×


Ամառ, սեր եւ բարձր տրամադրություն Աստղիկ Սաֆարյանից :)

Աստղիկ Սաֆարյանը երեկ գրեթե ողջ օրը Երեւանի բարձրահարկ շենքերից մեկի տանիքին էր, իսկ առիթը` նոր տեսահոլովակի նկարահանում: Տանիքի որոշ հատված նկարահանող անձնակազմը վերածել էր գունեղ տաղավարի, որտեղ երգչուհին եւ նրա հետ նկարահանվող երիտասարդները պարում էին ու երգում: “Shalom” երգի հեղինակն Աստղիկն է, իսկ երաժշտական պրոդյուսերը՝ ԱՄՆ-ում բնակվող Արտյոմ Հակոբյանը՝ Artem Valter-ը:

Աստղիկ Սաֆարյանը


BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին պատմել է, որ երգի անգլերեն տեքստը գրելիս ոգեշնչվել է Մոսկվայում բնակվող իր հրեա ընկերոջից.“Նա ակամա դարձավ այս երգի հերոսը, ինչի համար շնորհակալ եմ, բայց քանի որ Երեւանում չէ, իր փոխարեն նկարահանվել է հայ տղա: Իսկ երգն այն մասին է, թե շփման մեջ որքան են միմյանց վրա ազդեցություն թողնում տարբեր ազգերի մարդիկ, ու որքան էլ հարազատ են, այնուամենայնիվ, տարբեր են: Սյուժեում կերեւա, որ ընդունելով ու հարգելով մյուսների մշակույթը,  գերադասելի է չկորցնել հայի դիմագիծը: Հիանալի կլինի, եթե մեր մշակույթը մյուս ազգերի ներկայացուցիչներին գեղեցիկ ներկայացնենք ու ինչ-որ չափով մեզ մոտեցնենք: Ի դեպ, հրեա ընկերս գիտի, որ իր կերպարը լինելու է տեսահոլովակում եւ սպասում է պրեմիերային”:

Աստղիկ Սաֆարյանի նոր տեսահոլովակի նկարահանումներին


Փոփ-ռոք երգչուհին նաեւ հայտնել է, որ տեսահոլովակում կներկայանա հինգից ավելի կերպարով.“Այնքան շատ եմ զգեստափոխվում, որ հաշիվը կորցրել եմ:): Իսկ սանրվածքս ու դիմահարդարումս վստահել եմ Անի Ավդալյանին եւ Սվետլանային: Հուսով եմ՝ այս ռիթմիկ երգը կլինի մի մեծ բարեւ իմ լսարանին: Ինքնաքննադատ եմ, բայց կարծում եմ՝  հիթային երգ է ստացվել: Մեծ հույս ունեմ, որ սրտանց կատարած աշխատանքս կգնահատվի”:

Տեսահոլովակի ռեժիսորն Արմեն Փիրիմասիհին է, ում Աստղիկը վաղուց է ճանաչում, բայց առաջին անգամ են աշխատում.“Երբ իմացա, որ սկսել է տեսահոլովակներ նկարահանել, վստահելով իր ճաշակին` առաջարկեցի ստանձնել նոր տեսահոլովակիս նկարահանման գործը: Երբ ասացի, որ տանիքում նկարվելու գաղափար ունեմ, ժպտաց, թե նույն միտքն ունի: Ընդհանրապես մեր շատ գաղափարներն են համընկնում, երեւի դրա համար էլ ջերմ մթնոլորտում ենք աշխատում, լարվածություն չկա, նկարահանվող երեխաներն էլ ինձ հետ արեւի տակ վառվել են, բայց կարեւորն արդյունքն է:)”:

Աստղիկ Սաֆարյանը եւ ռեժիսոր Արմեն Փիրիմասիհին


Ռեժիսորը մեզ հետ զրույցում հայտնել է, որ նկարահանվող կազմը դերասաններ չեն, այլ ինքնատիպ արտաքնով երիտասարդներ.“Երգը լսելով` պատկերացրի գույներ, ամառ, սեր ու բարձր տրամադրություն: Դրական մթնոլորտն ապահովում են երիտասարդները, իսկ հրեա հերոսն ի վերջո ավելի է մոտենում հայ մշակույթին: Մենք ազգային խտրականություն չենք դնում, բայց մեր ազգն ավելի ենք սիրում”:

Տեսահոլովակի օպերատորն է Արամ Խաչատրյանը, ռեժիսորի օգնականը` Անահիտ Մելքոնյանը, իսկ ստուդիայի պրոդյուսերը՝ Ալեն Գասպարյանը: Պրեմիերան նախատեսված է հունիսին:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW