×


“Ամերիաբանկ”-ը պարգեւատրել է “Ես ազատ եմ” մրցույթի հաղթողներին

“Ամերիաբանկ”-ը, կարեւորելով ազատության դերը յուրաքանչյուր մարդու կյանքում, նրա ձգտումներում եւ գործողություններում, “Ավելին իրագործելու ազատություն” կարգախոսի ներքո նոյեմբերի 13-ից դեկտեմբերի 13-ը հայտարարել էր առցանց մրցույթ “Ես ազատ եմ” թեմայով: Բոլոր ցանկացողները հնարավորություն ունեին լուսանկարի կամ տեսանյութի միջոցով ազատ արտահայտել սեփական պատկերացումներն ու ցանկություններն ազատության վերաբերյալ:

“Ամերիաբանկ”-ը պարգեւատրել է “Ես ազատ եմ” մրցույթի հաղթողներին :)


Մրցույթին ներկայացված աշխատանքների օգտին քվեարկությունը տեւել է մինչեւ դեկտեմբերի 20-ը, իսկ հաղթողները երեկ` դեկտեմբերի 24-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պարգեւատրվել են:):

“Ամերիա” ընկերությունների խմբի Զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը հայտարարել է հաղթողների անունները` նշելով, որ մրցույթի պայմանների համաձայն` մրցանակների ընտրության հարցում հաղթողներն ազատ են.“Մեզ համար անսպասելի էր, որ մրցույթին կմասնակցի շուրջ 2100 մարդ: Բոլոր տեսանյութերն ու լուսանկարներն անցել են առաջնային դիտարկում, որի ժամանակ ստուգվել է դրանց համապատասխանությունը մրցույթի պայմաններին, հետո հրապարակվել են “Ամերիաբանկ”-ի “ֆեյսբուքյան” պաշտոնական էջում, իսկ տեսանյութերը` բանկի YouTube-ի պաշտոնական էջում”:

“Ամերիա” ընկերությունների խմբի Զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը


“Ես ազատ եմ” մրցույթի ամբողջ ընթացքում ստացված լուսանկարներից ընտրվել են լավագույն 20-ը, ընդ որում, դրանցից 10-ը եղել են “ֆեյսբուքյան” օգտատերերի շրջանում առավելագույն ձայներ հավաքածները, մյուս 10 լուսանկարն էլ ընտրվել է բանկի աշխատակիցների քվեարկության արդյունքներով: Համակցված քվեարկության արդյունքում հաղթող ճանաչված 3 լուսանկարի եւ 3 տեսանյութի հեղինակներն էլ արժանացել են առաջինից երրորդ տեղերի համար հայտարարված մրցանակներին:

Ինչպես հայտնել է Տիգրան Ջրբաշյանը, անձնակազմի համար որքան անսպասելի, այնքան էլ տպավորիչ ու հաճելի է եղել տեսնել մասնակիցների ստեղծագործական գաղափարները.“Հատուկ մրցույթի համար բացված esazatem.am կայքն այս շաբաթների ընթացքում շուրջ 25 հազար այցելու է ունեցել: Իրականում շատ դժվար էր մրցույթը համակարգելը, քանի որ աննախադեպ քանակությամբ լուսանկարներ ու տեսանյութեր էինք ստանում”:

"Ես ազատ եմ" մրցույթում առաջին տեղը զբաղեցրած լուսանկարը


Եվ այսպես, “Ես ազատ եմ” լուսանկարների մրցույթում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Միքայել Համբարձումյանը, որն այժմ Գերմանիայում է եւ նրա մրցանակը ստացել են ծնողները, երկրորդը Սարգիս Վիրաբյանն է, երրորդ տեղում է Դավիթ Սաֆարյանը, որն օրեր առաջ մեկնել է ծառայության Հայաստանի զինված ուժերում: Իսկ տեսանյութերի մրցույթում առաջինն Արթուր Գեւորգյանն է, երկրորդ լավագույն արդյունքը գրանցել է Օվսաննա Հովսեփյանը, երրորդ տեղում էլ Արմեն Սարգսյանն է:

Առաջին  տեղը գրաված լուսանկարի ու տեսանյութի հեղինակները ստացել են հնարավորություն մեկ շաբաթով մեկնել իրենց նախընտրած եվրոպական քաղաքը, իսկ ուղեւորության արժեքը կազմում է մինչեւ 1 մլն 200 հազար դրամ: Լուսանկարիչ Արթուր Lumen Գեւորգյանն ազատության իր ընկալումները ներկայացրել էր ոչ թե լուսանկարով, այլ` տեսանյութով.“Հետաքրքրությամբ եմ մասնակցել. մեկից ավելի կադրերի միջոցով եւ ընկերներիս շնորհիվ ավելի ամբողջական ցուցադրեցի ազատության գաղափարը: Շատ ուրախ եմ, որ ինձ տրվեց ճամփորդելու հնարավորություն, որն անպայման կօգտագործեմ:)”,-BRAVO.am-ին ասել է Արթուրը:

Լուսանկարիչ Արթուր Գեւորգյանը եւ “Ամերիա” ընկերությունների խմբի Զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը


Երկրորդ տեղը գրաված լուսանկարի ու տեսանյութի հեղինակները հնարավորություն են ստացել ձեռք բերել իրենց նախընտրած թվային սարքավորումը,
մասնավորապես՝  համակարգիչ (PC), շարժական համակարգիչ (laptop), պլանշետ (tablet), խելախոս (smart phone), թվային տեսախցիկ (digital video camera), թվային լուսանկարչական սարք (digital photo camera)` մինչեւ 600 հազար դրամ արժեքով։

Սարգիս Վիրաբյանի` Վարդավառի արարողությունը պատկերող լուսանկարն է զբաղեցրել երկրորդ հորիզոնականը: Լուսանկարիչն այդ կադրը ֆիքսել է Մասիսի շրջանի Մարմարաշեն գյուղում եւ մրցույթի մասին տեղեկանալուց հետո հաղթելու ակնկալիքով որոշել է մասնակցել.“Լավ մրցույթների սիրահար եմ, այս անգամ էլ ակտիվ հետեւել եմ ընթացքին, իսկ ներկայացված թվային սարքավորումներից որոշել եմ ընտրել ֆոտոխցիկը”:

Օվսաննա Հովսեփյանը եւ Տիգրան Ջրբաշյանը


Երկրորդ հորիզոնականում է նաեւ “Դինգո” հասարակական կազմակերպության նախագահ Օվսաննա Հովսեփյանի` շների եւ մարդկանց փոխհարաբերությունների մասին տեսագրությունը: Նա մրցանակներից նախընտրել է վերցնել գումարը` կարեւոր նպատակի համար.“Քանի որ մեր նպատակը ոչ միայն գաղափարի տարածումն էր, այլեւ անտուն շներին եւ կատուներին օգնելն ու ստերջացնելը, գումարը ծախսելու ենք կենդանիների բժշկական պարտքերը փակելու համար”:

Երրորդ տեղը զբաղեցրած լուսանկարի ու տեսանյութի հեղինակները ստացել են “Ամերիաբանկ”-ի Visa Gift նվեր քարտ` 150 հազար դրամ մրցանակային ֆոնդով, ինչը հնարավորություն կընձեռի ազատ տնօրինել շահած գումարը: Այս հորիզոնականում հաղթած տեսանյութի հեղինակն Արմեն Սարգսյանն է, որը զբաղվում է պարապլաներային սպորտաձեւով եւ թռիչքների ժամանակ հաճախ է իր ընկերներին նկարահանում` որպես հուշ նվիրելու համար: Ինչպես մեզ հետ զրույցում է նշել, հենց այդ տեսանյութերից մեկն էլ արժանացել է ժյուրիի ուշադրությանը:):

BRAVO.am-ը եւ “Ամերիաբանկ” ՓԲԸ-ն շնորհավորում են “Ես ազատ եմ” մրցույթի հաղթողներին: Նրանց հաջողություն բերած աշխատանքները ներկայացնում ենք նաեւ մեր ընթերցողներին:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/





Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW