×


Այլին Խաչատուրյանի առաջին համերգը Երեւանում եւ արգելված տեսահոլովակը Բեյրութում

Այլին Խաչատուրյանը սեպտեմբերի 12-ին առաջին անգամ երգել է Երեւանում: Ակումբային մենահամերգի սկզբում ներկաները դիտել են նրա տեսահոլովակները, ապա բուռն ծափահարություններով դիմավորել լիբանանահայ ռոք-երգչուհուն, որը կատարում է հայալեզու եւ անգլալեզու երգեր:

“Ընտանիքում հայերեն ենք խոսում, հայերեն գրել ու կարդալ գիտեմ. ես հայ եմ”


Այլինը երկրորդ անգամ է հայրենիքում, իր կողմից սպասված համերգը կայացել է “Deem Communications” ընկերության հրավերով: Երգչուհին հույս ունի` հովանավորներ գտնելու դեպքում կրկին ելույթ կունենա հայաստանցիների համար. “Այս անգամ իմ բենդի հետ չեմ եկել: Ակուստիկ մենահամերգն ավելի շատ ծանոթացում է հայ հանդիսատեսի հետ, քանի որ Երեւանում շատերը կան, որ ծանոթ չեն իմ երաժշտությանը: Լիբանանում էլ սկզբում ինձ ճանաչում էին միայն հայերը, հետո սկսեցի մասնակցել ռոք-փառատոնների, որոնց ժամանակ այլազգիներն էլ սկսեցին լսել երգերս”:

Այլին Խաչատուրյանի երեւանյան առաջին համերգին


Երգչուհին հավանել է Երեւանն ու երեւանցիներին, այդ մասին ասաց նաեւ երեկոյի սկզբում: “Արտասովոր ու աղվոր է Երեւանի մեջ երգելը, շատ-շատ ուրախ եմ, որ երգելու եմ հայրենիքիս մեջ”, - բեմից ողջունել է նա ու առաջինը կատարել “Սարի սիրուն յար” երգը: Մենահամերգի ընթացքում Այլինին նվագակցել է կիթառահար Րաֆֆի Վարդանյանը:

“Սիրեցի, յարս տարան”,  “Դլե յաման”, “Օրոր”, “Գարուն ա” ու հայկական այլ երգեր Այլինը կատարում է ռոքային մեկնաբանությամբ, իր փոխանցմամբ` նոր հնչողությամբ գործերը երիտասարդները հավանում են, իսկ մեծահասակները, սովոր լինելով ունկնդրել ժողովրդական տարբերակները, այնքան էլ չեն ողջունում իր ռոքային կատարումները. “Նոր սերունդն ավելի շատ ռոքի, փոփի սիրահար է, ավանդական երգերը ռոք ոճով նրանց ավելի հասանելի է”:

“Արտասովոր ու աղվոր է Երեւանի մեջ երգելը”. Այլին Խաչատուրյան


“Զարթիր որդեակ” հայտնի ստեղծագործությունը, որն Այլինի երգացանկի անբաժանելի երգերից  է, 2010-ի ապրիլին ցուցադրվել է Լիբանանի հեռուստատեսությամբ, սակայն տեղի անվտանգության ծառայության կողմից դրա ցուցադրումն արգելվել է. “Նրանք մտածում էին, որ իմ տեսահոլովակը վատ կանդրադառնա Լիբանան-Թուքիա փոխհարաբերությունների վրա: Որպես հայ ինձ համար շատ կարեւոր հարց է, որովհետեւ մեծ հայրս Եղեռն է տեսել, փոքրուց լսել եմ պատմությունները: Արգելքն ինձ չընկճեց. համերգներիս ժամանակ, որոնք տեղի են ունենում Լիբանանում կամ օտար երկրում, միշտ խոսում եմ Ցեղասպանության մասին, ուզում եմ “մեսիջ” հասցնեմ օտարներին, որոնք չեն լսել հայերի պատմության մասին:  Բայց ալբոմիս բոլոր երգերը Եղեռնի մասին չեն, միայն մեկ-երկու ստեղծագործություն, որոնք պատմում են իմ հայկական ինքնության մասին”:

Այլինին նվագակցել է կիթառահար Րաֆֆի Վարդանյանը


Այլին Խաչատուրյանը ծնվել է 1978 թվականին Բեյրութում` դաշնակահարների ընտանիքում: Սովորել է Բեյրութի Հռիփսիմյանց հայկական վարժարանում. “Ընտանիքում հայերեն ենք խոսում, հայերեն գրել ու կարդալ գիտեմ. ես հայ եմ”, հպարտությամբ ասել է երգչուհին:

Նա կրթություն է ստացել Կանադայում եւ Ֆրանսիայում, տարիներ շարունակ ելույթ է ունեցել լիբանանահայ դաշնակահար Գի Մանուկյանի հետ: 19 տարեկանում ձայնագրել է իր առաջին երգը արաբական ջազ ոճով, ապա, Լիբանանից Դուբայ տեղափոխվելով, աշխատել է իր առաջին ձայնասկավառակի վրա, որ ավատին է հասցրել 2008-ին` անվանելով “Իմ տուն”:  Այս ալբոմը հաղթող է ճանաչվել Լոս Անջելեսում կայացած 10-րդ “Armenian Music Awards” մրցանակաբաշխության “Լավագույն ռոք ալբոմ” անվանակարգում:

Այլին Խաչատուրյանն առաջին անգամ երգել է Երեւանում


Ի դեպ, սեպտեմբերի 2-ին Սերժ Թանգյանի` Լիբանանում տեղի ունեցած համերգին երգել է նաեւ Այլինը. “Սերժը շատ հաճելի անձնավորություն է, հիանալի արտիստ է` հիանալի ձայնով: Մեծ հաճույքով շփվեցի հետն ու ինձ համար հպարտություն էր, որ նույն բեմի վրա կերգեմ”:

Ռոք երգչուհին այս շրջանում պատրաստում է իր նոր ալբոմը, որը կթողարկվի 2013-ին: CD-ում ընդգրկվելու են իր հայկական ինքնության մասին անգլալեզու երեք երգ, ինչպես նաեւ Րաֆֆի Վարդանյանի հեղինակած “Թիթեռնիկ” ստեղծագործությունը:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/



Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW