×


Անժելա Սարաֆյանը եւ Ջեյմի Քենեդին ներկա կլինե՞ ն “Lost and Found in Armenia”-ի երեւանյան պրեմիերային

Ամերիկաբնակ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը, որը հայտնի պարող Միհրանի եղբայրն է, իր նոր` “Կորած-մոլորվածը Հայաստանում”( Lost and Found in Armenia) ֆիլմը նոյեմբերի 22-ին կներկայացնի Երեւանում:

Անժելա Սարաֆյանը, Միքայել Պողոսյանը, Լեւոն Հարությունյանը եւ Հրանտ Թոխատյանը` "Lost and Found in Armenia"-ի նկարահանումներին


Ռոմանտիկ կատակերգությունում Միքայել Պողոսյանի, Հրանտ Թոխատյանի, Վաչիկ Մանգասարյանի, Արսեն Գրիգորյանի, Լեւոն Հարությունյանի, Վաչե Թովմասյանի հետ նկարահանվել են նաեւ հոլիվուդյան դերասաններ Անժելա Սարաֆյանը, Ջեյմի Քենեդին, Դեյլ Շերիդանը եւ այլք:

Ֆիլմի նկարահանումներն իրականացվել են դեռ 2011-ի սկզբին, ինչի մասին պատմել ենք: “Ամեն տեսարանն ինձ համար կարեւոր էր, եւ մենք մեկ գյուղով չենք սահմանափակվել ու նկարել ենք հայկական 14 գյուղում, բայց դրանց անունները չեմ ուզում բացահայտել, որ ֆիլմը չկորցնի իր յուրահատուկ ու հնարված տեսքը”, - BRAVO.am-ին ասել է Գոռ Կիրակոսյանը:

Ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը


Ռեժիսորի ակնկալիքն այս ֆիլմից մեծ է եւ շատ է ուզում, որ հայ հանդիսատեսն այն հավանի: “Lost and Found in Armenia”-ն ստեղծելու գաղափարը նա ունեցել է դեռ 2007 թվականից եւ ինչպես նշել է, “շատ ջանք է թափել ֆիլմը նկարահանելու համար”. “Մեր նպատակն այն էր, որ հանդիսատեսը միայն հայերը չլինեն, այդ իսկ պատճառով ֆիլմում հնչում է անգլերեն, հայերեն, ռուսերեն, թուրքերեն, գլխավոր հերոսն էլ ամերիկացի է: Կարծում եմ` դիտելով ֆիլմը, ամերիկացիները գլխավոր կերպարի նման կզգան պատմությունը”:

BRAVO.am-ի հարցին, թե ֆիլմի գլխավոր դերակատարներ Անժելա Սարաֆյանը եւ Ջեյմի Քենեդին արդյոք ներկա կլինեն երեւանյան պրեմիերային, ռեժիսորը հետեւյալն է պատասխանել. “Նրանք անընդհատ նկարահանումների մեջ են, բայց տեղյակ են պրեմիերայի մասին եւ խոստացել են ազատ լինելու դեպքում գալ Հայաստան”:

Անժելա Սարաֆյանը


“Lost and Found in Armenia” ֆիլմը Միացյալ Նահանգներում դեռ չի ցուցադրվել, սակայն հասցրել է մասնակցել Կանադայի Տորոնտո քաղաքում անցկացված  “Pomegranate Film Festival”-ին. “Այնտեղ ֆիլմն արժանացել է “Հանդիսատեսի համակրանք” մրցանակին: Նոյեմբերի 27-ին էլ Լոս-Անջելեսում մասնակցելու է “Arpa” կինոփառատոնին”, - տեղեկացրել է Գոռ Կիրակոսյանը:

Ֆիլմը թողարկել է Լոս-Անջելեսում հիմնադրված “Red Tie” կինոստուդիան, պրոդյուսերներն են` Մարալ Ջերեջյանն ու Վալերի Մաքքեֆրին, իսկ սցենարի հեղինակներն են` Գոռ Կիրակոսյանը, Նարեկ Ղափլանյանը եւ Քրիստ Մանարյանը:

Հրանտ Թոխատյանը եւ Միքայել Պողոսյանը` "Lost and Found in Armenia"-ի նկարահանումներին


Ռեժիսորի հարսանիքի կնքահայրը Հրանտ Թոխատյանն է

Ի դեպ, ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը վերջերս է ամուսնացել: Զույգի կնքահայրն ու կնքամայրը Հրանտ Թոխատյանն ու Լուիզա Ներսիսյանն են: Գոռի կինը` Լուիզան, մասնագիտությամբ փաստաբան է. “Մեր հարսանիքը շատ համեստ էր, թիթիզ բաներ չենք արել: Յուրահատուկ էր, որ ամուսնացանք շատ գեղեցիկ այգում: Լուիզան իմ աշխատանքի հետ այնքան էլ կապ չունի, ինձ միայն օգնում է, երբ պայմանագրեր պետք է ստորագրենք:)”:

Լուիզա Ներսիսյանը, Լեւոն Շարաֆյանը կնոջ հետ եւ Հրանտ Թոխատյանը` Գոռ Կիրակոսյանի հարսանիքին


Եւս մեկ  ֆիլմի պրեմիերա :)

“Կորած-մոլորվածը Հայաստանում”  ֆիլմից բացի Գոռ Կիրակոսյանը նկարահանել է նաեւ “Տոմս դեպի Վեգաս” ռուս-ամերիկյան արտադրության ֆիլմը, որի պրեմիերան Ռուսաստանում կկայանա դեկտեմբերի 27-ին. “Այս ֆիլմն էլ արված է Ռուսաստանի եւ, առհասարակ, ԱՊՀ երկրների համար, բայց հույս ունենք վաճառել նաեւ ամերիկյան շուկայում”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Գոռ Կիրակոսյանի անձնական արխիվից

 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW