×


Անդո.«Դա եղավ կնոջս առաջին եւ վերջին նկարահանումը»

Ռաֆայել Երանոսյանի հետ ընկերանալու առիթի, Մկրտիչ Արզումանյանի հետ վերջին համագործակցության, կնոջ` Մերիի հետ ոչ սովորական ծանոթության եւ այն մասին, թե ինչի է պատրաստ հանուն դստեր, դերասան, հումորիստ Անդրանիկ Հարությունյանը պատմել է BRAVO.am-ին: Ներկայացնում ենք նաեւ նրա ընտանիքի տոնական ֆոտոշարքը:

Աշխատելով Հայկոյի եւ Մկոյի հետ

Առաջին սկետչը «Կարգին հաղորդման» շրջանակում եղել է 2004 թ.-ի սկզբին: Առաջին փորձերից անմիջապես հետո տղաները հասկացան, որ, ինչու չէ, կարելի է ընդգրկել` որպես երկրորդական դերասան, եւ սկսեցինք միասին աշխատել: Ասեմ ավելին` մինչեւ հիմա էլ աշխատում ենք Հայկի հետ` նկարահանվելով ֆիլմերում, իսկ Մկոյի հետ վերջին համագործակցությունը եղել է «Կարգին սերիալը», քանի որ դրանից հետո իրենց միջեւ տարաձայնություններ եղան ինչ-ինչ պատճառներով:

Անդրանիկ Հարությունյանի ընտանիքը


Ծանոթություն Ռաֆոյի հետ

Ռաֆայել Երանոսյանն այդ տարիներին սովորում էր «Հայֆիլմ» կինոստուդիայում եւ զուգահեռ աշխատում էր մի բարում` որպես բարմեն: Բարեբախտաբար, ես այնտեղ հաճախ էի լինում, ծանոթացանք, հասկացա` շատ տաղանդավոր մարդը չպետք է աշխատի բարում, հասցրինք լավ ընկերանալ, Կամերային թատրոնի տնօրենին առաջարկեցի, որ նրան, որպես լավ դերասան, ընդգրկեն ներկայացումներում: Եվ առաջինը, որում խաղաց Ռաֆոն, «Արմագեդոնն» էր։ Հետո սկսեցինք միասին աշխատել «Նոր ալիք»-ում` ներկայացնելով «Անհաջողակները» սկետչային ձեւաչափի հաղորդումը։

Ռաֆո եւ Անդո դուետի մասին

Մենք ընկերացանք, հասկացանք, որ միասին հեշտ է աշխատելը եւ ինքնըստինքյան դարձանք դուետ: Բայց ասեմ, որ մեր ազգը միշտ համեմատում է ամեն ինչ. հաճախ էին ասում, թե նմանակում ենք Հայկոյին ու Մկոյին, գուցե պատճառն այն էր, որ կերպարային զգեստները, որոնք օգտագործվում էին «Կարգին հաղորդման» մեջ, նաեւ մենք էինք օգտագործում… Չնայած` ազգային գիծ է համեմատելը, նմանեցնելն ու դժգոհելը… (մտահոգ ժպիտ):

Անդրանիկ Հարությունյանի ընտանիքը


Թանկ հաճույք

Հաճախ Ռաֆոն ասում է, որ հեռուստաընկերություններն այդքան ֆինանս չեն կարող տրամադրել Ռաֆո եւ Անդո դուետի համար, որովհետեւ իսկապես թանկ հաճույք է (Ծիծաղ): Վերջերս միասին աշխատեցինք «Դեպուտատի շոու»-ում, մի խոսքով` Անդո-Ռաֆո զույգը, չնայած շատ ասեկոսեների եւ դժվարությունների, նաեւ դադարների, միշտ եղել է, կա ու կլինի(ժպիտ):

Համերգային շրջագայությունների մասին

Ես եւ Ռաֆոն երկու ամսով թատրոնից արձակուրդ վերցրինք, որպեսզի մեկնենք Ռուսաստանի քառասուն քաղաք՝ համերգներ վարելու։ Շատ լավ անցան. հանդիսատեսը ջերմ էր, իհարկե, որոշ քաղաքների համայնքների ղեկավարներ այդքան էլ լավ չպահեցին իրենց, բայց ընդհանուր առմամբ շատ լավ ու դրական էներգիա ստացանք։ Չնայած` քառասուն քաղաքից ընդամենը տասնյոթում եղանք ինչ-ինչ պատճառներով, բայց ամեն բան լավ անցավ:

Անդրանիկ Հարությունյանի կինը` Մերին


Կնոջ հետ ծանոթության նախապատմությունը

Իսկապես հետաքրքիր ստացվեց իմ եւ կնոջս` Մերիի ծանոթությունը. 2008թ.-ին «Կարգին հաղորդման» հերթական սկետչի համար պետք էր սիրուն աղջիկ գտնել, ով կնկարահանվեր, եւ Աշոտ Մելոյանը, ով կարգավորում էր այդ հարցերը, զբաղված լինելու պատճառով ինձ խնդրեց օգնել, եւ ես էլ այդ տարիներին, անկեղծանամ, շատ բաբնիկ էի, միանգամից համաձայնեցի եւ սկսեցի սոցիալական ցանցերում բզբզալ։ Փնտրտուքներից հետո Արմեն Վարդանյանի ֆեյսբուքյան ընկերների մեջ գտա սիրուն աղջկան, եւ այդ նկարահանումը եղավ այդ սիրուն աղջկա առաջին եւ վերջին նկարահանումը, իսկ Արմեն Վարդանյանը դարձավ մեր հարսանիքի քավորը (լիաթոք ծիծաղ):

Դստեր համար


Դստերս` Էլենի ծննդով մեր կյանքը փոխվեց, որովհետեւ նա միանգամից լցրեց մեր առօրյան ու կենցաղը: Հայրիկ լինելը շատ պատասխանատու բան է, որովհետեւ եթե մինչ այդ մտածում էիր օրվա, պահի մասին, հիմա արդեն այլ կերպ է. օրինակ, եթե ունեմ մի առաջարկ, որն այդքան էլ սրտովս չէ, ժամանակին չէի համաձայնի, բայց հիմա կանեմ, իհարկե, չեմ ասում, որ կխաղամ դերեր, որոնք իսկապես իմը չեն, բայց կանեմ հնարավորինս ամեն բան ընտանիքիս բարեկեցության համար։

Տեքստը` Անահիտ Առաքելյանի/Bravo.am/
Լուսանկարները` Անդոյի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին