարիներից սկսած՝ 10-ը տարի աշխատել է  Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում որպես դերասան: Նկարահանվել է Գոռ Վարդանյանի “Խավարման օրը”, “Չգրված օրենք” ֆիլմերում, “Փախուստ”, “Կյանքի գինը”, “Վերադարձ” հեռուստասերիալներում: 2007 թվականին հիմնել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հաղորդավարների ստուդիա: Աշխատել է “Յան TV”, “Շողակաթ”, “հ2”, “Ար” հեռուստաընկերություններում:

Աբել Աբելյան."Շատ եմ սիրում ոչ թե ծխախոտը, այլ բացառապես ծխելու պրոցեսը"


-Սովորաբար փոքր հասակում հատկապես տղա երեխաներն այնքան էլ խելոք չեն լինում: Իսկ ինչպիսի՞ երեխա է եղել Աբելը:

-Խելոք: Այո՛, փոքր ժամանակ շատ խելոք եմ եղել, սակայն դա եղել է մինչեւ վեց տարեկանս: Իսկ դրանից հետո արդեն շատ եմ փոխվել: Անգամ չկար օր, որ վեճեր չլինեին կամ կռիվ չանեի մեր բակի երեխաների հետ: Հաճախ էլ այդ կռիվները “լուրջ” ինչ-որ հետեւանքներ էին ունենում:

-Գիտեմ, որ վախենում եք ինքնաթիռից: Իսկ փոքր ժամանակ արդյոք ցանկություն չի՞ եղել դառնալ օդաչու:
 
-Այո՛, ինչպես նշեցիք, փոքր տարիքում ինքնաթիռ շատ եմ սիրել: Եվ օդաչու դառնալն իմ երազանքն էր, սակայն որոշ ժամանակ անց հասկացա՝ պարզապես սարսափում եմ ինքնաթիռ նստելուց անգամ: Իսկ հետո երազում էի դառնալ նավապետ,  ունենալ իմ սեփական նավը, թերեւս մեծ մասամբ երազել եմ նաեւ դառնալ ծաղրածու: Այլ կերպ ասած՝ օրը մի բան էի երազում դառնալ, իսկ թե ինչ դարձա...

Աբել Աբելյան."Փոքր ժամանակ շատ խելոք եմ եղել, սակայն դա եղել է մինչեւ վեց տարեկանս"


-Կա՞ մարդ կամ մարդիկ, որոնց պարտական եք Ձեր հաջողությունների համար:

-Նախ եւ առաջ ընտանիքիս՝  հատկապես մորս եմ պարտական: Հայրս՝ Ալեքսանդր Լազարյանը, դերասան էր, մայրս՝ Ադա Աբելյանը՝ ռեժիսոր: Սովորել եմ Երվանդ Ղազանչյանի արվեստանոցում, նրանից բավական մարդկային որակներ եմ յուրացրել: Լինելով երեւանցի տղա՝ ես էլ շատ բան փողոցում եմ սովորել: Բայց երբ երեկոյան տուն ես վերադառնում եւ ճիշտ դաստիարակություն ստանում, ամեն ինչ տեղն է ընկնում:

-Հիշու՞մ եք՝ առաջին սիրո խոստովանությունը որ տարիքում եք արել:

-Արել եմ առաջին դասարանում: Շատ լուրջ սիրահարվել էի իմ կողքին նստող աղջկան, որի անունը, ցավոք սրտի, չեմ հիշում: Շատ լուրջ մտադրություններ ունեի իր հետ կապված: Ու մի օր էլ գնացի տուն, մորս ասացի, որ ուզում եմ ամուսնանալ: Մայրս էլ ինձ շատ լուրջ էր պատասխանում, եւ ես տարվել էի այդ աղջկանով: Սակայն մեկ օր էլ նրա եղբայրն ինձ հետ հանդիպեց, ինչից հետո ես կապտուկներով ետ վերադարձա: Թերեւս այդ տարիքում էլ ամեն ինչն ուներ իր հետաքրքրությունը:

Աբել Աբելյան."Նախընտրում եմ առավել էժան, բայց գեղեցիկ, քան շատ ճոխ ու թանկ նվերը"


-Իսկ մասնագիտություն ընտրելիս կանխորոշվա՞ծ էր ծնողների ուղին, թե՞ սեփական նախաձեռնությամբ ընտրեցիք թատերական ոլորտը:
 
-Մեր ժամանակ տնտեսագիտական ֆակուլտետ ընդունվելը նորաձեւ էր: Ես էլ շատ լուրջ դեմքով որոշեցի տնտեսագետ դառնալ: Բախտի բերմամբ, թե պատահմամբ, չընդունվեցի: Մայրս դասավանդում էր Թատերական ինստիտուտում, առաջարկեց այդտեղ էլ դիմել: Սկզբից հրաժարվեցի, բայց գնացի եւ ընդունվեցի:

-Ինչպիսի՞ ուսանող եք եղել:

-Առաջին կուրսում դեռեւս չէի գիտակցում, թե որտեղ եմ սովորում եւ ուր եմ եկել, եւ ավելի շատ ինչ-որ վեճերի մեջ էինք լինում աղջիկների համար: Ամբողջ օրը թղթախաղ էինք խաղում: Մի օր էլ մայրս զգուշացրեց, որ բավական է ինչքան իրեն խայտառակեցի: Այնուհետեւ սկսեցի ավելի շատ ժամանակ հատկացնել ուսմանս: Թերեւս նշեմ, որ առավել լավ էի սովորում մասնագիտական առարկները:

Աբել Աբելյանը


-Իսկ կայի՞ն նկարահանվելու առաջարկներ:

-Այո՛: Դեռ երրորդ կուրսում էի սովորում, երբ առաջարկ ստացա խաղալու Գոռ Վարդանյանի “Խավարման օրը” ֆիլմում: Եվ շատ ուրախ եմ, որ այդ ամենը շարունակական եղավ:

-Վերջերս հարցազրույցներից մեկում նշել էիք, որ այլեւս չեք նկարահանվելու սերիալներում: Ո՞րն է պատճառը:

-Առաջին հերթին՝ իմ զբաղվածությունը: Դրա հետ մեկտեղ նաեւ հեռուստասերիալների այդչափ երկարելը, ինչ ես չեմ սիրում: Կրկին կնկարահանվեմ, եթե սերիալն ասելիք ունենա եւ չգերազանցի սերիաների ռեկորդակիր ինչ-որ թիվ, որպեսզի հեռուստադիտողն էլ չձանձրանա:

-Գիտեմ, որ շատ եք օգտագործում ծխախոտ: Ինչպե՞ս կվարվեք, եթե մի օր Ձեզ արգելեն ծխելը:

-Շատ եմ սիրում ոչ թե ծխախոտը, այլ բացառապես ծխելու պրոցեսը եւ իսկապես փոքր-ինչ չարաշահում եմ: Իսկ անհրաժեշտության դեպքում կարող եմ եւ հրաժարվել ծխելուց:

-Ճաշատեսակներից սիրում եք հնդկացորենը(գրեչկա): Իսկ ո՞ւմ պատրաստածն եք նախընտրում:

-Շատ եմ սիրում, քանզի մերօրյա ուտելիքների մեջ շատ քիչ են լավերը: Իսկ դա ինձ համար իսկապես այն ուտելիքն է, որ անգամ կիսաեփ վիճակում կարող եմ ուտել եւ չհամբերել մինչ վերջնական եփելը: Կարծում եմ, որ կարելի է կողմնակից լինել մի ուտելիքի, որից վնաս չկա: Իսկ վերջին անգամ ինձ համար պատրաստել է կինս եւ շատ համեղ:

-Իսկ Ձեր ստացած ծննդյան անմոռանալի նվերը ո՞րն է:
 
-Նախընտրում եմ առավել էժան, բայց գեղեցիկ, քան շատ ճոխ ու թանկ նվերը: Հիշեցի, որ իմ կոլեգաներից մեկը շոկոլադի տեսքով պատրաստել էր ինձ՝ ծխախոտը ձեռքիս: Ուսանողներիցս մեկն էլ պատի ժամացույց էր նվիրել, որի մեջ իմ նկարներն էին: Մի խոսքով, եթե թվեմ, իսկապես շատ են:

Զրուցեց Դիանա Մանուկյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Աբել Աբելյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW